«ԵԽ ԽՎ զեկույցները բանաձևեր են, չունեն որևէ իրավական ուժ». Կարեն Բեքարյան

«Չեմ կարծում, որ նորմալ է, ու կարելի է բնական համարել, երբ ազգաբնակչության առօրյային, նրա բնականոն ընթացքին, կենսագործունեությանը վերաբերող խնդիրներին այդ ազգաբնակչության ներկայացուցիչները չեն մասնակցում: Հետևաբար՝ խիստ անբնական է, որ այդ ամենին մասնակցություն չեն ունեցել ԼՂՀ ներկայացուցիչները՝ անկախ նրանց քաղաքական ճանաչումից: Սա հետագայում պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ խոսելով նախօրեին ԵԽ ԽՎ լիագումար նիստում քվեարկության դրված երկու հակահայ բանաձևերի մասին:

Շարունակելով այս հարցը, նա նշեց, որ Եվրոպայի խորհուրդը՝ ընդհանրապես, և ԵԽ ԽՎ-ն՝ մասնավորապես, մարդու իրավունքների, ժողովրդավարության, խոսքի ազատության, քաղաքացիական հասարակության կայացման հիմնական առաքելությունների ու նպատակների վրա նստած կառույց է, և այստեղից առաջանում է խնդիր՝ սահմանները, երկրների ճանաչում-չճանաչումը, քաղաքական խնդիրները նրա համար չեն կարող լինել առաջնահերթություն, քան մարդու իրավունքները, ու հետևաբար՝ սա, ըստ նրա՝ անբնական էր.

«Երկրորդ՝ ԵԽ ԽՎ-ն ունեցել է այդպիսի փորձ՝ անկախ քաղաքական ճանաչումից՝ քննարկումների ժամանակ քննարկման թեմային առնչվող կողմերի հետ ուղղակի մասնակցությունն ապահովելու, օրինակ՝ Կոսովոն, Հյուսիսային Կիպրոսը: Այս պարագայում նման մոտեցումը պետք է դիտել անբնական»:

Առհասարակ, պատգամավորը կարծում է, որ ԵԽ ԽՎ-ում նախօրեին քվեարկության դրված երկու հակահայ բանաձևերն էլ բավականին անբնական, աննորմալ պայմաններում են պատրաստվել. «Երկու զեկույցն էլ եղել է միակողմանի, քանի որ զեկույցների պատրաստման ընթացքում դրանք պատրաստողները չեն այցելել այն երկիր, որին վերաբերում էին զեկույցները»:

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ ԵԽ ԽՎ-ն կոնֆլիկտների քաղաքական կարգավորման որևէ փորձ չունի՝ առնչվելու կամ միջնորդի դերակատարություն ստանձնելու.

«Այս պարագայում դառնում է խիստ անբնական, որ նա դուրս է գալիս իր առաքելության, մանդատի շրջանակներից ու փորձում ինչ-որ ձևով քաղաքական նկատառումներ արտահայտել զեկույցներում: Եթե, օրինակ, Միլիցա Մարկովիչի զեկույցը մենք կարող ենք դիտել սոցիալական կամ հումանիտար, մարդասիրական ասպեկտի ներքո, եթե զեկույցում առկա չլինեին քաղաքական երանգներ, ապա Ուոլթերի զեկույցը լրիվ քաղաքական դաշտ մտած զեկույց է»:

Կ. Բեքարյանը նկատեց՝ խորհրդարանականները շատ լավ գիտեին, որ կա կոնֆլիկտով զբաղվող կառույց՝ ԵԱՀԿ ՄԽ, և ըստ նրա՝ փորձել ինչ-որ հարակից էլեմենտներով ինչ-որ «նպաստ» բերել, բայց իրականում վնասել նաև գործընթացին, ևս անբնական է, քանի որ պատգամավորը նշեց, որ նման կառույցների պարագայում առաջին խնդիրը պետք է լինի «մի՛ վնասիր» սկզբունքը:

Այս ամենի հետ մեկտեղ՝ Եվոպայի խորհուրդն այն կառույցն է, որի լիիրավ անդամն ենք և պետք է չունենանք որևէ բարիկադավորման խնդիր այդ կառույցի հետ: Դա կլինի առավել քան անբնական: Եվ հետևաբար՝ ցանկացած նման դրսևորումներ մեզ պետք է տեղիք տան մտածելու՝ հետագայում մեր աշխատանքն ինչպես կազմակերպել: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն կամ մեր խորհրդարանական պատվիրակությունը պետք է աշխատանք ծավալեն ինչ-որ բարեփոխումների շրջանակում: Սա շատ կարևոր է հետագայում աշխատանքները պլանավորելու առումով: Երկրորդ էական հանգամանքն այն է, որ մեր խորհրդարանական դիվանագիտության գործիքները պիտի բարեփոխումների էտապ անցնեն, որպեսզի մենք ինչ-ինչ պահերի ամենավերջում արձագանքի չսպասենք: Այստեղ հարցն անձանց չի վերաբերում, սա ինստիտուցիոնալ խնդիր է»:

Ամփոփելով զեկույցները՝ պատգամավորը նշեց, որ Ռոբերտ Ուոլթերի զեկույցի դեպքում հաղթեց բանականությունը, այդ զեկույցի մերժումը դրա վառ արտահայտությունն է.

«Պետք է նկատել, որ սա չէր կարող լինել ինքն իրեն, սա աշխատանքի արդյունք է, որի հիմնական բեռը պատվիրակությանն էր, ու կարծում եմ, որ նաև որոշակի գործոններ իրենց դերն ունեցել են: Կարևոր էր ՄԽ համանախագահների հայտարարությունը, որը, ի տարբերություն նրանց շատ դեպքերում արված հայտարարություններին, շատ հասցեագրված էր: Իսկ Մարկովիչի զեկույցն անցավ մի քանի ուղղումներով, որոնցից երկուսը Սոցիալական հանձնաժողովի կողմից առաջարկված ուղղումներն էին, որոնք ուղղակի տեքստի բարելավում էին ու որևէ այլ խնդիր չէին լուծում, երկու ուղղում էլ եղավ մեր պատվիրակության առաջարկների հիման վրա, և մեկ ուղղում՝ ադրբեջանական: Չեմ կարծում, որ այդ ուղղումները որևէ էական փոփոխություն բերեցին զեկույցի այն տարբերակին, որը դրված էր քննարկման, ու կարելի է ասել, որ այս պարագայում հաջողեց ադրբեջանական կողմը, և Մարկովիչի զեկույցն անցավ: Ռոբերտ Ուոլթերի զեկույցն իր կշռով հավասարազոր չէր Մարկովիչի զեկույցին: Նույն դաշտում, կշեռքի նույն նժարին դնելը սխալն է, կշիռները որևէ կերպ նույնը չեն: ԵԽ ԽՎ զեկույցները բանաձևեր են, չունեն որևէ իրավական ուժ, դրանք քաղաքական ֆոնի էլեմենտն են դառնում և որոշակիորեն ցույց են տալիս տրամադրություններ: Սա նշանակում է, որ այս զեկույցներն իրական քաղաքականության վրա, որոշումների ընդունման գործընթացի վրա ունեն բավականին չնչին ազդեցություն»:

Հիշեցնենք, որ երեկ ԵԽ ԽՎ լիագումար նիստում ընդունվել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևի նախագիծը՝ մի շարք փոփոխություններով: Բանաձևն ընդունվել է 98 «կողմ», 71 «դեմ» և 40 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: Իսկ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը տապալվել է. դահլիճում ներկա պատգամավորներից 66-ը քվեարկել էր «կողմ», 70-ը՝ «դեմ», և 45-ը՝ «ձեռնպահ»:

Տեսանյութեր

Լրահոս