Ռուսաստանի պատասխանը՝ ադրբեջանական արկերով
«Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց»,- ապրիլի 22-ին` քառօրյա պատերազմից օրեր անց, նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցն ուղղեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Լավրովը չպատասխանեց այդ հարցին, որովհետև դա այն հարցերից էր, որոնց չեն պատասխանում: Կամ, եթե անգամ պատասխանում են, ապա պատասխանները չեն հրապարակվում:
Դա այն հարցերից էր, որոնք իրենք` պատասխան են պարունակում և հնչեցվում են միայն այն ժամանակ, երբ այլևս չհնչեցնել հնարավոր չէ: Այդ հարցին ռուսական կողմը պատասխանեց և պատասխանում է ոչ թե՝ Լավրովի շուրթերով, այլ՝ իր գործողություններով: Այդ հարցի պատասխանները շատ հեռուն են գնում` հասնելով մինչև ղարաբաղաադրբեջանական սահմանագիծ:
Այդ հարցը պատասխան է ստանում Ադրբեջանի յուրաքանչյուր դիվերսիայով, հարձակողական գործողությամբ, երբ դա հետևում է հայկական կողմի որևէ հայտարարության կամ դիրքորոշման արտահայտման:
Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում անելիք չունեն, հաջորդող իսկ գիշերն Ադրբեջանը ղարաբաղյան սահմանին ու բնակավայրերի ուղղությամբ կիրառում է գրեթե ողջ արսենալը: Ադրբեջանական տանկերն այսպիսով կրակում են ոչ միայն՝ ռուսական արտադրության արկերը, այլև՝ ռուսական քաղաքականության պատասխանը` Հայաստանին:
Այսպիսով, պատերազմը դառնում է նաև քաղաքական ուղերձներ ու պատասխաններ փոխանցելու թատերաբեմ, որը զուգահեռաբար նաև ֆինանսատնտեսական արդյունքներ է ապահովում Ռուսաստանին, քանի որ կրակվում են ռուսական արկերն ու փամփուշտները` ապահովելով նորանոր պատվերներ: Ու մինչ Ադրբեջանը կրակում է սահմանին ու ռմբակոծում է Ղարաբաղի բնակավայրերը, Ռուսաստանը` ԵԱՀԿ-ում սեփական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի շուրթերով, հայտարարում է. «Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակությունը»:
Դա ասում է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միակ միջազգային մանդատն ունեցող կառույցում: Ադրբեջանի վերջին օրերի հարձակումներն ու ռուսական դիվանագետների այս և նմանօրինակ հայտարարությունները, այսպիսով, մի նպատակ ունեն` ցույց տալ, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում անելիք ունեն:
Խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության ամենացայտուն ապացույցը պատերազմն է, որի այլընտրանքը ոմանց, օրինակ՝ հայկական կողմի համար` խաղաղությունն է, իսկ ոմանց համար` խաղաղապահները: Դա պետք է լիներ Լավրովի պատասխանն «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց» հարցին, որը Ռուսաստանի արտգործնախարարը, դիվանագիտորեն ու քաղաքագիտորեն, չհնչեցրեց: Այդ հարցը ստիպել է Հայաստանին վերանայել տարիներ շարունակ կուրորեն իրականացվող ռուսահպատակ քաղաքականությունը, թեև Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից ոչ բոլորն են դա առայժմ գիտակցում: Կամ ոչ բոլորին է թույլատրված գիտակցել:
Ու քանի դեռ այդ քաղաքականությունը չի վերանայվել ամբողջությամբ ու վերջնականապես, ամեն օր կամ ամեն շաբաթ այդ հարցի պատասխանները հնչելու են ղարաբաղաադրբեջանական սահմանի որևէ հատվածում կամ որևէ բնակավայրի ուղղությամբ: Հնչելու են` ռուսական արտադրության որևէ ծանր սպառազինության փողից: