Բաժիններ՝

Մի օր լսեցինք, որ հարևան թաղում բնակվող հայի տուն են վառել, տան անդամներին էլ վտարել

Aparaj.am-ը գրում է. ԼՂՀ-ում այսօր ապրում են շուրջ 20 հազար փախստականներ, որոնցից միայն 30 տոկոսն է ապահովված բնակարանով: Մինչ այսօր Ղարաբաղ տեղափոխված փախստականները փախստականի միջազգային կարգավիճակ չունեն: 5 տասնյակից ավելի փախստականներ այսօր Արցախում կացարանի խիստ անհրաժեշտություն ունեն:

Փետրվարի 2-ի կառավարության նիստի ընթացում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանձնարարական է տվել՝ կարճ ժամկետում փախստականներին բնակարանով ապահովելու ծրագիր մշակել՝ մատնանշելով, որ ծրագրում հստակ պետք է նշվեն դրա իրականացման ժամկետներն ու ֆինանսական հաշվետվությունը:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 26-ին ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների ներկայացուցիչներին: Նրանց հետ քննարկել բնակարանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Ըստ նախնական քննարկման՝ բնակարանային պայմանների բարելավման ծրագրից սկզբնական փուլում կօգտվեն հաշմանդամություն ունեցող, սպայական անձնակազմի և բազմազավակ ընտանիքները: Բացի դրանից, կառավարությունն առաջիկայում կսկսի փոխհատուցել վարձով ապրող փախստական ընտանիքների վարձավճարները՝ նախքան նրանց բնակարաններ հատկացնելը: Ա. Հարությունյանի խոսքով՝ շարունակվելու է նաև հանրակացարաններում ապրող փախստականների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը:

Նախքան այս ծրագրերի իրականացումը, հարյուրավոր փախստականներ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում եւ հանրակացարաններում՝ հույսով, որ մի օր, թեկուզ այսքան տարիներ անց, նորմալ կյանքով կապրեն:

12767666_1012355105491015_765191399_n1
Ալահվերդյան Սիլվա

Ալահվերդյան Սիլվան ամուսնու եւ երեք փոքր երեխաների հետ Ստեփանակերտ է տեղափոխվել 1988 թվականի դեկտեմբերի սկզբին: Հիշում է՝ Բաքվում մեծ առանձնատուն ունեին, ուր ապրում էին ամուսնու, երեք երեխաների, սկեսուրի եւ սկեսրայրի հետ: Պատմում է, որ 1988-ի վեջին սկսեցին հայերի նկատմամբ հալածանքները: Նրանց ծեծում, տներից վտարում էին: Սկեսրայրը, ով Հայրենական պատերազմի մասնակից էր եւ հարգված մարդ էր Բաքվում, գնաց ոստիկանություն եւ խնդրեց, որպեսզի պաշտպանեն իրենց թաղամասը, ուր շատ հայեր էին ապրում: Չնայած այն հանգամանքին, որ ոստիկաները պարբերաբար իբր թե պահակություն էին անում, ազերի խուժանը կարողանում էր մտնել եւ իր սև գործն անել: Հայերի տները օրը ցերեկով թալանում, հայերին ծեծի էին ենթարկում եւ մնում անպատիժ, դեռ ավելին՝ շշուկներ էին տարածում, թե հայերն են անում դա:

«Հույս ունեինք, որ ամեն ինչ շուտով կվերջանա եւ կանցնենք մեր առօրյա կյանքին, սակայն մի օր լսեցինք, որ հարևան թաղում բնակվող հայի տուն են վառել, տան անդամներին էլ վտարել: Ամուսնուս մտերիմ ազերի վարորդը մեզ գիշերով օգնեց, որ փախչենք Բաքվից: Սկեսուրս եւ սկեսրայրս մնացին՝ հույսով, որ կկարողանան տունը վաճառել կամ էլ գոնե փոխանակել: Նրանց դա չհաջողվեց, մի քանի շաբաթ անց մի կերպ կարողացան փրկվել, նույնիսկ հագուստները չկարողացան վերցնել իրենց հետ»,-պատմում է Սիլվան:

Ընտանիքը Ստեփանակերտ եկավ մի կերպ: Նախնական շրջանում ապրում էին Սիլվայի հայրական տանը, սակայն որոշ ժամանակ անց սենյակ ստացան Ստեփանակերտի ղարմետաքսկոմբինատի հանրակացարանում եւ առայսօր այնտեղ են բնակվում: Այնտեղ է ծնվել նաեւ ընտանիքի 4-րդ զավակը:

1989 թվականից առայսօր 6 հոգանոց ընտանիքը բնակվում է մեկ սենյակում, որը ծառայում է թե՛ որպես ննջարան, թե՛ խոհանոց, թե՛ հյուրասենյակ, թե՛ լոգարան: Սենյակում միայն մեկ անկողին, մեկ բազմոց եւ փոքրիկ սեղան է տեղավորվում: Տարիներ շարունակ հատակին են քնել: Շենքի ամեն հարկում ընդհանուր բաղնիք, զուգարան կա, սակայն շատ հին են, եւ այլեւս իրենց նպատակին չեն ծառայում:

12767666_1012355112157681_690199541_n
«27 տարի է՝ մի օր մարդավարի անկողնում չեմ քնել: 27 տարի է՝ այստեղ ենք ապրում, հազիվ առօրյա հոգսերն էինք հոգում: Պատերազմի տարիներին նույնիսկ ժամանակ չկար բնակարանի մասին մտածելու, ամուսինս պատերազմում էր, ես էլ հազիվ 4 երեխաներիս մասին էի հոգ տանում: Այժմ էլ մաքրուհի եմ աշխատում հիվանդանոցում, ամուսինս էլ երթուղային ավտոբուս է վարում. ինչպե՞ս կարող ենք այդ դրամով բնակարան ձեռք բերել: Հանրակացարանի մյուս մասը վերանորոգում են, ասում են շուտով մեր մասն էլ կվերանորոգեն, սակայն էական բան չի փոխվի, միեւնույն մեկ փոքրիկ սենյակը կմնա, սակայն՝ վերանորոգված:

12804004_1012355115491014_151576380_n

Բենիկ եւ Մելանյա Բալայաններ

Միեւնույն հանրակացարանում են ապրում Բաքվից 1989-ին Ստեփանակերտ տեղափոխված Բենիկ եւ Մելանյա Բալայանները՝ զավակների հետ: Ապրում են սենյակում, որի պատերին խոնավությունից մամուռներ են աճում, իսկ սենյակը տաքացնել անհնար է: Շենքի բաղնիքի խողովակները ձմռան ամիսներին պայթում են ցրտից, 5-րդ հարկից մինչեւ առաջին հարկ բաղնիքի հարեւանությամբ ապրող բոլոր բնակիչների տները լցվում են ջրով:

Նրանք երկուսն էլ ծնվել են Բաքվում: Հիշում է, երբ սկսվեցին հակահայկական միտինգները, տնից դուրս գալն անհնար էր դարձել:

«Վախենալով էինք խանութ գնում, աշխատում էինք չերևալ փողոցներում, որովհետեւ արդեն գիտեին ով է հայ, ով՝ ոչ: Միանգամից հարձակվում, լավագույն դեպքում դաժանաբար ծեծում եւ թողում էին փողոցում ընկած: Շատերն էլ մինչև օրս անհայտ կորած են: Հարևանիս օգնությամբ մեքենա գտա եւ ընտանիքս տեղափոխեցի Ղարաբաղ: Որոշ ժամանակ անց վերադարձա՝ հույսով, որ գոնե բնակարանս կկարողանամ փոխանակել: Տեսա, որ տունս արդեն նոր բնակիչներ ունի, խնդրեցի գոնե մի քանի իրեր տան, սակայն չթողեցին ներս մտնել»,- ասում է Բենիկ Բալայանը:

12767576_1012355108824348_1817685327_n
Բենիկն այսօր պահակ է աշխատում, կինը՝ Մելանյան, քաղաքի ռեստորաններից մեկում: Ասում են՝ սոված չեն մնում, սակայն բնակարանի կարիքն աննկարագրելի մեծ է:

«Զավակներս էլ հազիվ իրենց ընտանիքներն են պահում, արտագնա աշխատանքի են գնում, որ մի կերպ հասցնեն իրենց նորաստեղծ ընտանիքները պահել»,- ասում է Մելանյան:

