ԵՏՄ-ն հայ-բելառուսական առևտրատնտեսական համարբերություններում դինամիկա չի մտցրել

Հայաստանն ու Բելառուսը, լինելով գործընկերներ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում, շարունակում են դժգոհել ակտիվ առևտրաշրջանառության բացակայությունից, երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա անորոշությունից, հարաբերություններում եղած ներուժի չիրացվածությունից։

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը, ըստ որոշ տնտեսական վերլուծաբանների, պետք է ակտիվացներ տնտեսական կապերը, հարմարավետ պայմաններ ստեղծեր առկա այս բացերը լրացնելու ճանապարհին, սակայն դա տեղի չի ունեցել ԵՏՄ գոյության առաջին տարվա ընթացքում։ Ավելին, բելառուսցի շատ գործարարներ նոր են սկսել ծանոթանալ և ուսումնասիրել հայկական շուկայի առանձնահատկությունները՝ հույս ունենալով, որ միայն ապագայում, երբ կվերացվեն Ռուսաստանի նկատմամբ գործող արևմտյան պատժամիջոցները, հնարավոր կլինի խոսել տնտեսական արդյունավետ միության մասին։ Իսկ մի խումբ ընկերություններ, որոնք արդեն ներկայացված են հայկական շուկայում, դժգոհում են համագործակցության ծավալից՝ հույս հայտնելով, որ պատկերը մոտ ապագայում կփոխվի, որի համար էլ, ըստ էության, հետսովետական տարածքում միասնական տնտեսական տարածք է ձևավորվել։

ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրակը, նախօրեին մասնակցելով հայ-բելառուսական գործարար հանդիպմանը, հույս հայտնեց, որ համագործակցությունը երկու երկրների միջև կշարունակի ընդլայնվել, ինչպես, նրա պնդմամբ, նախորդ տարվա ընթացքում, քանի որ մեկ տարվա կտրվածքով ՀՀ-ում հայ-բելառուսական երեք գործարար հանդիպում է անցկացվել, որոնց արդյունքում հայկական և բելառուսական շուկաներում ավելացել են երկու երկրների արտադրանքները։ Դեսպան Նազուրակի խոսքով՝ ԵՏՄ-ն հեռանկարային կառույց է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ հեռու չէ Իրան-ԵՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագիրը։ Նրա համոզմամբ՝ այս համաձայնագրի կնքման շնորհիվ կշահեն Հայաստանն ու Բելառուսը։ Դեսպանի խոսքով, տեղին չեն ԵՏՄ-ի վերաբերյալ կասկածներով լի կանխատեսումները, քանի որ հայ-բելառուսական շփումներն այսօր հիմնվում են ԵՏՄ-ի վրա, թեև ԵՏՄ-ին նախորդ տարի ուղեկցել են արժութային տենդն ու պատժամիջոցները։

«168 Ժամի» հետ զրույցում գործարար հանդիպմանը ներկա բելառուսցի գործարարները չկարողացան հստակորեն մատնանշել, թե ինչպես է զարգացել իրենց համագործակցությունը Հայաստանի հետ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո։ Մեր զրույցների արդյունքում պարզ դարձավ, որ բելառուսցի որոշ գործարարներ հետաքրքրված են հայկական շուկայով, եթե ԵՏՄ-ն գործի լիարժեքորեն, և չլինի արժութային ճգնաժամ, եթե Իրանը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծի։ Սակայն սրանք ապագայի ցանկություններ են։ Ներկայումս ԵՏՄ-ն հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերություններում բեկում չի մտցրել։ Մեզ հետ զրույցում հացամթերքի Արշանսկի կոմբինատի ներկայացուցիչ Ֆիզուլի Հասանովը նշեց, որ իր այցի նպատակը համագործակցությունն է հայկական ընկերությունների հետ այն բանից հետո, ինչ ՀՀ-ն միացավ Մաքսային միությանը։ Հասանովը համոզված է, որ ավելի հեշտ կլինի համագործակցելը, եթե, ինչպես ենթադրում է ԵՏՄ-ն, մաքսային պարտավորություններ չլինեն, խնդիրները կպակասեն։

«Մեր առաջին հետաքրքրությունը սեփական արտադրանքի համար սպառում գտնելն է, իսկ ապագայում համատեղ արտադրանք ստեղծելը, Հայաստանից ևս հումքային նյութերի արտահանում կարող է լինել։ Այսինքն՝ նպատակ կա վերականգնել այն կոնտակտները, որոնք Հայաստանն ու Բելառուսն ունեին ԽՍՀՄ փլուզումից առաջ։ Աշխատում ենք 33 երկրների հետ, հիմնական գործընկերը Ռուսաստանն է, քանի որ մեր արտահանման ծավալի 70%-ն ուղղված է Ռուսաստանին, ապա հետսովետական երկրներին, միջինասիական, Ուկրաինային՝ մասնակիորեն, Վրաստանին՝ քիչ ծավալով, աֆրիկյան երկրներին»,- նշեց Հասանովը։ Վերջինիս կարծիքով՝ սակայն, դեռ վաղ է միության մասին եզրակացություններ կազմելու համար։ Նրա խոսքով՝ սկզբնական աշխատանքն արդեն ընթացել է։

«Ե՛վ Հայաստանը, և՛ Բելառուսը միմյանց դիտարկում են որպես վստահելի գործընկերներ հետագա համագործակցության համար։ Ի դեպ, շփումները միայն երկու երկրների հարաբերություններով չեն սահմանափակվելու, պետք է նայել ապագային, հնարավոր է միանա Իրանը, և դիտարկվում է իրանական շուկան, ինչո՞ւ ապագայում արտադրանք չարտահանել դեպի Իրան։ Սա ևս փոխշահավետ կարող է լինել։ Առաջին հերթին՝ մեզ հետաքրքրում են Հայաստանի հետ հարաբերությունները։ Այսօր արդեն ուսումնասիրում եմ, թե ինչպիսին է հայաստանյան շուկան, ինչպես է առևտուրն իրականացվում։ Կան տարբերություններ, օրինակ՝ մեզ մոտ մանկական սնունդը վաճառվում է առևտրային ցանցերի միջոցով, իսկ Ձեր մոտ՝ դեղատնային, մենք կուսումնասիրենք միմյանց և հեռանկարի համար կաշխատենք միասին։

Բելառուսական մսակաթնային արտադրանքի որակի մակարդակը շատ լավ հայտնի է հետսովետական տարածքում, և կարծում եմ՝ լավ կաշխատենք, այստեղ վիճարկելի հարցեր չկան»,- ասաց Ֆիզուլի Հասանովը։

Մեզ հետ զրույցում մեկ այլ բելառուսցի գործարար՝ Բորիս Միսկևիչը, ով «Կռասնի պիշեվիկ» հրուշակեղենի գործարանի ներկայացուցիչն է, ասաց, որ ամենահին և ամենակայուն ավանդույթներ ունեցող գործարաններից է հետսովետական տարածքում, որն աչքի է ընկնում իր հզորությամբ ևս՝ ամեն տարի գործարանը 25 տոննա հրուշակեղեն է արտադրում։ «Աշխատում ենք շատ երկրների հետ՝ Վրաստան, Էստոնիա, Ղրղըզստան, Ռուսաստան, Ամերիկա, Կանադա, Իսրայել։ Չորս տարի է՝ ներկայացված ենք Հայաստանում, և գնորդը տեղյակ է՝ ինչ որակ ունի ապրանքը։ Սակայն ամերիկյան դոլարի հետ կապված խնդիրը փչացնում է մեր իրավիճակը, Եվրասիական տնտեսական միությունը հանեց որոշ սահմանափակումներ, մաքսատուրքերի վճարը հանեց, բայց դրա հետ մեկտեղ՝ շուկան դարձավ պակաս մրցունակ։ Դրականն այն է, որ մեր արտադրանքից չեն հրաժարվել, իսկ մենք գնային քաղաքականության իմաստով փորձում ենք առաջ գնալ։ Առանց դրա կկորցնեինք հայկական շուկան։ Միությունից ակնկալում ենք արտադրանքի համար շուկաներ, որպեսզի իրացնենք ապրանքը»,- ասաց նա։

«168 Ժամի» հետ զրույցում Գլուբոկսկի կաթնամթերքի կոմբինատի ներկայացուցիչ Իգոր Շիմկոն ասաց, որ ներկայացնում են կաթնամթերք բնական հումքից, որոնց պահպանման երկար ժամկետները թույլ են տալիս մթերքն արտահանել հեռավոր տարածաշրջաններ։ «Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, Ղազախստանը, ԱՄՆ-ն,ՄԱԷ-ն, Սինգապուրը, Իսրայելը, արտահանվում է 2007թ., ներկայումս գործընկերն է հայ-բելառուսական առևտրային տունը, սակայն ծավալները դեռ բավարար չեն, ապագայում կցանկանայինք ծավալները մեծացնել»,- ասաց Շիմկոն։

Վերջինիս համոզմամբ՝ ապագայում տեսանելի կլինեն ԵՏՄ արդյունքները, քանի որ կիջնեն առևտրաշրջանառության երկկողմ վճարները, մաքսատուրքերը, ինչը միայն դրական կլինի, քանի որ նախկինում դա երկու երկրների միջև առևտրաշրջանառության հիմնական խնդիրներից մեկն է եղել։ «Միասնական տնտեսական տարածքը ստեղծվել է, որպեսզի երկրները տնտեսապես հարմար պայմաններով առևտուր իրականացնեն, և, բնականաբար, երկու երկրները գործում են, որպեսզի մեծացնեն առևտրի ծավալները»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս