«Եվրամիության պաշտոնյաները գնում են Թուրքիայի հետ գործարքի՝ հաշվի չառնելով հասարակական կարծիքը». Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիայի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության հարցը մտահոգիչ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
– Պարոն Սաֆրաստյան, այս օրերին Թուրքիայում ակտիվ գործունեությամբ աչքի է ընկնում հայ պատգամավոր Գարո Փայլանը: Դուք նրա անձի հետ կապված անվտանգության խնդիր տեսնո՞ւմ եք:
-Այո, անվտանգության խնդիր տեսնում եմ: Գարո Փայլանի դեպքերի հետ կապված հիշեցի Հրանտ Դինքի մի արտահայտություն: Երբ նրան հանդիպեցի ԱՄՆ-ում` գիտաժողովներից մեկում, նա ասաց հետևյալը` «Թուրքիայում շատ դժվար է հայ լինելը, բայց առավել դժվար է ակտիվ հայ գործիչ լինելը»: Չմոռանանք, որ Հրանտ Դինքն ակտիվ էր ոչ միայն հայկական հարցի առումով, այլև Թուրքիայի ձախակողմյան շարժման մեջ: Հիմա տեսնում ենք, որ նման երևույթներ սկսում են ձևավորվել Գարոյի շուրջ, ինչը մտահոգություն է առաջանում:
-Ի՞նչը կարող է նպաստել, որ նման գործիչները ինչ-որ չափով ապահով զգան կամ երկրում իրավիճակը փոխվի, միգուցե տեղի հայկական համայնքի գործոնը: Ո՞րն եք տեսնում ճանապարհը:
-Կարելի է հետևյալն արձանագրել՝ ժամանակակից Թուրքիայում հասարակական, քաղաքական գործիչները, որոնց հայացքները տարբերվում են Թուրքիայի իշխանութունների հայացքներից, վտանգված են: Բազմաթիվ օրինակներ կան, տեսնում ենք, թե ինչ ճնշումներ են գործադրվում քաղաքական հակառակորդների, մամուլի ներկայացուցիչների նկատմամբ: Սա է Թուրքիայի ժամանակակից իրականությունը: Ես կարծում եմ, որ այս դառն իրականությունը դեպի լավը փոխելու համար մեծ դեր կարող է ունենա միջազգային կարծիքը, Թուրքիայի վրա ճնշումը: Չնայած, ես կասկածում եմ, որ Թուրքիան այդ ճնշումներին տեղի կտա, բայց ուրիշ ճանապարհ չկա: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա այնպիսի վիճակում չէ, որ իր ներկայացուցչին պաշտպանի:
-Դուք խոսեցիք Թուրքիայի վրա ճնշումների մասին, բայց մենք տեսանք, որ օրեր առաջ Եվրահանձնաժողովը վիզաների հարցում Թուրքիայի համար կանաչ լույս վառեց:
-Այո, դա քաղաքական գործարք էր Եվրոպայի և Թուրքիայի միջև` կապված միգրանտների հետ: Եվ դա խստագույնս քննադատվեց եվրոպական հասարակական և քաղաքական հեղինակավոր շրջանակների կողմից: Միգրանտների գործարքի առաջարկը գալիս էր հենց Դավութօղլուից: Արդյունքում` Թուրքիան ստանում է միլիարդներ: Գերմանիայի բնակչության մեծամասնության կողմից բացասական է ընկալվում Եվրոպայի այդ գործարքը: Մենք տեսնոււմ ենք, որ եվրոպական պաշտոնյաները հաշվի չեն առնում հասարակական կարծիքը և գնում են Թուրքիայի հետ գործարքի: Դա վտանգավոր է հենց նույն Եվրոպայի համար: Ի վերջո, մենք տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիան աջակցում իսլամական ծայրահեղականներին, օգտագործում փախստականներին` որպես ճմշման միջոց Եվրոպայի վրա: Մի բան էլ ցանկանում եմ ընդգծել, մինչև հիմա Թուրքիային շատ բան հաջողվում է, նա ոչ մի պատիժ չկրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն օգնելու համար, այլ մինչև հիմա Սիրիայի հետ սահմանն է բաց պահում` օգտագործելով զենք, զինամթեք, զինյալներ տեղափոխելու համար:
-Եվրոպայի այդ նույն երկակի ստանդարտներով քաղաքականությունը կարո՞ղ ենք ասել, որ տեսնում ենք Ադրբեջանի պարագայում: Փաստորեն Ադրբեջանի զինվորները հայ զինվորին են գլխատում, միևնույն ժամանակ Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրությունների Դաշինքի համաժողովն է անցկացվում, եվրոպացի գործիչներն էլ գովեստի խոսքեր են ուղղում Բաքվին:
–Այո, ցավոք այդ երկակի ստանդարտների քաղաքականությունն է անցկացվում, Եվրոպան դավաճանում է իր հայտարարած գաղափարներին կամ կարճատև շահերից ելնելով կամ կաշառք ստանալով: Եվրոպայի ռազմավարական շահն այն է, որ եվրոպական արժեքները տարածվեն տարբեր երկրներում, նույնիսկ Ադրբեջանի նման երկրներում: Այնինչ` չեն նկատվում այն, որ զինվորը գլխատվում է, դա խայտառակություն է: