Բաժիններ՝

Հղիության արհեստական ընդհատումները տարեցտարի նվազում են

Հղիության արհեստական ընդհատումները վերջին տարիներին դանդաղ տեմպերով նվազում են, սակայն դեռևս գերազանցում են 2000-2005թթ. ցուցանիշը: Ինչպես այսօր ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, հղիության արհեստական ընդհատումների ամենաբարձր ցուցանիշը եղել է 2010 թ-ին՝ 10149 դեպք, 2014-ին եղել է 8379 դեպք:

Սակայն, նշեց նա, ավելացել են բժշկական ցուցումներով հղիության ընդհատումները` 2014 թ. եղել է 2212 դեպք: Ըստ Գ.Ավագյանի՝ սա պայմանավորված է նրանով, որ բարելավվել է պերինատալ ախտորոշումը, շուտ են հայտնաբերվում արատով պտուղները: «Ամենավտանգավորը հղիության ինքնաբեր ընդհատումներն են, 2014-ին 3640 կանայք ունեցել են ինքնաբեր ընդհատումներ: Պետք է ռեզերվ տեսնել և կարողանալ իջեցնել ինքնաբեր վիժումները, որի ցուցանիշը մնում է հաստատուն՝ 7-8%»,- ասաց Գ.Ավագյանը՝ նկատելով, որ այս հղիությունների մեծ մասը ցանկալի հղիություն է եղել:

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ այսօր վերարտադրողական առողջության ոլորտի առողջապահական ժողովրդագրական հիմնադխնդիրներից է պտղաբերության ցածր, անգամ պարզ վերարտադրություն չապահովող մակարդակը՝ 1.7, և, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների,  2024թ. կարձանագրվի 25 հազար, 2050թ.՝ 31 հազար ծննդաբերություն: Գ.Ավագյանը նշեց, որ անհաս ծնունդների խնամքի համար հատկացվող գումարները 1.5 մլրդ դրամով ավելացնելու դեպքում հնարավոր կլինի կանխել 30 անհաս ծնունդների մահ:

«Ֆինանսական հոսքերի ավելացումը ոչ միայն կնպաստի 1 տարում 1350 կենդանածնության ավելացմանը, այլ ունի հեռահար ազդեցություն հետագա տարիներին ծնելիության ու վերարտադրողական պոտենցիալի բարձրացման առումով»,- ասաց Գ.Ավագյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս