Նոր պատերազմի հրամայականը

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջացած էյֆորիան կամաց-կամաց իր տեղը զիջում է հանրային հիասթափությանը: Այդ էյֆորիայի հիմքում հասարակական համախմբվածությունն էր, Լեռնային Ղարաբաղը, Ղարաբաղով` նաև Հայաստանը պաշտպանելու մղումը, այդ մղման արդյունքում՝ սահմանին կանգնած զինվորների իսկական հերոսությունները:

Ինչպես այդ օրերին ասում էին գրեթե բոլորը, այդ էյֆորիան, էներգիան բացառիկ շանս էր բոլորի, բայց առաջին հերթին՝ իշխանության համար` նախկին արատավոր գործելակերպը դադարեցնելու, իսկապես սթափվելու համար: Իշխանությունը կարող էր եթե ոչ՝ կտրուկ քայլերով, ապա՝ գոնե համապատասխան ազդակներով ցույց տալ, որ պատրաստ է փոփոխություններ կատարել ներքին կյանքում` տնտեսական մենաշնորհների վերացման, ստվերային տնտեսության իրական` խոշորների հաշվին կրճատման, ներքաղաքական հարաբերությունները, քաղաքական օրակարգը ճղճիմ մակարդակից բարձրացնելու ուղղությամբ:

Իշխանությունը կարող էր վերջապես` զգալով հասարակության աջակցությունը, վերականգնել արժանապատիվ հարաբերություններն առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, դուրս գալ ստորադասի, կցորդի կարգավիճակից: Այդ ուղղությամբ ապրիլյան առաջին օրերին կոնկրետ քայլեր կատարվեցին, հնչեցին համապատասխան հայտարարություններ, որոնք, թվում էր` հիմք են դառնալու արտաքին քաղաքականության վերանայման, իրական վերանայման ու Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար:

Սակայն դա տևեց ընդամենը մի քանի օր, և Ռուսաստանից ունեցած օրգանական վախը վերագտավ իր տեղը Հայաստանի իշխանությունների ու ոչ միայն՝ իշխանությունների, նաև շատ ընդդիմադիրների հոգիներում ու մտքերում, տեղ գտավ այնքան, որ սկսեցին համարյա Ռոգոզինին կրկնող հայտարարություններ անել` կրկնելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն արդարացնող բարբաջանքները:

Իշխանությունը բացառիկ շանս ուներ ապրիլի սկզբին առաջացած էյֆորիան պահպանելու և էմոցիոնալ այդ հոգեվիճակը կառուցողական հուն տեղափոխելու համար, բայց այդ շանսը կարող է կորցնել վերջնականապես՝ հեշտությամբ ու միանգամից, առանց աչք թարթելու:

Հասարակությունը տեսավ ու լսեց, մտածեց ու զգաց, որ մինչ ինքը համախմբվեց նվիրական գաղափարի շուրջ, իշխանությունը` առանձին անհատներով ու ամբողջության մեջ, համախմբվեց հանրությունից պաշտպանվելու, հանրությունից կտրված իր դիրքն ու հանրության հաշվին կուտակված հարստությունը պահպանելու բնազդային վախի շուրջ: Հասարակությունը տեսավ ու լսեց, մտածեց ու զգաց, որ մինչ ինքն իր զավակների կյանքի գնով պաշտպանում էր Ղարաբաղը, Ղարաբաղով` նաև Հայաստանը, քաղաքական դաս կոչվածը` իշխանությունն ու ընդդիմությունը` միասին վերցրած ու առանձին-առանձին, արժեզրկեցին Ղարաբաղի անկախության ճանաչման գաղափարը, որը` սկզբնապես ունենալով բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերն ուժեղացնելու մեծ պոտենցիալ, դարձավ ընդամենը մի քանի օրվա կյանք ունեցող կիսաքայլ:

Հանրությունը տեսավ ու լսեց, մտածեց ու հասկացավ, որ սեփական զավակների կյանքի գնով կարողանալով արժանի հակահարված հասցնել արտաքին թշնամուն, անզոր է ներքին թշնամու դեմ: Որովհետև, ի տարբերություն արտաքին թշնամու, ներքինը, թշնամու ներքին տեսակն ամենուր է` թաքնված հայրենասիրական ելույթների ու սրտաճմլիկ դեմքերի, բանակի զենքի հաշվին հարստացածների կողմից՝ բանակի մարտունակության մասին ճամարտակությունների հետևում:

Հասարակությունը մի քանի օրերի ընթացքում տեսավ ու լսեց ավելին, քան սովորական պայմաններում տեսնում ու լսում է տարիների ընթացքում: Հասարակությունն իր զավակների կյանքի գնով հաղթեց մարտի դաշտում, բայց նրանից հերթական անգամ խլվեց հաղթանակը:

Որովհետև հաղթանակը պիտի լիներ նորմալ պետությունը` բանակից չթալանող պաշտոնյաներով ու օտարի առաջ նվաստանալու հաշվին սեփական հասարակությանը չնվաստացնող քաղաքական գործիչներով: Բայց նորմալ պետությունը լինելու էր այսօր պետության անվան տակ հանդես եկողների, պետությունը համքարության վերածածների պարտությունը: Քառօրյա պատերազմը, ի թիվս շատ բացահայտումների, բացահայտեց ամենակարևոր հակասությունը` հասարակության և հասարակության անունից հանդես եկողների, պետության ու պետությունը իշխանության հետ նույնացրածների անհամատեղելիությունը:

Պատերազմը բացահայտեց հայ հասարակության համար մեկ այլ պատերազմի անխուսափելիությունը: Թե ե՞րբ դա տեղի կունենա, կախված է հասարակությունից, քանի որ պատերազմը բացահայտեց նաև, որ հասարակությունը Հայաստանում պատասխանատու միակ սուբյեկտն է` մնացած բոլոր սուբյեկտների, առաջին հերթին` պետության բացակայության պայմաններում:

 

Տեսանյութեր

Լրահոս