12736207_1531523323810986_1762908964_n

Իրինա Պողոսյան

Իրինա Պողոսյանը Բաքու է տեղափոխվել 1978-ին՝ ամուսնանալուց հետո: Ամուսինը՝ Յուրան, արմատներով Արցախից է, սակայն ծնվել, մեծացել է Բաքվում: Ընտանիքը մեծ էր: Բնակվում էին սկեսրայրի ձեռքով կառուցված մեծ առանձնատանը:

«1988-ին երկու ազերի տան դուռը ծեծեցին եւ հարցրին, թե արդյոք տունը վաճառվու՞մ է, ասացի՝ չի վաճառվում, սխալ հասցե են ձեզ տվել, ասացին՝ դուք չեք էլ կարողանա վաճառել տունը, մենք այն ձրի կվերցնենք: Անկեղծ ասած՝ այդ պահին չհասկացա խոսքերի իմաստը»,- հիշում է Իրինան:

Գնալով իրավիճակն ավելի էր լարվում: Թե՛ տրասնպորտում, թե՛ շուկայում, թե՛ ամենուր խոսակցություններ էին գնում, որ հայերին շուտով կվտարեն Ադրբեջանից: Իրինան ասում է՝ վստահություն ուներ, որ իրավիճակը կշտկվի, սակայն հաջորդեցին Սումգայիթյան ջարդերը:

«Տեգրկնոջս հարազատները Սումգայիթում էին ապրում: Սումգայիթյան ջարդերի ժամանակ սպանեցին նրա մեծ քեռուն, իսկ մյուս քեռուն դաժանաբար ծեծեցին, ականջներն ու քիթը կտրեցին, հոգեկան շեղումներ ստացավ եւ մահացավ: Բոլոր լուրերը մեզ էին հասնում: Ով կպատկերացներ, որ Խորհրդային Միությունում օրը ցերեկով հնարավոր է այդպիսի եղեռնագործություններ գործել եւ անպատիժ մնալ»:

Իրինան նշում է, որ չնայած Բաքվի կոտորածների օրը համարվում է 1990 թվականի հունվարի 13-19-ը, սակայն դրանից շատ ավելի առաջ արդեն սկսել էին ահաբեկել Բաքվում ապրող հայ բնակչությանը:

«1989-ին տեգրս ավտոբուսով աշխատանքից էր վերադառնում, երբ իմացան, որ ավտոբուսում դաժանաբար հայ են ծեծել եւ շարժվող ավտոբուսից դեն նետել: Իսկ մի քանի օր անց, կեսգիշերին մեր տան բակ ինքնաշեն պայթուցիկ գցեցին: Հասկացանք, որ ազգային հողի վրա կատարվող հանցագործություններ են, եւ դրանց վերջ չկա»:

Շուտով երեխաներին ուղարկեցին Ղարաբաղ: Այնուհետեւ ամուսնու հետ տեղափոխվեցին:

«Նախքան մեկնելը, լեզգի հարեւանս ինձ մի ադրբեջանական գլխաշոր նվիրեց, ասաց՝ սահմանակետն անցնելիս կփաթաթեց գլուխդ: Այդպես էլ արեցի, եւ անփորձանք Ղարաբաղ հասանք»:

Սկեսուրը եւ սկեսարայրը մինչեւ 1990 թվականը մնացին Բաքվում՝ փորձելով վաճառել կամ էլ փոխանակել տունը, սակայն դա նրանց չհաջողվեց, ընդհակառակը՝ ականատեսը եղան Բաքվում կատարված շատ ավելի սարսափելի իրադարձությունների:

Սկեսարայրը Բաքվից Երևան տեղափոխող գնացքում սրտի կաթված ստացավ եւ մահացավ:

Ղարաբաղ տեղափոխվելուց հետո դժբախտ պատահարից մահացավ նաեւ Իրինայի՝ ամուսինը՝ Յուրան:

Առայսօր Իրինան ապրում է իր հայրական տանը՝ մոր եւ եղբայրների հետ՝ հույսով, որ մի օր իր սեփական անկյունը կունենա:

Արմինե Նարինյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս