Ընտրական իրավունքի սահմանափակումը պետք է տրամաբանություն ունենա

ՀՀ Ընտրական նոր օրենսգիրքը մի շարք փոփոխություններ է նախատեսում: Նախագծով հանցագործության կատարման համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձանց մի մասն ընտրելու իրավունք կունենա: ՀՀ գործող Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները:

Նոր օրենսգրքով՝ ընտրելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Սա նշանակում է, որ փոփոխությունների ընդունման դեպքում ընտրելու իրավունք կունենան ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործության կատարման համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Մեզ հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ, ըստ էության, առաջընթաց է համարում, որ դատապարտված անձանց՝ ընտրություններին մասնակցելու բացարձակ արգելքը հանվել է. «Որոշ երկրներ կան, որոնք իրապես, այնուամենայնիվ, սահմանափակում նախատեսում են որոշակի հանցագործությունների կատարման մեջ մեղավոր ճանաչված անձանց համար: Բայց մեզ մոտ նման հիմքերով սահմանափակումը, կարծում եմ, անհամաչափ է: Ինչո՞ւ: Որովհետև ընտրական իրավունքից պետք է զրկել ոչ թե ընդհանրապես ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված անձանց, այլ հենց ընտրական իրավունքների, ընտրական գործընթացներում խախտումներ կատարած անձանց, որոնց նկատմամբ կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:

Ընտրական իրավունքի սահմանափակման տրամաբանության հիմքում պետք է լինի հենց ընտրական պրոցեսի նկատմամբ վստահության բարձրացման միտումը, ոչ թե՝ նման սահմանափակումը»: Սահմանափակումը պետք է դիտարկվի լրացուցիչ միջոց, որ պետությունն ընտրության ինստիտուտի նկատմամբ պատասխանատվություն ունի, ընտրախախտումներ կատարողների գործողությունների նկատմամբ անհանդուրժող է.

«Վերջին հաշվով, դա այն հանցագործությունն է, որ իրապես պետական նշանակություն ունի, որովհետև պետական ինստիտուտ է խաթարում: Այդ առումով ազատազրկման մեջ գտնվելու ժամանակ ընտրական իրավունքի սահմանափակումը տրամաբանություն ունի:

Բայց եթե այդպիսի հոդվածով ազատազրկում չի նախատեսվում, բնականաբար, չպետք է կիրառվի: Այդ դեպքում օրինակի համար ես կմտցնեի ընտրվելու սահմանափակում որոշ ժամկետով»: Ա. Սաքունցն ասաց, որ նախագծով մտցված սահմանափակման մեջ տրամաբանություն չի տեսնում. սահմանափակումը պետք է տրամաբանված լինի՝ ելնելով նրանից, թե տվյալ երկիրն ինչ խնդիր է լուծում. «Մեզ համար առաջնահերթը ոչ թե հանցագործության ծանրության աստիճանն է, այլ ընտրական գործընթացի, ընտրական իրավունքի, Ընտրական օրենսգրքի խախտումների համար դատապարտված լինելը»:

Մեզ հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ մեծ հաշվով դրական է գնահատում դատապարտյալների ընտրական իրավունքի ապահովմամբ պայմանավորված փոփոխությունները, թեև կարծում է, որ կիսաքայլ է կատարվել. «Նոր Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվել է դրույթ սահմանել, որ ընտրություններին մասնակցելու և ընտրելու իրավունք ձեռք բերեն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով պատիժ կրող դատապարտյալները: Պարզապես այլ խնդիր կարող է առաջանալ քրեակատարողական հիմնարկներում ընտրությունների անցկացման բուն պրոցեսի ընթացքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին անգամ է նման իրավունք վերապահվելու, և առաջին անգամ է, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ընտրությունն իրականացնելու համար ընտրական պրոցես է իրականացվելու, կհորդորեմ, որ շահագրգիռ անձինք առավել ուշադրություն դարձնեն քրեակատարողական հիմնարկներում ընտրությունների ժամանակ՝ սկսած ընտրացուցակների ձևավորումից՝ ընտրելու իրավունք ունեցող դատապարտյալների՝ ցուցակներում ներգրավումից՝ մինչև բուն ընտրական պրոցեսի ավարտը՝ քվեաթերթիկների հաշվումը, և այլն:

Պարզապես ցանկանում եմ մի տարբերություն ընդգծել, որ նոր Ընտրական օրենսգրքի լույսի ներքո՝ եթե մյուս ընտրական տեղամասերում դրվելու են նոր սարքավորումներ, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս գույներով որոշելու՝ նա ունի՞ ընտրելու իրավունք, թե՞ ոչ, քրեակատարողական հիմնարկներում այդ սարքավորումները չեն գործելու, և ընտրություններն անցկացվելու են սովորական, մեզ հայտնի մեթոդներով»:

Փաստաբանն ասաց, որ հանցագործության բնույթը, ծանրության աստիճանը, առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն, բայց քրեական դատավարությունում: «Բայց այս պահին, երբ մենք գործ ունենք մարդու ընտրելու իրավունքի հետ, ես կցանկանայի հիմնավոր պատճառաբանություն լսել, թե ինչու է ընտրվել հենց այս մեխանիզմը: Եթե կհիշեք, նոր Սահմանադրության բարեփոխումների քննարկումների ընթացքում խոսք էր գնում, որ առհասարակ պետք է դատապարտյալներին ընտրելու իրավունք տրվեր: Բայց հետո սահմանափակվեց, ու հիմա ընտրելու իրավունք են տվել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար դատապարտվածներին:

Դեռևս այս պահին օրենսգրքի նախագծի հեղինակների կողմից հիմնավոր պատճառաբանություն, այլընտրանքային կարծիք չհանդուրժող տեսակետ չեմ լսել, թե ինչու է այդպիս մոդել ընտրվել: Կլսենք՝ կտեսնենք: Ես գոնե կարծում եմ, որ այս դաշտում հնարավորությունն առավել լիբերալ պետք է լիներ: Ես չգիտեմ՝ կարող է ընդհանրապես շատ սխալ է դատապարտյալներին ընտրելու իրավունք տալը, բայց եթե տվել ենք, ինչո՞ւ ենք կիսատ քայլ արել»,- ասաց Ն. Նորիկյանը:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է, որ ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 3 տարի ժամկետով ազատազրկումը: Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում 10 տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Տեսանյութեր

Լրահոս