«Նպատակս էր՝ Օքսֆորդի ուսանողներին ցույց տալ, թե որտեղից է ծագել Լեռնային Ղարաբաղի հարցը, և ինչ է ներկայումս կատարվում»
Օքսֆորդի համալսարանն աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է, ամենաառաջին անգլալեզու ուսումնական հաստատությունը, Բրիտանիայում հիմնադրված առաջին ու օտարերկրացիների համար դեռևս լավագույն ու ամենանախընտրելի կրթօջախը։ «Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքի հերոսուհին հենց Օքսֆորդի համալսարանն է ավարտել, որտեղ տարբեր առիթներով ներկայացրել է Հայաստանն ու անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Աստղիկ Ծատրյանը 2004 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ. «Այդ իսկ օրվանից ամենամեծ նպատակներիցս էր՝ դառնալ այնպիսի մարդ, որ կարողանամ օգնել հայրենիքիս՝ առաջ տանելով իմ երկրի համար կարևորագույն հարցերը միջազգային պլատֆորմում»:
Նա ավարտել է Կալիֆոռնիայի Բերկլիի անվան համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան «Խաղաղություն և կոնֆլիկտաբանություն», ինչպես նաև՝ «Ռուսաց լեզու, գրականություն և մշակույթ» մասնագիտություններում: Ինչպես ինքն է նշում՝ մեկն էր այն ութ ուսանողներից, որ ընդգրկվեցին «Բերդալի ապագա լիդերներ» hեղինակավոր ծրագրում ՝ ստանալով կրթաթոշակ: Լավագույն գնահատականներով և պատվոգրերով է ավարտել համալսարանը: Նաև արժանացել է ֆակուլտետի լավագույն ուսանող կոչմանը. հեղինակավոր կոչում, որ տարին մեկ անգամ շնորհվում է Բերկլիի լավագույն ուսանողին՝ ակադեմիական բարձր առաջադիմության, ֆակուլտետին աջակցության և ակտիվ մասնակցության համար: Շնորհիվ բարձր գնահատականների՝ հրավիրվել է անդամակցելու «Ոսկե բանալի միջազգային պատվավոր հանրության» ակումբին:
Համալսարանն ավարտելուց հետո Աստղիկն աշխատանքի է անցել «Թոմսոն Րուդերս» ընկերությունում՝ որպես իրավական վերլուծաբան և քննիչ. «Նաև դարձա Լոս Անջելեսի միջազգային այցելուների խորհրդի անդամ՝ որպես «քաղաքացի դիվանագետ»»:
Այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնի Օքսֆորդի համալսարանի «Համաշխարհային կառավարում և դիվանագիտություն» ֆակուլտետի մագիստրատուրայում: «Ինձ համար ամենակարևորն իմ ֆակուլտետի ուսանողների և ընդհանուր համալսարանի տարբեր մարդկանց հետ շփումն էր: Իմ ֆակուլտետը հիմնականում ընտրում է այնպիսի ուսանողների, որոնք ունեն շատ մեծ փորձ՝ թե՛ աշխատանքային, և թե՛ կյանքի, որը կկարողանան օգտագործել և դրական ազդել այլ ուսանողների վրա: Շատ դասեր հենց հիմնված էին այդ իսկ հիմունքի վրա. ուղղակի քննարկվում էին տարբեր երկրների հարցերը՝ ըստ մեր բոլորի կարծիքների և վերլուծության»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Աստղիկը:
Ինչպես արդեն նշեցինք, նա բազմաթիվ հնարավորություններ է ունեցել բարձրացնելու «հայրենիքի կարևորագույն հարցերից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը» և առիթը բաց չի թողել. «Լինելով Օքսֆորդի հայկական ուսանողների կազմակերպության նախագահը, կազմակերպեցի մի քանի տարբեր միջոցառումներ հենց Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, իսկ նպատակս էր՝ Օքսֆորդի ուսանողներին ցույց տալ, թե որտեղից է ծագել ներկայիս իրավիճակը և ինչ է ներկայումս կատարվում: Ամեն մեկը՝ ապագայի կարևորագույն մարդ էր իր երկրում, և հարկ էի համարում իմ միջոցով տեղեկացնել Հայաստանի և նրա կարևորագույն հարցերի մասին: Շատերն ուղղակիորեն մոտենում և կոնկրետ հարցերով դիմում էին, քանի որ բոլորն էլ իրոք հետաքրքրված էին աշխարհի տարբեր անկյուններում եղած իրադրությունների մասին»:
Աստղիկը նշում է, որ Օքսֆորդում ուսանելու ժամանակ նաև պատիվ է ունեցել ներկայացնել Հայաստանը տարբեր երկրներում. «Նիդեռլանդներում անցկացվում էր կոնֆերանս, որը հենց Ղարաբաղի հարցի շուրջ էր կազմակերպված և որտեղ ներկա էին տարբեր երկրների ներկակացուցիչներն ու մեր իսկ հարևան երկրների ակտիվիստները: Պատիվ եմ ունեցել ներկայացնել Օքսֆորդի համալսարանը Պորտուգալիայում, որտեղ նույնպես առիթը բաց չթողեցի՝ քննարկել Ղարաբաղի հարցը՝ շատ տարբեր կարևորագույն մարդկանց հետ: Իմ ավարտական աշխատանքը ևս կենտրոնացած էր Ղարաբաղի վրա, որը ներկայացնելն էլի առիթ էր՝ մանրամասն խոսել այդ մասին»:
Ապագայի պլանների մասին խոսելիս՝ նա նշեց, որ այս պահին լինելով Ամերիկայի քաղաքականության մեջ՝ Հայաստանին օգնելը համարում է ամենամեծ պարտականությունը. «Իհարկե, Հայաստան վերադառնալը բոլորիս մեծ ցանկությունն է, իմ հայրենիքից շատ ոչ մի վայր չեմ սիրում, և հայ լինելն ինձ համար մեծ հպարտություն է: Ունեմ մեծ պլաններ նախ՝ այս երկրում առաջ գնալու, և, ըստ իս՝ ինչքան կարևորագույն դեր ունենամ այս երկրում, այդքան շատ կկարողանամ անդրադառնալ իմ երկրի հարցերին: Սովորելով և աշխատելով քաղաքականության բնագավառում՝ մի բան հաստատ կարող եմ ասել, նախ՝ հարկավոր է կարողանալ դիմացինի համար կարևորություն ունենալ, ապա՝ առաջ տանել ցանկացած հարց»: