Կոնսենսուսի բացակայություն՝ կոնսենսուսի մասին հայտարարության շուրջ

Ընդամենը երեք շաբաթ անց Հայաստանում պետք է ընդունված լինի նոր Ընտրական օրենսգիրքը։ Դեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հասարակական և քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նոր ԸՕ-ի ընդունման աշխատանքները պետք է ավարտված լինեն մինչև 2016 թ. հունիսի 1-ը, որպեսզի 2017 թ. խորհրդարանի ընտրություններն անցկացվեն «ավելի բարձր» վստահության մթնոլորտում։

«Մենք պատրաստ ենք ամենաբաց և ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձևաչափերում, որպեսզի ի վերջո ընդունենք նոր՝ լավագույն Ընտրական օրենսգիրքը։ Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ։ Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը և մեզ հետ հավասար կլծվեն այս կարևոր աշխատանքին»,- ասել էր Ս.Սարգսյանը։

Մարտ ամսին ԸO նախագծի շուրջ ակտիվ քննարկումներ ծավալվեցին «4+4+4» ձևաչափով։ Եվ բոլորը սպասում էին, թե ե՞րբ է, ի վերջո, կոնսենսուս ձևավորվելու։ Սակայն իշխանությունն այդպես էլ չհամաձայնեց ընդդիմության առաջադրած 5 պայմաններին, և գործընթացը, ըստ էության, մտավ փակուղի։ Թեև ընդդիմադիրները հայտարարեցին, որ դուռը փակ չէ, երբ իշխանությունը պատրաստ լինի ընդունել իրենց առաջարկները, բանակցությունները կշարունակվեն։

Երեկ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, սենսացիոն հայտարարություն արեց. Նա ասաց, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ֆորմատով քննարկումների արդյունքներով ներկայումս նախապատրաստվում է հայտարարություն՝ կոնսենսուսի վերաբերյալ։ Ըստ նրա՝ կոնսենսուսի լայն հնարավորություն կա, բայց եթե ոմանք այդ հայտարարությունը չստորագրեն, պետք է իրենք բացատրեն՝ ինչու, և այդ ժամանակ հասարակությունն ինքը կտա յուրաքանչյուր ուժի գնահատականը։

Կարդացեք նաև

Ա. Ռուստամյանը պնդեց, որ ԸՕ նախագծում ընդունված արձանագրումներն իրական այլընտրանք են այն բոլոր խնդիրներին, որոնք բարձրացվում էին քաղհասարակության կողմից։ «Այն, ինչ մենք տեսել ենք, բոլոր 5 պայմանները, որ նախապես ներկայացնում էին, դրանք բոլորը բավարարվել են, և թող իզուր էստեղ բաներ չփնտրեն։ Բանակցությունների փուլը կավարտվի, մենք կպնդենք, որ փաստաթուղթը հրապարակվի, իսկ ով չի միանա, թող իրենք բացատրեն, թե ինչու չեն միանում»,- ասաց Ա.Ռուստամյանը։

Ռուստամյանի այս հայտարարությունից ակնհայտորեն անակնկալի եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, սակայն այդպես էլ չբացահայտեց՝ ինքը տեղյա՞կ չէր հայտարարության մասին, թե՞ փաստաթուղթ, այնուամենայնիվ, պատրաստվում է, պարզապես Ռուստամյանը խախտել է դրա մասին առայժմ լռելու «ջենթլմենական» համաձայնությունը։ Լ.Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել Ռուստամյանի հայտարարությունը՝ մինչև նրա հետ ճշտելը։
«Եթե քննարկումների արդյունքով կոնսենսուս չի կայանում, ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել։ Եթե կողմերից մեկը չի մասնակցում, ուրեմն կոնսենսուս չկա»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը։

Միաժամանակ նա ուրախություն հայտնեց, որ իշխող կոալիցիայի մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են կոնսենսուսի մասին։ Նա փորձեց համոզել, թե ինքն առաջինն էր, որ անընդհատ խոսում էր կոնսենսուսի հնարավորության մասին, և, եթե դա հեռանկարային չլիներ, այդքան էներգիա չէր ծախսի։ Բայց, ըստ նրա, սա երաշխիք չէ, որ կոնսենսուսը կիրագործվի։ Լ.Զուրաբյանի խոսքով՝ բարդ գործերի խնդիրը հենց դա է, որ կարող է տապալվել, բայց, հասկանալով պատասխանատվությունը, պետք է գործընթացը տանել առաջ. «Դժվարությունները շատ-շատ են։ Ամեն մի զիջումն իրենց համար նշանակում է՝ 50 հազար քիչ կեղծված ձայն, բայց փորձում ենք։ Քիչ ժամանակ է մնացել, պետք է մեր ջանքերը եռապատկենք»։

«4+4+4» ֆորմատով քննարկումների արդյունքներով կոնսենսուսի հայտարարության մասին փաստաթղթի մշակման մասին տեղեկատվությունն անակնկալի բերեց նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին։ Մեզ հետ զրույցում նա ինքը հարցադրում արեց, թե ինչի՞ շուրջ է լինելու այդ կոնսենսուսը։
«Մենք առաջարկել ենք, որ գոնե այն հարցերի շուրջ, որտեղ կա կոնսենսուս, արագ դիմել դոնոր կազմակերպություններին՝ ընտրատեղամասերում տեսանկարահանումների և էլեկտրոնային մատնահետքով քվեարկության համար։ Գոնե այդ հարցերի շուրջ, որտեղ մի քանի քաղաքական ուժեր համակարծիք են, միջազգային դոնոր կազմակերպությունները և ԵՄ դեսպանություններն ասում են, որ, եթե ուզում եք՝ այդ հարցերը լուծվեն, ժամանակը կարճ է, դիմեք»,- ասաց Ն.Զոհրաբյանը։

«Մենք միշտ էլ կողմ ենք եղել, որ, եթե չկա ամբողջական կոնսենսուս, գոնե որոշակի հարցերի շուրջ լինի մասնակի կոնսենսուս»,- հավելեց պատգամավորը՝ նկատելով, որ դրա շուրջ էլ որևէ փաստաթղթի մշակման մասին ինքը տեղյակ չէ։

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում չժխտեց, որ հայտարարություն է նախապատրաստվում։ «Երբ ընդունվի, այն ժամանակ էլ կխոսենք։ Մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների ջանքերը, որպեսզի մենք ունենանք ընդհանուր մոտեցում՝ կոնսենսուս։ Եվ թե՛ մեր, թե՛ իրենց փոխադարձ քննարկումները և տարբեր մոտեցումները հստակեցնելը միտված է հենց դրան»։

Հ.Սահակյանը տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի աշխատանքային տարբերակի շուրջ քննարկումները շարունակվում են իր ղեկավարած հանձնաժողովում, մինչև ուրբաթ դեռ ժամանակ կա։ Իսկ ուրբաթ օրը Պետաիրավական հանձնաժողովի նիստում ԸՕ նախագիծը պետք է դրվի քվեարկության, որպեսզի արդեն հաջորդ շաբաթ քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
«Ժամանակից և գործողություններից առաջ ընկնել պետք չէ»,- հորդորեց Հ.Սահակյանը։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս