«Նոր իրադրությունն ակնհայտորեն կազդի ԵՄ-ի հետ Հայաստանի տնտեսական և առևտրային համագործակցության ապագա մակարդակի վրա». Ֆ. Մոգերինիի բացառիկ հարցազրույցը 168.am-ին

Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: 168.am-ը բացառիկ զրույց է ունեցել ԵՄ Բարձր ներկայացուցչի հետ նրա ՀՀ կատարելիք այցի օրակարգի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների, բանակցվող նոր համաձայնագրի, ԼՂ հակամարտության և մի շարք այլ հարցերի շուրջ:

– Տիկին Մոգերինի, Հայաստան-ԵՄ հարաբերություններում երկամյա ճգնաժամից հետո արդեն մեկնարկել է Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր փուլը։ Դուք պատրաստվում եք այցելել Հայաստան ուկրաինական հակամարտությունից հետո այս նոր փուլի ընթացքում, որը բացահայտեց բազմաթիվ նոր խնդիրներ և հանգամանքներ, որոնք հաշվի չէին առնվել Արևելյան գործընկերության ծրագրի մշակման ընթացքում դրանցից մեկը Ռուսաստանի ազդեցությունն էր ԵՄ Արևելյան հարևանության գոտում։ Ինչպիսի՞ դասեր է ԵՄ-ն քաղել վերջին զարգացումներից, և ինչպիսի՞ առաջարկներով կամ օրակարգով եք Դուք այցելելու Հայաստան։

– Արևելյան գործընկերությունը միշտ համատեղ նախաձեռնություն է եղել և միշտ ձևավորվել է թե՛ Եվրամիության, թե՛ վեց գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ռիգայում կայացած մեր վերջին գագաթաժողովի ժամանակ, բոլոր վեց գործընկերների հետ համատեղ, համաձայնության եկանք համագործակցության չորս գերակա առանցքային ոլորտների վերաբերյալ՝ կենտրոնանալով մեր գործընկեր պետությունների կայունության ամրապնդման ուղիների վրա։ Մեր գործընկերներից ոմանք որոշել են շարունակել սերտ քաղաքական ասոցիացումը և տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին։ Մյուսներն այլ մոտեցում ունեն։ ԵՄ-ն ողջունում է մեր գործընկերներից յուրաքանչյուրի, այդ թվում և՝ Հայաստանի կատարած այս ինքնիշխան ընտրությունը։

Մենք աջակցել ենք և շարունակելու ենք աջակցել ժողովրդավարական հաստատությունների և պատշաճ կառավարման ամրապնդմանը, տրամադրել առևտրային հնարավորություններ Հայաստանի և ԵՄ-ի տնտեսվարողներին, խթանել փոխազդեցությունները և շփումը մեր քաղաքացիների միջև բազմապիսի ձևաչափերով, նպաստել էներգետիկ և տրանսպորտային միակցումներին՝ այս կերպ մեծացնելով մեր գործընկերների՝ հավանական ճնշումներին դիմակայելու կարողությունը։ Ես տեսել եմ Հայաստանի հանձնառությունը՝ ամրապնդել համագործակցությունը ԵՄ-ի հետ Ռիգայում, և այնուհետ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր բազմակողմ հանդիպումների և նոր համաձայնագրին ուղղված մեր երկկողմ աշխատանքային հանդիպումների ընթացքում։ ԵՄ-ն ունի նույն հանձնառությունը, և մենք տրամադրում ենք զգալի ֆինանսական և տեխնիկական աջակցություն, որն ուղղված է Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավմանը։ Ուղերձը, որը ես կբերեմ Երևան, պարզ է. եկեք առաջ մղենք անցյալ տարվա ընթացքում թափ հավաքած ջանքերը և համատեղ կազմենք մեր հետագա համագործակցության դրական օրակարգը՝ մշտապես մտքում պահելով մեր փոխադարձ հետաքրքրությունները։

– Կողմերը բանակցություններ են սկսել՝ կազմելու նոր համակողմանի քաղաքական և տնտեսական համաձայնագիր։ Ակնհայտ է, որ Հայաստանը սահմանափակում ունի ԵՄ-ի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման հարցում, բայց տեղեկատվություն կա, որ նոր փաստաթուղթը նաև տնտեսական բաղադրիչ ունի։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կամ որքանո՞վ է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին խոչընդոտում Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Ի՞նչ տեսք կունենա նոր փաստաթուղթը։ Կարո՞ղ ենք խոսել նաև տնտեսական հարաբերությունների մասին։

Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) ինքնին խոչընդոտ չէ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համագործակցության համար։ Թույլ տվեք մտաբերել այն, որ ԵՄ-ն և Հայաստանը գնահատում են իրականացրել նախքան բանակցությունների մեկնարկը՝ տեսնելու, թե մինչև ուր կարող է հասնել մեր համագործակցությունը նոր համատեքստում։ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրումը, այնուամենայնիվ, առաջ է բերում առևտրային մարտահրավերներ, հատկապես այն պատճառով, որ ԵՏՄ անդամ պետությունները, այդ թվում՝ նաև Հայաստանը, սակագների, ինչպես նաև այլ առանցքային առևտրային քաղաքականությունների վերաբերյալ իրենց ինքնիշխանությունը տեղափոխել են Եվրասիական միության մակարդակ և այդ պատճառով չեն կարող իրականացնել կամ ներդնել որևէ անկախ երկկողմ առևտրային քաղաքականություն, օրինակ՝ ստորագրելով ազատ առևտրի նոր համաձայնագրեր։ Այս նոր իրադրությունն ակնհայտորեն կազդի ԵՄ-ի հետ տնտեսական և առևտրային համագործակցության ապագա մակարդակի վրա, սակայն համաձայնագրի այս, ինչպես նաև՝ այլ մասերի նկատմամբ մեր հավակնությունները մեծ են։

Վերջերս Եվրոպական Հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Լյուկ Պիեր Դևինիեն ասաց. «Այս անգամ մի վախեցեք, ստորագրեք բանակցված համաձայնագիրը»։ Սա նշանակում է, որ ԵՄ պաշտոնյաները մտածում են, որ Հայաստանը վախեցավ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, կամ Հայաստանին վախեցրել էին։ Այս փաստը հաշվի առնելով՝ ԵՄ-ն պատրաստվո՞ւմ է Հայաստանին տրամադրել ավելի օբյեկտիվ երաշխիքներ՝ ապահովագրելու Հայաստան-ԵՄ հարաբերություններն ապագա ռիսկերից։ Անվտանգության ինչպիսի՞ երաշխիքներ կարող է ԵՄ-ն առաջարկել Հայաստանին, եթե դա հնարավոր է։

– Մենք միշտ հստակ ասել ենք, որ մեր արևելյան գործընկերներն են որոշում, թե ԵՄ-ի հետ ինչպիսի հարաբերություններն են իրենց համար լավագույնը։ Ինքնիշխան պետություններն իրավունք ունեն որոշել իրենց ապագան, մշակել իրենց սեփական քաղաքականությունը և որոշել իրենց առաջխաղացման ուղիները՝ ի շահ իրենց ժողովրդի։ Ցանկացած ամուր գործընկերության հիմքը հարգանքն է։ Վերջերս տեղի ունեցած վերանայման արդյունքում Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ) կենտրոնանում է մեր բոլոր գործընկեր պետությունների կայունության և դիմակայության ամրապնդման վրա, անկախ ԵՄ-ի հետ նրանց ինտեգրման կամ քաղաքական ասոցիացման մակարդակից։ Միայն բնական է, որ ԵՀՔ-ում ավելի մեծ դեր է հատկացվել անվտանգությանը՝ մեծացնելու տարածաշրջանի դիմակայումը սպառնալիքներին, որովհետև այսօր մենք ապրում ենք շատ ավելի վտանգավոր աշխարհում և դժվարին պայմաններում։ ԵՄ-ի աջակցությունն իր բոլոր արևելյան գործընկերներին եղել է և կմնա անսասան։

Քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Հայաստանի խոցելի կետն է։ Հայաստանը կախում ունի Ռուսաստանից անվտանգության ոլորտում, ինչը գործիք է Ռուսաստանի ձեռքին, ինչպես պնդում են բազմաթիվ փորձագետներ։ Հաշվի առնելով Հարևանության վերանայված քաղաքականությունը՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը հուսալ, որ այս ոլորտում նույնպես կարժանանա ԵՄ-ի աջակցությանը։

Երբ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, մեր դիրքորոշումը քաջ հայտնի է՝ պետք է լինի հակամարտության խաղաղ կարգավորում, և մենք կշարունակենք աջակցել Մինսկի խմբին և նրա համանախագահներին՝ օգնելու նրանց լուծումներ որոնելու ջանքերին։ Բայց երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ չկա ռազմական լուծում, իսկ ներկայիս ստատուս-քվոն անկայուն է։ ԵՄ-ն հետևողականորեն զսպվածության և երկու կողմերից ԵԱՀԿ-ի վարած բանակցային ջանքերին հետագա մասնակցության կոչեր է արել։ Մենք նաև ֆինանսական աջակցություն ենք տրամադրում վստահության ձևավորման կոնկրետ գործողությունների, որոնք կգան լրացնելու ԵԱՀԿ-ի ջանքերը։ Ավելին, և, ինչպես արդեն ասել եմ վերը, անվտանգությանն ավելի մեծ դեր կհատկացվի Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության մեջ՝ խնդրո առարկա երկրներից յուրաքանչյուրում անկայունության գործոնների մանրակրկիտ վերլուծության հիման վրա։ Սա կբացի համագործակցության նոր ոլորտներ, ներառյալ՝ հակամարտության կարգավորումը, պայքարն ահաբեկչության և արմատականության դեմ և անվտանգության հատվածի բարեփոխումը։

– Եվ վերջին հարցը։ Դեսպան, Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կոչ արեց հայաստանյան իշխանություններին՝ պատշաճ կերպով հետաքննել դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղ գտած կեղծիքների մասին՝ ընդդիմության, անկախ դիտորդների և ԶԼՄ-ների կողմից բարձրաձայնված «արժանահավատ» պնդումները։ Ինչպե՞ս կազդի այս կոչերին հայաստանյան իշխանությունների արձագանքը Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների վրա։ Այս հարցը տալիս եմ, քանի որ Հայաստանում ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունները չեն պատրաստվում հետաքննություն սկսել։

Բոլոր ենթադրյալ կեղծիքների թափանցիկ հետաքննությունը կենսականորեն կարևոր է՝ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման և դրանց օրինականության ապահովման համար։ Բացի այդ, հարկ է ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե կեղծիքների մասին այս պնդումները հաստատվեն։ ԵՄ-ն ողջունում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի 2016թ․ փետրվարի 5-ի վերջնական զեկույցը, և մենք համաձայն ենք զեկույցում ներկայացված, ինչպես նաև՝ նախկինում արված դիտարկումներին և առաջարկություններին, որոնք դեռևս հարկ է հաշվի առնել։ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը պետք է իրականացնել համագործակցաբար, և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսում ենք գործադրել բոլոր խելամիտ ջանքերը լայն կոնսենսուս ձեռք բերելու համար։ Իշխանության կողմից հանրային վստահության մակարդակը բարձրացնելու ջանքերն ամրապնդելու համար հարկ է համաձայնության գալ ամենաէական խնդիրների շուրջ, իսկ բարելավված երաշխիքները պետք է նպաստեն արդեն մյուս տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականության ավելի բարձր մակարդակի ապահովմանը։

Տեսանյութեր

Լրահոս