Զվարթնոցի տաճարի արծվաքանդակ խոյակները ցուցադրվել են անգամ Լուվրում
Արծվաքանդակ խոյակները Զվարթնոցի տաճարի ամբողջ մտահղացման պսակն են, որոնք եզակի երևույթ են վաղ միջնադարի հայկական (և ոչ միայն հայկական) ճարտարապետության մեջ: Հելլենիստական ճարտարապետության մեջ ևս լայն տարածում ունեն կենդանագլուխ խոյակները, ընդ որում` որոշակի տեղ է գրավում նաև արծվի պատկերումը: Այդ նույն մոտիվները զգալի տարածում են գտել նաև բյուզանդական ճարտարապետության մեջ: Արծվի պատկերը հաճախ է օգտագործվել ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական միջնադարյան հերալդիկայում (խորհրդանշանների համակարգում):
«Զվարթնոց» տաճարի բոլոր չորս արծվախոյակներն էլ պահպանվել են համեմատաբար լավ վիճակում: Ուշագրավ է, որ արծիվներից ոչ մեկը նույնությամբ չի կրկնում մյուսին և նրանցից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ գծերը: Սակայն, հնարավոր չէ չնկատել, որ բոլոր արծիվներն էլ ձգված են դեպի վեր, բացել են թևերը և պատրաստ են թռչելու. պատկերված է հենց այն պահը, երբ արծիվները պոկվում են գետնից: Այստեղ կա իրար նայող արծիվների երկու զույգ: Հարավ-արևմտյան և հարավ-արևելյան անկյուններում տեղադրված արծիվների գլուխները համապատասխանաբ ար թեքված են դեպի աջ ու ձախ և նրանք, կարծես, նայում են միմյանց: Ուշագրավ է, որ զգալիորեն տարբերվում են արևմտյան ու արևելյան կողմերում դասավորվածները: Այս կոմպոզիցիան, որը լավ հայտնի է հին արևելքում, իր ցայտուն դրսևորումն է գտել հայկական զարդարվեստի հնագույն հուշարձաններում:
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով` արծիվների գլուխների աջ կամ ձախ թեքված լինելը բոլորովին ինքնանպատակ չէ. «Արծիվների գլուխները դեպի աջ կամ դեպի ձախ շրջելը, ցույց է տալիս, թե որ ուղղությամբ ես դու իշխում կամ որտեղ նպատակ ունես իշխելու՝ արևելքում, արևմուտքում թե երկու ուղղությամբ էլ: Տվյալ դեպքում «Զվարթնոց» տաճարի արծիվների՝ երկու ուղղությամբ թեքվելը պայմանավորում է նրանց՝ որպես ճարտարապետական կառույցի, եզակիությունը համաշխարհային ճարտարապետության մեջ»:
Արծիվների այսպիսի դասավորությունը չէր կարող պատահական լինել և, չբացառելով քրիստոնեական սիմվոլիկայի դերը, պետք է նշել, որ նրանց ընդհանուր կոմպոզիցիայի հարցում որոշակի նշանակություն են ունեցել նաև աշխարհիկ մտածողությունն ու աշխարհիկ արվեստի հուշարձանները: Արծիվները՝ որպես պահապան էակներ, լավ հայտնի են եղել V-VII դարերի արվեստի գործերում:
«Զվարթնոց» տաճարի արծվաքանդակ խոյակներից մեկը, որը կշռում է 2տ. 40 կգ, 2007 թվականին տարվել է Փարիզ՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ Լուվր թանգարանում ցուցադրելու նպատակով:
«Լուվրում ցուցադրված արծվաքանդակ խոյակն ընդգրկվեց ցուցադրության մեջ իր կատարողական վարպետության և վաղ միջնադարում հայկական ու անդրկովկասյան ճարտարապետության մեջ եզակին լինելու շնորհիվ՝ խոյակի վրա նման թևատարած արծիվ չկա և ոչ մի տեղ»,- ավելացրեց Աշոտ Փիլիպոսյանը:
«Բոլորովին ինքնատիպ են նաև արծվաքանդակ կրող խոյակներու ձևը, որը միմիայն Զվարթնոց եկեղեցիին մեջ գործածված է. պետքն է որ ստեղծեր է այդ ձևը և արտասովոր մեծությունը, ոչ թե ճաշակը: Այդ խոյակներու վրա է, որ նստեր են աջ ու ձախ կողմերեն՝ ութ մեծ աղեղներու յուրաքանչյուր ծայրերը, ետևի կողմեն զիրենք մայր սյուներուն միացնող գմբեթներու ոտքը, և առջևեն, դրսի պատեն մեկնող կամարին մասը: Այդ ձևով և այդ մեծությամբ խոյակը մը միայն կրնար հանգիստ տալ չորս զանազան կողմերե անհավասար չափերով և անկանոն ուղղությամբ եկող կամարներու ծայրերուն»,- Զվարթնոց տաճ արի արծվաքանդակ խոյակների ինքնատիպության մասին միանգամայն իրավացիորեն հիշատակում է Թորոս Թորամանյանը:
Մեկ այլ տեղ Թորամանյանը հիշատակում է, որ «…անոնց վրա քանդակված արծիվներն ալ շատ կարելի է հայկական ավանդության մը հետ կապված են»: