«Մինսկի խումբը գտնվեց իր բարձրության վրա, և իր գործունեության ողջ ընթացքում աննախադեպ քայլ կատարեց». Գագիկ Մինասյան

«Բավականին բարդ է միջազգային խորհրդարանական վեհաժողովներում պաշտպանել հայկական տեսակետը, որտեղ մի մեծ թուրքական և ադրբեջանական լոբբի է աշխատում. պահանջվում է մեծ ջանք և եռանդ, որպեսզի հնարավոր լինի նման բանաձևեր չանցկացնելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ խոսելով երեկ ԵԽ ԽՎ-ում քննարկված հակահայկական բանաձևերի մասին:

Հիշեցնենք, որ երեկ ԵԽ ԽՎ-ում երկու հակահայկական բանաձևերից Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը չընդունվեց, սակայն Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցն ընդունվեց:

ՀՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանում կատարվեց մեծածավալ աշխատանք, որտեղ դրված էր այն, որ եթե ԵԽ ԽՎ-ն գնա այդ ճանապարհով,  ինքը մեծ խնդիր կստեղծի Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար. «Այդ առումով մեծ աշխատանք կատարվեց, ու մեզ հաջողվեց բանաձևերից ամենավտանգավորը ընդունել չտալ: Մյուսը, որը նույնպես դեստրուկտիվ է, այդուհանդերձ, ընդունվեց: Մեկ անգամ ևս մենք ապացուցեցինք, որ եթե մենք միահամուռ աշխատում ենք, ապա լավ արդյունքներ ենք ունենում»:

Գ. Մինասյանը նկատեց, որ մեր դեմ աշխատում է ոչ միայն Ադրբեջանը՝ իր մեծ ռեսուրսներով, այլև իր «եղբայրը»՝ Թուրքիան. «Երբեք որևէ պարագայում զիջել չի կարելի: Մինսկի խումբը գտնվեց իր բարձրության վրա, և իր գործունեության ողջ ընթացքում աննախադեպ քայլ կատարեց: Պետք է աշխատենք Մինսկի խմբի համանախագահների հետ»:

Կարդացեք նաև

Խոսելով Ադրբեջանի ճգնաժամի մասին՝ Գ. Մինասյանը նշեց, որ այն մի շերտում չի գտնվում, խնդիրը միայն նավթային չէ. «Այն տոտալիտար երկիր է, ու նման երկրներում խնդիրները անխուսափելի են. «Ադրբեջանի հնարավորությունները քաղաքական առումով առաջիկայում պետք է նվազեն: Այս պարագայում մենք չպետք է զարմանանք, որ իր հասարակության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանը պետք է ղարաբաղաադրբեջանական սահմանին լարված իրավաիճակ ստեղծի: Մենք պետք է վճռական պատասխան տանք»:

Պարզաբանելով, թե ինչ է ենթադրում հակայակական զեկույցի ընդունումը, Գ. Մինասյանն ասաց, որ այդպիսի բանաձևերը պարտադիր կիրառման ուժ չունեն, բայց դրանք չպետք է անտեսել. «Մենք պետք է անենք այն, ինչ արել ենք այս խնդրի առումով: ԼՂՀ-ն, որ այդ ջրային ռեսուրսների տերն է, պետք է միջազային հանրությանը ներկայացնի իր սկզբունքային դիրքորոշումը՝ ցանկացած հարց պետք է լուծվի երկկողմ բանակցությունների միջոցով: Եթե այդ բանակցություները տեղի ունենան, կտրվի լուծում, որը ճիշտ կլինի կլինի երկու պետությունների ժողովուրդների համար: Կարելի է այս բանաձևը ևս մեկ անգամ հարթակ դարձնել հայակական կողմի տեսակետը նորից արտահայտելու համար»:

Հարցին՝ եթե տևական աշխատանք տարվեր հայկական կողմի կողմից, այլ ոչ թե միայն վերջին ամիսներին աշխատեին, հնարավոր կլինե՞ր կանխել այդ բանաձևերի ընդունումը, ՀՀԿ-ական պատգամավորը  պատասխանեց. «Մի կողմից, հետևողական աշխատանք տանելը շատ կարևոր է, բայց դիմացինը ևս չի ննջում, նրա ռեսուրսները բավական շատ են: Ռեսուրսները, որ ունի թուրքական տանդեմը, անհամեմատելի են հայկական ռեսուրսների հետ: Իհարկե, անընդհատ պետք է ամեն ինչ անել, որ բանաձևեր չքննարկվեն, բայց մյուս կողմից էլ՝ կան երկրներ, որոնք չափազանց խավիարասեր են»:

Տեսանյութեր

Լրահոս