«Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է որոշում կայացնեն». Փոլ Գոբլ

«168 Ժամի» զրուցակիցն է ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը

– Պարոն Գոբլ, օրերս ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը հայտարարել է 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հավանականության մասին, ապա ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն է զգոնության կոչով դիմել հակամարտող կողմերին այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, և՛ Հայաստանի հասցեին բավականին կոշտ ու ռազմատենչ հռետորաբանություն են կիրառում, իսկ տարածաշրջանում ռուս-թուրքական հակամարտությունը Սիրիայի շուրջ ավելի ու ավելի է թեժանում։ Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման հավանականությունը բարձրացե՞լ է։

– Այն բոլոր զարգացումները, որոնք մատնանշեցիք, անհանգստացնող են, քանի որ այդ բոլոր բևեռներում իրավիճակը պայթյունավտանգ է թվում, ինչը մյուս հակամարտ գոտիներում հեշտացնում է որոշակի խնդիրների լուծումը մեկ կողմի համար։ Այս տեսանկյունից Հարավային Կովկասի շուրջ իրավիճակն իսկապես խոցելի է։ Սակայն, ինչպես նշել եմ, իմ կարծիքով՝ ԼՂ հակամարտության գոտում առկա ամենամեծ սպառնալիքն այսօր Ադրբեջանում տիրող տնտեսական և քաղաքական իրավիճակն է։ Մշտապես պնդել եմ, որ հակամարտությունը չի կարգավորվում, քանի որ այն նաև հակամարտող երկրների իշխանությունների համար ներքին խնդիրները լուծելու գործիք է։ Այս դեպքում այս գործիքն անհրաժեշտ է Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանի ներսում իրավիճակը չափազանց խոցելի է իշխանության համար՝ միանգամից մի քանի խնդիրներ են գլուխ բարձրացրել։

Բնականաբար, եթե Ադրբեջանում ստեղծված անկայունությունն էլ ավելի խորանա, Ադրբեջանը պետք է դիմի հարձակումների և սադրանքների՝ հայկական ուժերի դեմ ադրբեջանական հանրության տարբեր շերտերին ներքին խնդիրներից շեղելու նպատակով։ Այս տեսանկյունից համաձայն եմ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի դիտարկումների հետ։ Դրական է, երբ հակամարտության նկատմամբ ուշադրությունը բարձրանում է, քանի որ հավելյալ աչքը դրական է անդրադառնում կողմերի մտադրությունների վրա, իսկ դրա բացակայությունը՝ մղում անցանկալի գործողությունների։ Լրացուցիչ ուշադրության պայմաններում, վստահ եմ, լայնամասշտաբ ռազմական գործողությունները քիչ հավանական կլինեն։ Վստահ եմ նաև, որ հանդիպումներն այնուամենայնիվ օգտակար են, քանի որ երկխոսությունը շատ հարցեր է փոխում։

– Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնում, որ տարին բանակցային տեսանկյունից արդյունավետ կլինի, այնինչ, այնուամենայնիվ, Ադրբեջանի մեղադրանքները նվազեցնում են Մինսկի խմբի հեղինակությունը, հատկապես, երբ Իրանը ևս հավակնում է միջնորդական առաքելություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

– ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ չէ հակամարտությունը կարգավորելուն նաև արտաքին մի կարևորագույն խնդրի պատճառով, սակայն խմբում ներառված են դիվանագետներ, որոնց պարտքն է լավատեսություն արտահայտելը։ Միջազգային հանրությունը, ինչպես և՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ցանկանում է հավասարակշռել երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման միջև։ Խնդիրն այն է, որ այս երկու սկզբունքն էլ առկա են այս հակամարտությունում։ Իմ համոզմամբ՝ հակամարտությունն ապագայում ևս շարունակվելու է այնքան, մինչև այս երկու հնարավոր սցենարից մեկը կատարվի՝ կամ Ադրբեջանը որոշի, որ չի ցանկանա խնդիրների առնչվել թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում իր տարածքները ետ բերելով, կամ Հայաստանը որոշի, որ իր տնտեսական իրավիճակն այնքան վատ է, որ չի կարող շարունակել գոյությունը՝ ունենալով փակ սահմաններ։ Ողբերգությունն այն է, որ յուրաքանչյուր կողմ կարող է իր որոշումը կայացնել, բայց ոչ անպայմանորեն համաձայնելով կարգավորման։ Ինչ վերաբերում է Իրանի հավակնություններին, ապա Իրանի հավակնությունների հետ հաշվի կնստեն բոլորը։ Կարծում եմ, որ բանակցություններին Իրանի մասնակցության հարցը կլուծվի ի օգուտ Իրանի։ Սակայն այս պահին դժվար է ասել՝ ինչ ձևաչափ կարող է կիրառվել։ Այնուամենայնիվ ես մնում եմ այն կարծիքին, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես երկու կողմերի մասնակցությամբ։

– Զբաղված լինելով Սիրիայում և Թուրքիայի հետ բարդացած հարաբերություններով՝ Ռուսաստանն այսօր, ըստ Ձեզ, ի՞նչ դերակատարություն ունի հակամարտության ներկայիս ընթացքում։

– Կարծում եմ՝ նույն դերակատարությունը, ինչ նախկինում։ Ռուսաստանը փորձում է պահել այս հակամարտությունը իր աշխարհաքաղաքական շահերի, և ոչ՝ Ադրբեջանի ու Հայաստանի համար։ Հարմար առիթի դեպքում Ռուսաստանը կդավաճանի կողմերից ցանկացածին, ինչը ցույց տվեց ուկրաինական հակամարտությունը։ Այսօր պարզապես Ռուսաստանը չի կարող Ադրբեջանի հետ բարելավել իր հարաբերությունները՝ ելնելով ռուս-թուրքական հարաբերություններից։ Ցանկացած առիթի դեպքում դա տեղի կունենա, որի հետևանքները, կարծում եմ, ակնհայտ կլինեն։

– Այդ դեպքում ո՞րը կլինի ԱՄՆ-ի արձագանքը։

– Հարավային Կովկասում ԱՄՆ-ն իր ողջ ներուժով ներկայացված չէ։ Դա ունի իր օբյեկտիվ պատճառները։ Անցյալում ԱՄՆ-ի նախաձեռնած խաղաղությանը միտված գործընթացներն այդ տարածաշրջանում ավելի մեծ ներուժ ունեցող երկիր տապալել է։ Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությունը կարող է շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ պետք է ասեմ, որ ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է և այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել է։

Տեսանյութեր

Լրահոս