«Իմ արվեստն ամբողջությամբ փախուստ է իրականությունից». Ռոբերտ Էլիբեկյան
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի «Արտացոլումներ» խորագրով՝ տարբեր տարիներին ստեղծված գեղանկարների ցուցահանդեսը:
«Յուրաքանչյուր արվեստագետ անձնական ներկապնակի գույներով է արտացոլում իր ապրած ժամանակը, այն իրականությունը, որը, ի դեպ, ստեղծագործելու թեմա առաջադրողն է»: Այսպես է մտածում մեր ժամանակների մեծագույն գեղանկարիչը, ում հետ ցուցահանդեսի բացման առաջին րոպեներին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում ճեպազրույց ունեցան լրագրողները. «Սիրել կարելի է կնոջը, երկիրը, բայց արվեստին պետք է տրվես հոգով, անմոռանալի: Ես հպարտանում եմ, որ մենք ունենք հրաշալի նկարիչներ, երաժշտություն, արձանագործություն, թատրոն: Այսօրվա երիտասարդները ֆանտաստիկ են, դրանք հեքիաթներ են, որ ասում են՝ հին սերունդը, մեծ սերունդը… Ճշմարիտ արվեստ ստեղծողի համար ոչ մի նշանակություն չունի տարիքը, դա նորմալ է՝ հիշեք Մոցարտին»,- ասաց վաստակաշատ գեղանկարիչը:
«Եվ դուք երջանիկ սերունդ եք, որ անկախ Հայաստանում եք ծնվել և մեծացել: Եթե խորքային հայացք նետեք հեռավոր 1965 թվականին, կհիշեք, որ մենք, հեռու գտնվելով Կրեմլի պատերից, կարողացանք մի հաստ պատնեշ կոտրել: Իրենք էլ շատ լավ գիտեին դա և տարբեր առիթներով բարձրաձայնում էին, թե Ցարական կայսրության ետնաբեմում՝ Կովկասում, կարող են ազատ անել այն, ինչ ուզում են: Ես միայն հիմա եմ հասկանում, որ այդ տարիներին ես գտա ազատ ստեղծագործելու ամենաձեռնտու միջոցը՝ թատրոն և գեղեցիկ կանայք»,- խոսելով խորհրդային տարիների պարտադրված իրականության մասին՝ պատմում է գեղանկարիչը:
Լրագրողներց մեկի այն հարցին՝ թե ինքն ունի՞ արդյոք առանձնահատուկ մի կտավ, որն իրեն հոգեհարազատ է, գեղանկարիչը պատասխանեց. «Բոլորը ձերն են, հանդիսատեսինը, իմը չեն, որովհետև այն պահից, երբ ես աշխատանքս վերջացնում եմ, դրանք այլևս իմը չեն, դրանք իրենց ինքնուրույն կյանքով են ապրում»:
Ռոբերտ Էլիբեկյանը թերահավատորեն է մոտենում ներշնչանքի գաղափարին ու կեսկատակ նկատում է. «Չէ՜, ի՞նչ ներշնչանք, ի՞նչ բան… դա օդի մեջ մի բան է, բառերով անհնար է նկարագրել: Դա նույնն է, երբ հարցնում են՝ իսկ ինչպե՞ս ես դու ընտրել քո կողակցին, մի՞թե դա հնարավոր է բառերով բացատրել, դե արի ու բացատրի»:
«Ես շատ հանգիստ տիրապետում եմ բոլոր գույներին, չսիրված գույներ չունեմ: Եվ առհասարակ, իմ արվեստն ամբողջությամբ փախուստ է իրականությունից: Ես նոր իրականություն եմ ստեղծում՝ իմ իրականությունը: Դա է հետաքրքիր»:
«Ես նոր եմ հասկացել, թե ինչ մետամորֆոզներ է առաջադրում մարդկանց արվեստը: Իմ՝ արվեստագետիս, երազանքն է՝ քանդել պատնեշները, բարդույթներից ազատել մարդուն: Ամենամեծ արժեքն ազատությունն է, հոգևոր ազատությունը: Մարդու ամենամեծ ձգտումը մնում է չիրականացված այսօր, քանի որ կատարյալ ազատությունն այնտեղ է՝ երազների աշխարհում»,- այս տողերն իր իսկ արվեստի մասին է, որով ժամանակին իր աշխարհն է բնութագրել ցուցահանդեսի հեղինակը՝ Ռոբերտ Էլիբեկյանը:
Գեղանկարիչը վստահ է, որ իրեն սփոփող միակ միտքը՝ կյանքի բոլոր փուլերում, հավատարիմ մնալն է այն ակունքներին, որտեղից սկզբնավորվել է իր ստեղծագործական կենսագրությունը և որն արդեն այսօր՝ տարիներ անց, այստեղ՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում էր մեկտեղել ժամանակի այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Արտավազդ Փելեշյանը, Տիգրան Մանսուրյանը, ականավոր գիտնականների, քաղաքական գործիչների, արվեստագետների, արվեստի քննադատների ու արվեստ սիրող և գնահատող տասնյակ մարդկանց:
Ցուցահանդեսին ներկա Մաեստրո Տիգրան Մանսուրյանն իր ժամանակակցի մասին 168.am-ի հետ զրույցում ասում է: «Այս ցուցահանդեսի բացումը, անշուշտ, մշակութային մեծ իրադարձություն է մեր կյանքում, և այսօր իր վարպետությանը հասած մեծ գեղանկարիչը, գեղանկարիչների ընտանիքի, գերդաստանի անդամներից մեկն ամփոփում է իր տարիների աշխատանքը: Այսօր այստեղ այնպիսի մեծ լսարան է հավաքված, դիտորդների այնպիսի մեծ բանակ կա, որ նորից պետք է գալ այստեղ ու հանգիստ նկարները նայել: Դա այսօրվա բան չէ, ինչպես երևում է»,- բարձր տրամադրությամբ նշեց Մաեստրո Մանսուրյանը:
Ցուցահանդեսին ներկա՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գեղանկարչի արվեստին՝ այսպես բնորոշեց այն. «Ռոբերտ Էլիբեկյանը վարպետ է, և դրանով արդեն ամեն ինչ ասված է: Նրա արվեստում ինձ ոչ այնքան գույնն է գրավում, որքան նրա վրձնահարվածը: Նա անկասկած գույնի վարպետ է, և հատկապես՝ շատ սպեցիֆիկ կանաչների, բայց ինձ համար ավելի յուրահատուկ է նրա վրձնահարվածի կառուցվածքը, ու ժեստն է գրավում՝ դա դողն է, որ երևում է, և դա ոչ թե հոգեվիճակ է կամ շարժման արդյունք՝ սարսուռ, այլ մտածողական կառուցվածք, որ ինքն անցկացրել է իր ողջ ստեղծագործական կյանքի միջով՝ և՛ կտավի վրա, և՛ իր կյանքում, և՛ իր շրջապատում»:
«Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը հայտնի է ո՛չ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս, և պատահական չէ, որ նրա կտավները տեղ են գտել ոչ միայն հայաստանյան թանգարաններում, այլ նաև արտասահմանյան, և հատկապես՝ մեծ թվով մասնավոր հավաքածուներում: Կարելի է ասել, որ Էլիբեկյանն անառարկելիորեն ժամանակի ակոս բացող գեղանկարիչներից մեկը դարձավ»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը:
Ցուցադրությունը գործելու է մարտի 17-ից մինչև հունիսի 5-ը: Հանրության համար մուտքն անվճար կլինի մարտի 18-20-ը: