Բաժիններ՝

«Ռուսաստանը վերադարձավ Մերձավոր Արևելք, սա Ռուսաստանի համար ամենակարևոր երևույթն է». Արման Նավասարդյան

ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այն կարծիքին է, որ Սիրիայից ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերումը հանկարծակի էր, բայց ոչ անսպասելի. «Ռմբակոծությունն սկսելիս՝ նախապես ասվել էր, որ 4 ամիս անց զորքերը դուրս են գալու։ Բացի դրանից, Պուտինն իր պաշտոնական ելույթներում մի քանի անգամ ասել է, որ իրենց վերջնական նպատակը չէ՝ այնտեղ մնալ»:

Նա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից համաձայնությունը համեմատեց անցած դարի դեպքերի հետ. «Ինչպես 1960-ականներին, երբ աշխարհը կանգնած էր պատերազմի եզրին, բայց ԱՄՆ-ը և Ռուսաստանը հաշտվեցին, նույն բանը կարծես այստեղ կատարվեց: Նախ՝ քիմիական խնդրի հարցը լուծվեց՝ հենց սիրիական շրջանակներում, այդ շրջանում Իրանի նկատմամբ վերացվեցին պատժամիջոցները, դադարեց կրակը Սիրիայում: Երբ Վաշինգտոնն ու Մոսկվան տեսան, որ կանգնած են շատ վտանգավոր կարմիր գծից այս կողմ, կարծես թե եկան ընդհանուր հայտարարի: Սա շատ կարևոր է»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի՝ Սիրիա մտնելը զուտ ռազմական խնդիր չէր. «Նաև ռազմական էր , բայց միայն Սիրիային օգնելու ու Ասադին իշխանության պահելու խնդիր չէր, այստեղ Ռուսաստանն ուներ աշխարհաքաղաքական մեծ խնդիրներ և սա այդ գործողությունների՝ բազմաբևեռ աշխարհ ստեղծելու գործընթացներից մեկն էր: Ռուսաստանը վերադարձավ Մերձավոր Արևելք, սա Ռուսաստանի համար ամենակարևոր երևույթն է, որովհետև սառը պատերազմից հետո նա քշված էր այնտեղից»:

Ա. Նավասարդյանը ընդգծեց՝ հեռանալով՝ Ռուսաստանը կարողացավ ռազմական գործողությունները փոխարինել կամ դնել դիվանագիտական և քաղաքական հարթության վրա. «Շնորհիվ Ռուսաստանի միջամտության՝ նախ սա դարձավ միջազգային խնդիր՝ միջազգային իրավունքի տեսակետից. ՄԱԿ-ը որոշումներ ընդունեց, Ժնևում նստեցին սեղանի շուրջ, Ասադը կարծես թե դարձավ բանակցային կողմ: Թե ինչպես դա կզարգանա ու ինչի կհասնեն, դժվարանում եմ ասել, բայց Ռուսաստանը դարձավ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրների մեծ խաղացողներից մեկը: Սա նաև ռազմական ուժի փորձադաշտ էր. Ռուսաստանը ցույց տվեց, թե ինչ զենքեր ունի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս