Բաժիններ՝

Բամբակյա հումքի ամենախոշոր և ճկուն մատակարարը տարածաշրջանում Թուրքիան է. արգելքը կբերի թանկացումների

Հայաստանի թեթև արդյունաբերության հումքը՝ բամբակյա գործվածքներ, տրիկոտաժ և այլն, հիմնականում բերվում է Թուրքիայից: Հայաստանում ահագնացող հակաթուրքական տրամադրությունների սրացման և թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու մասին քաղաքական որոշում ընդունվելու դեպքում ի՞նչ ելք ունեն հայ արտադրողները և ինչո՞վ կարող են փոխարինել թուրքական հումքը:

ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ենթադրաբար կարելի է տեղափոխել հումքի մատակարարման շուկաներն այլ երկրներ, բայց անել դա շատ արագ և անվնաս` դժվար թե ստացվի. «Դա կապված է բազմաթիվ ծախսերի և հետազոտությունների հետ, որ պետք է ամբողջությամբ մատակարարման շուկան փոխվի, և դա միանշանակ տանելու է թանկացման, որովհետև Չինաստանն ու Հնդկաստանը շատ ավելի հեռու են։ Իրենց հետ աշխատելը հնարավոր է, անհնարին չէ, բայց դա տանելու է շատ լուրջ բարդությունների»:

Ըստ նրա՝ ԵՏՄ երկրներից թուրքականին այլընտրանք որոշ չափով կարող են համարվել Ռուսաստանը կամ Բելառուսը, բայց եթե մենք ուզում ենք ինչ-որ չափով մրցունակ մնալ, ապա ՌԴ-ում գնելով հումքը, մենք հենց ռուսական կամ բելառուսական արտադրողների նկատմամբ մրցակցային առավելություն չենք ստանա զուտ այն պատճառով, որ մեզ մոտ ճանապարհածախսը կավելանա 2 անգամ. «Նաև՝ ռուսական կամ բելառուսական հումք արտադրողները փայլուն որակով հայտնի չեն, այսինքն՝ մեզ այդտեղ դեռ պետք է հետազոտություն անցկացնել: ՀՀ-ում կան հումք արտադրողներ և մատակարարներ, բայց իրենք էլ, ցավոք, միջինից բարձր որակ չեն կարղ ապահովել, ուստի ստիպված ենք արձանագրել, որ թուրքական հումքից հրաժարումը մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի հայ արտադրողներին և, ցավոք, մենք դրան րոպեական արձագանքել պատրաստ չենք, համենայն դեպս՝ միջին և փոքր ձեռնարկությունները:

Մեծ ձեռնարկությունները, որոնք ունեն խոշոր ծավալներ և կարող են իրենց ներկրումները ծրագրավորել լուրջ ժամանակահատվածով, կարող են իրենց թույլ տալ գնալ Չինաստան և համեմատաբար խոշոր խմբաքանակներով ձեռք բերել և տեղափոխել Հայաստան: Բայց այսօր Չինաստանը Թուրքիայից մի փոքր նույնիսկ ավելի թանկ է, կամ առնվազն նույն գինն է, իսկ ճանապարհածախսը կավելանա: Եվ ամենամեծ խնդիրը Չինաստանից այն է, որ փոքր քանակությամբ և արագ-արագ դժվար ստացվի ներկրել, մեծ խմբաքանակներ են պետք, այսինքն՝ ավելանում է գնման միավորի արժեքը և դա իր հերթին առաջացնում է ֆինանսավորման խնդիրներ: Այսինքն՝ անհրաժեշտություն կառաջանա ոչ թե 5-6-7 հազար դոլարի գնումներ կատարել հաճախակի, այլ մի քիչ ավելի քիչ հաճախականությամբ խոշոր գնումներ կատարել՝ 60-70 հազար դոլարի, ինչն իր հերթին բերում է վարկավորման անհրաժեշտություն, որը մեզ համար շատ ցավոտ թեմա է՝ մեր ունեցած վարկային ռեսուրսների արժեքի պատճառով»:

Կարդացեք նաև

Ս. Բեկիրսկին նշեց, որ Հայաստանի տնտեսության եթե ոչ 90%, ապա մոտ 40% գալիս է եթե ոչ թուրքական արտադրության, ապա Թուրքիայով տարանցիկ է գալիս, իսկ Թուրքիայով տարանցիկ բեռը շատ դժվար կտարբերվի՝ ո՞րն ունի թուրքական ծագում, ո՞րը ոչ: Նրա խոսքով՝ եվրոպական բեռները ավտոմեքենաներով գալիս են Թուրքիայի տարածքով, այսինքն՝ հաշիվ-ապրանքագրերը գրվում են թուրքական կողմում, և սահմանի հատումը դեպի Վրաստան գալիս է Թուրքիայի կողմից:

«Բարդ թեմա է, չէի ուզենա քաղաքականացնել, արտադրողների համար սա տնտեսական հարց է: Ուզենք, թե չուզենք բամբակյա հումքի ամենախոշոր և ճկուն մատակարարը տարածաշրջանում Թուրքիան է և դրա հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Բայց սա իմ ոլորտային տեսակետն է, գործարարական տեսակետն է, և այս պարագայում երկրի հարցերն ավելի բարձր են: Ես չեմ պայքարի, ես իմ տեսակետն ունեմ, բայց ես չեմ կարող միաժամանակ ասել ճիշտը որն է՝ սա՞, թե՞ նա: Ենթադրում եմ, որ կառավարությունն ի վիճակի կլինի նստել, ծանրութեթև անել և դրական ու բացասական հետևանքները դնել նժարի վրա»,- ասաց Ս. Բեկիրսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս