«Ռուսաստանը չի կարող հավասարակշռությունն ամբողջությամբ թեքել Հայաստանի կամ Ադրբեջանի կողմը»
168.am–ի զրուցակիցն է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը
– Պարոն Մելիքյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտնի դարձավ, որ ԱՄՆ յոթերորդ նահանգը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Ըստ Ձեզ` պատահակա՞ն էր արդյոք Հավայի նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը հենց այս օրերին:
– Հավայի նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կապ ունի Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի հետ: Հայ Դատը փորձում է շնորհակալություն հայտնել Սարգսյանին այն բանի համար, որ ՀՀ իշխանությունները կոալիցիայում տեսել են դաշնակցականներին, նրանց նախարարական պորտֆելներ տվել: Այսինքն` վստահաբար Հայ Դատը մեծ աշխատանք է տարել, և յոթ նահանգների դեպքում, որոնք ճանաչել են ԼՂՀ անկախությունը, Հայ Դատի ներդրումը մեծ է: Այստեղ կարևոր է նաև այլ դիտանկյունից նայել այս հարցին, թե որքանով են նման ճանաչումները քաղաքականապես կարևոր և ինչ ազդեցություն, արժեք ունեն: Յոթ նահանգներ ճանաչել են, և ավելի շատ է այն նահանգների քանակը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Որքանո՞վ է սա անդրադառնում ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, ոչ մի կերպով: Կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է դադարի ոգևորվել նման տեղական բնույթի քաղաքականությամբ, համայնքները որոշակի աշխատանք են տանում տեղերում, և հասկանալի է, որ ինչպես, օրինակ, Ֆրանսիայում տարբեր քաղաքներում կարող են լինել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, խաչքարերի բացումներ և այլն, իհարկե, Ֆրանսիան ճանաչել է Ցեղասպանությունը, սա մեծ հարցի փոքր մասն է, որքանով են ճանաչումները նպաստում գլոբալ քաղաքականության առաջմղմանը: ՀՀ-ն մի կողմից՝ բանակցային գործընթացի մեջ է ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ, բայց մյուս կողմից՝ ներսում աշխատանք է տարվում անկախության ճանաչման համար: Այսինքն` նորից հարց է առաջանում, թե ի՞նչ է Հայաստանը ցանկանում ԼՂ հակամարտության հարցում: Եթե նույնիսկ 50 նահանգ ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա չի ունենա նշանակություն: Եթե այս դինամիկայով շարժվենք, ապա 50 տարի անհրաժեշտ կլինի, որպեսզի բոլոր նահանգները ճանաչեն ԼՂՀ անկախությունը, և ոչ մի փոփոխություն դրանից, ուստի ի՞նչն է մեզ ոգևորում:
– Ոգևորում է, որովհետև նման որոշումները նույնացվում են ԱՄՆ իշխանությունների դիրքորոշման հետ, թեկուզ նահանգներն անկախ են ֆեդերալ իշխանությունից: Այնուամենայնիվ, այստեղ իշխանության գործոն կարո՞ղ է լինել:
– Ընդհանրապես չկա, բացակայում է, զրո, սա Հայաստան չէ, ԱՄՆ-ում տեղական ինքնակառավարման մարմինները շատ անկախ են, դրանք նահանգներ են, որոնք ժամանակին պետություններ են եղել և պահպանում են իրենց անկախությունը, բայց արտաքին քաղաքականությունը կարող է փոխել, վարել միայն ֆեդերալ իշխանությունը և, մասնավորապես, ԱՄՆ նախագահը: Իսկ արտաքին քաղաքականության փոփոխություն գոնե այս պահին մենք չենք կարող սպասել, որովհետև ընտրություններ են ԱՄՆ-ում, մինչև հունվար դեռևս պետք է սպասել: ԱՄՆ-ի համար ներկայումս առաջնահերթություն է միջազգային ահաբեկչությունը, կարևորագույն խնդիր է Հյուսիսային Կորեան, Չինաստանը և հատկապես՝ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Մնացած հարցերը և ԼՂ հակամարտության կարգավորումը տեղում Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է, մենք պետք է միշտ հասկանանք, որ ԱՄՆ-ը, Եվրոպական միությունը կառույցներ և պետություններ են, որոնք մեզնից ավելի շահագրգռված չեն կարող լինել ԼՂ հակամարտության կարգավորմամբ: Նրանք ընդամենը միջնորդում են, նրանք կարող են ինչ-որ բաներ առաջարկել, ու, ցավոք, Հայաստանում խորհրդային պատկերացում կա քաղաքականության մասին, այն պետք է թելադրված լինի վերևից, այնինչ դա Հայաստանի խնդիրն է, ու Հայաստանն այն պետք է լուծի: Մնացածը քաղաքականություն և բիզնես է:
– Տպավորություն է ստեղծվել, ինչը նաև մի շարք փորձագետներ են պնդում, որ վերջին ժամանակաշրջանում ծավալված բանակցություններում Հայաստանն ու Միացյալ Նահանգները հայտնվել են նույն հարթությունում, իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը` մեկ այլ, ինչն ավելի հստակ է երևակվում ԱՄՆ առաջարկած միջադեպերի վերահսկողության մեխանիզմի ներդրման հարցում այս երկրների դիրքորոշումներում: Միևնույն ժամանակ, պայմանավորված հատկապես ռուս-թուրքական առճակատմամբ, Ադրբեջանի նշանակությունն էլ ավելի է բարձրացել Ռուսաստանի համար, և Ռուսաստանը գուցե փորձի ադրբեջանահաճո գործողությունների դիմել: Կիսո՞ւմ եք այս կարծիքները:
– Մի քանի շերտ նշեցիք: Որոշ հատվածների հետ համամիտ եմ, որոշների հետ` ոչ: Ռուսաստանը, իհարկե, ունի շահեր մեր տարածաշրջանում, և այդ շահերի մեջ են մտնում Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները: Ադրբեջանը կարևոր խաղացող է Ռուսաստանի համար, դերակատարությունը միայն Հայաստանում է, որ փորձում են նվազեցնել, ինչպես որ Ադրբեջանն է փորձում Հայաստանի դերակատարությունը նվազեցնել: Բայց «real politic»-ն այլ բան է, եթե հայկական ոսպնյակի միջով չնայենք, ապա, իհարկե, Ռուսաստանը չի կարող հավասարակշռությունն այնքան թեքել, որ այն տեսանելի կերպով լինի մեկի կամ մյուսի կողմը, այսինքն` թեքի ամբողջովին հայկական կողմը, կամ ադրբեջանական, դա միայն կարող է լինել, եթե, Աստված մի արասցե, այնքան խիստ տարբերվեն շահերը, որ Ռուսաստանը ստիպված լինի դիրքորոշում արտահայտել հայ-ադրբեջանական հակամարտությունում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Հայաստանի դիրքորոշումներին մեխանիզմի ներդրման հարցում, ապա տեսեք ԵՄ-ն, այսինքն` ֆրանսիացի համանախագահը ևս առանձնապես ակտիվ չէ այս առումով: Մի քանի ամիս առաջ Վաշինգտոնում էի, երբ Ուորլիքը Հայ Դատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց այդ մեխանիզմների մասին, կարծում եմ՝ նորից այստեղ ավելի շատ Հայ Դատի ակտիվացման խնդիրն է էական, Հայ Դատն ակնհայտորեն կորցնում է իր դիրքերը Նահանգներում, որովհետև Ցեղասպանության 100-ամյակն անցավ, ուստի կամաց-կամաց այդ կորն իջնելու է, և Հայ Դատը փորձում է նոր օրակարգ ձևավորել, որտեղ շատ մեծ կարևորություն է տալիս ԼՂ հիմնահարցին, որն ընդհանրապես բացակայում էր տասը տարի առաջ, և իրենց հետաքրքիր չէր, վստահ եմ, որ հինգ-վեց տարի անց ՀՀ տնտեսությունը կկարևորվի իրենց համար, և այլն, և այլն: Ուստի այս առաջարկներն ականջ շոյելու համար են, քան հակամարտության վերաբերող իրատեսական լուծումների առաջարկներ, քանի որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան, և ԱՄՆ-ը դա շատ լավ հասկանում է: Երկրորդը` ո՞վ է վճարելու այդ մեխանիզմի ներդրման համար, որևէ մեկը պատրաստ չէ վճարել նման գումարներ այս սարքերը տեղակայելու համար, սարքերը տեղադրելու հարցում, ֆինանսական կողմից բացի, կա նաև ակնհայտ բովանդակային հարց: Եթե խնդիր դրված լիներ, որ լուծեինք ԼՂ հակամարտությունը, այդ լուծումը կարելի էր գտնել, բայց նման հարց, գոնե ինձ համար, տեսանելի չէ: Դժվար է հասկանալ` ինչն է խանգարում լուծումը գտնելուն: Չկա ցանկությո՞ւն, չկա քաղաքական կա՞մք, ուրեմն պետք է Հայաստանն ու Ադրբեջանը ազնիվ գտնվեն ու ասեն, որ չկա այդ կամքը, կա ատելությո՞ւն, այդ մասին պետք է խոսել: Լուծում կար 45թ., երբ Գերմանիան ու Ֆրանսիան որոշեցին, որ պետք է դադարեցնել հակամարտությունը, երբ որոշեցին, այդ ժամանակ էլ սկսեցին լուծումներ առաջարկել, ոչ թե դա տևեց 15-20-30 տարի, երբ փորձում են անընդհատ միասին գալ նստել, իրար նայել, հիանալ ու հեռանալ:
– Այսինքն` կասկածում եք ԱՄՆ անկեղծությանը:
– Իհա՛րկե կասկածում եմ: Ոչ թե ԱՄՆ-ն է կեղծում, այլ պարզապես ԱՄՆ-ը ունի հայկական համայնքի և հայկական լոբբինգի խնդիր, հասկանալի է, որ հայկական լոբբինգը միշտ էլ օգտագործում է, և նրանց հարմար է լոբբինգի հետ աշխատել, որովհետև ընտրություններ են, և շատ հարցեր կան: ԱՄՆ-ը նաև պետք է ցույց տա, որ շահագրգռված է կարգավորմամբ, որպեսզի տարբերվի Ռուսաստանից, թերևս ցույց տա, որ ավելի խաղաղասեր է, քան Ռուսաստանը: Շատ բաներ պետք է նայել քաղաքական խաղերի տեսանկյունից, և շատ դժվար է հասկանալ՝ որտե՞ղ են իրենք անկեղծ և որտե՞ղ են խաղ խաղում, ոչ թե՝ որովհետև մենք վատ վերլուծաբաններ ենք, այլ՝ քաղաքականության բնույթն է այդպիսին: