«Որքան երաժշտությունն ես քո մեջ հասունացնում, նույնքան էլ՝ այն մարդուն, ով չպիտի պարտվի: Կարևորը չպարտվելն է»

Qahana.am-ը զրուցել է Տիգրան և Արաքս Մանսուրյանների հետ

– Ինչպե՞ս եք նշում եկեղեցական տոները և հատկապես ո՞ր տոներն ենՁեզ համար առավել սիրելի:

– Արաքս Մանսուրյան. Հոգեհարազատ, սիրելի, են եկեղեցական բոլոր տոները, հատկապես Ս. Ծննդյան և Ս. Հարության տոները:

-Տիգրան Մանսուրյան. Սարգիս անունով ընկեր ունեմ, ով լավ երաժիշտ է, միասին տոնում ենք իր անվանակոչության օրը՝ Ս. Սարգսի տոնը:

Կարդացեք նաև

– Հոգևոր երաժշտությունը ձեր կյանքում ի՞նչ դեր ունի:

– Տիգրան Մանսուրյան. Բացառիկ կարևոր: Երբեմն զուտ վայելքի աղբյուր է, երբեմն՝ ուսումնասիրության առարկա, երբեմն իմ հարաբերությունը հոգևոր երաժշտության հետ աշխատանքային է: Ես շատ կապված եմ հայ հոգևոր երաժշտության հետ, քանի որ սա միակ ակադեմիական երաժշտական համակարգն է իր կառուցվածքով, նոտագրությամբ: Դարեր շարունակ կոմպոզիտորական դպրոց չենք ունեցել, կոմպոզիտորական փորձի պակասը լրացրել է դասական երաժշտությունը:

Mansuryan1

– Արաքս Մանսուրյան. Կոմիտասյան երգերի կատարումները, հայ երգը, հոգևոր երաժշտությունը ինձ համար հիմք դարձան: Երանելի ժամանակաշրջան է եղել, երբ երջանկահիշատակ Վազգեն վեհափառի օրոք 12 տարի ամեն կիրակի Էջմիածնում Ս. Պատարագ եմ երգել: Հաճախ ուսանողներիս պատվիրում եմ, որ հոգևոր երաժշտությունը որպես երգեցողության հիմք ունենան:

– Տիգրան Մանսուրյան. Պիտի ավելացնեմ, որ երբ երաժիշտների հետ գործ եմ ունենում, առաջին իսկ պահից տարբերում եմ, թե տվյալ մարդը եկեղեցի հաճախե՞լ է, թե ոչ: Ոչ-ի դեպքում գործնական արդյունք չենք ունենում: Բայց եթե պատարագ գիտի, պատարագի տրամաբանությունը գիտի, միայն այդ դեպքում է մեր համագործակցությունն արդյունավետ լինում: Հստակ տարբերում եմ, ով է երգել եկեղեցում, ով՝ ոչ: Դրանք տարբեր աշխարհներ են, երգեցողական կարողություններ, լսողական փորձ, հղկվածություն:

– Արաքս Մանսուրյան. Այսինքն եթե իր մեջ չկա հոգևոր այն շերտը, որով անցել է Մանսուրյանը, ուրեմն Մանսուրյանի ստեղծագործությունների կատարման համար պետք է սովորել:

– Երաժշտությունը դաստիարակում, կրթում է մարդուն: Որպես կերտողգործիք, երաժշտությունն ինչպե՞ս է պետք է գործածել ազգանվեր ուհայեցի սերունդ դաստիարակելու համար:

– Արաքս Մանսուրյան. Պետք է հաճախ լսել հոգևոր երաժշտություն: Եթե երեխան հոգևոր երաժշտության այդ լուսավոր ճանապարհն անցել է, դա չի կարող մոռացվել, արդեն իր արյան մեջ է:

– Տիգրան Մանսուրյան. Լավ կլինի, որ երեխաները փոքր տարիքից, մանկապարտեզից սկսած երգեն մանկական հոգևոր երգեր: Մանուկների համար գրված հատուկ հոգևոր երգեր և մեղեդիներ կան: Սփյուռքի հայ եկեղեցիներում տեսնում ենք, որ բոլոր հավատացյալները հոգևոր երգեր են երգում, անգիր գիտեն: Նրանք, ովքեր սփյուռքից Հայաստան են գալիս վերաբնակվելու, օրինակ սիրահայերը, հուսամ կկարողանան հայաստանցիներին էլ «վարակել» հոգևոր երգեցողության իմացությամբ և կատարմամբ:

– Ժամանակակից գործիքավորումներով փորձում են Կոմիտասի երաժշտությունը նորովի ներկայացնել ունկնդիրներին: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Արաքս Մանսուրյան. Դա անհարգալից վերաբերմունք է Կոմիտասի, մեր մեծությունների նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է Կոմիտասի բյուրեղային երաժշտությունը վերածել ռիթմիկ ելևէջների: Դա դավաճանություն է:

– Տիգրան Մանսուրյան. Կոմիտասյան երաժշտությունն այդպիսի ռիթմի կարիք չի ունեցել, ազատ բնության, ազատ շնչառության, տարերքի ծնունդ են այդ մեղեդիները: Եվ երբ դրա տակ դնում ես հարվածային կրկնվող ռիթմեր, դա բացարձակապես ոչնչացնում է այդ մեղեդու խորհուրդը, էությունը, կյանքը: Փոփ երաժշտության ռիթմերը հեշտացնում են երաժշտության ընկալումը, քանի որ անընդհատ կրկնվում են: Առանց այդ կրկնվող ռիթմերի շատերը չեն կարողանում առնչվել երաժշտությանը: Այդ դեպքում երաժշտությունը խեղճանում է: Իսկ լավ երաժշտությունը մտածելու, խորհելու առիթ է տալիս: Նրա հետ պետք է ապրել:

Mansuryan2

Մարդ կարո՞ղ է հոգևոր արժեքներ չունենալ, միևնույն ժամանակ համամարդկային արժեք ունեցող ստեղծագործություններ հեղինակել:

– Արաքս Մանսուրյան. Արժեքը ծնվում է արժեքավորից: Ինչպե՞ս կարող է անարժանից արժեք ծնվել: Եթե Կոմիտասը հոգևորական չլիներ, եկեղեցու զավակ չլիներ, չէր կարողանա այդպիսի մշակումներ անել, Կոմիտաս չէր լինի:

Մարդկանց հաճախ դժվար է իրենցից տաղանդավոր, հանճարեղ մարդուն իրենց կողքին տեսնել: Դուք ինչպե՞ս եք հաղթահարում նման դժվարությունները:

– Արաքս Մանսուրյան. Ինտրիգներին մասնակից չեմ դառնում, փակվում եմ պատով ու իմ գործն եմ անում: Շատ դեպքեր են եղել, անգամ ներկայացման ժամանակ բեմ դուրս գալուց առաջ: Քանի որ ամենզգայուն գործիքը ձայնն է, շատ դժվար է ձայնին տիրապետել: Իհարկե, հուզվում և վիրավորվում եմ, բայց հաջորդ պահին անելիքիս մասին եմ մտածում և գործում:

– Տիգրան Մանսուրյան. Ես երաժշտի կայացման իմ ճանապարհն անցել եմ որպես դիվանագետ: Դա պահանջում է մեծ համբերություն, հմտություն: Որքան երաժշտությունն ես քո մեջ հասունացնում, նույնքան էլ՝ այն մարդուն, ով չպիտի պարտվի: Կարևորը չպարտվելն է: Գալիս է մի պահ, երբ այդ ամենը հեռանում է, և այդ ամենին հանգիստ ես նայում: Մնում ես դու և քո աշխատանքը:

– Արաքս Մանսուրյան. Այսինքն՝ երբ գագաթին ես հասնում:

– Հայ ժամանակակից սերնդի մեջ տեսնո՞ւմ եք այն բացառիկներին, ովքեր ստեղծել են կամ կարող են ստեղծել անմահ ստեղծագործություններ:

– Տիգրան Մանսուրյան. Անմահը մի կողմ թողնենք, դա ժամանակն է որոշում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայում բնակվող Դավիթ Հալաջյանին: Արտակարգ բարձր հոգևոր երաժշտություն է գրում: Նաև երգչախմբային գործեր ունի: Օրինակ, նրա՝ Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության հատվածներով գրված գործը բացառիկ արժեք է: Գրում է նաև լատինական եկեղեցական տեքստերով: Նա ամբողջությամբ հոգևոր էություն է: Շատ գեղեցիկ գործեր է անում երևանաբնակ Արթուր Ավանեսովը: Բացառիկ տաղանդավոր, ինտելեկտուալ, օժտված երաժիշտ է, դաշնակահար, երաժշտության տեսաբան է: Անշուշտ, էլի կան անուններ: Այս անունները ակադեմիական երաժշտության բնագավառից են, նրանք այնքան հայտնի և ճանաչված չեն, որքան կենցաղային երաժշտության ներկայացուցիչները:

Ամենուրեք ընդունված է, որ այն ամենն, ինչ լուրջ, բարձարժեք է, մեծ լսարանների սեփականությունը չի դառնում: Իսկ այդ լսարանը տարբեր երկրներում տարբեր է լինում: Օրինակ, Գերմանիայում դասական երաժշտության ունկնդիրների լսարանը բնականաբար մեծ է, քանի որ այդ երկիրը ծնունդ է տվել այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Բախը, Բեթհովենը, Շուբերտը և այլոք:

– Փառքը, պատիվը շատ հաճախ մարդուն դրդում են հպարտության, որը բացի նրանից, որ մահացու մեղք է, նաև խոչընդոտում է մարդու հետագա առաջխաղացմանը: Ձեր ուղերձը երիտասարդներին. ինչպե՞ս խուսափել գլխապտույտ հաջողության վատ հետևանքներից:

– Արաքս Մանսուրյան. Ես դասավանդում եմ ապագա երգիչների: Մի տաղանդավոր քսանամյա տենոր երգիչ ունեմ: Անընդհատ գովում եմ նրան: Վերջերս նկատեցի, որ մեծամտանում է: Ասացի, որ նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Թեև ես նրան դասավանդում եմ, բայց ես ինքս էլ շարունակ սովորում եմ: Մեծամտությունը փակում է ճանապարհը:

– Տիգրան Մանսուրյան. Երիտասարդ մասնագետը սովորաբար անցնելու ճանապարհ ունի և կարող է պատկերացնել իր ապագա քսան տարիների ճանապարհն արդեն այսօր, դրա համար էլ այսօր խարիսխ է գցում: Դրա համար պետք է ունենալ լավ ախորժակ, պահանջներ դնել ինքն իր առջև: Երբեմն գլխապտույտ է լինում: Եթե սթափությունը կորցրեց, իր ճակատագրով պատասխան կտա: Բայց եթե ախորժակ ունի, միաժամանակ նաև սթափ է, ուրեմն լավ է: Երիտասարդը կարող է փոքր-ինչ մեծամիտ լինել: Ոչինչ:

Մեծամտությունը երկար չի տևում: Երբ նա հասկանա, աշխարհի դժվարությունները տեսնի, կյանք մտնի, կյանքը կստիպի ինչ-որ բաներ հասկանալ, եթե նա հասկանալու կարողություն ունի:

– Ի՞նչ համադրությամբ պետք է երեխաներին տարբեր ոճերիերաժշտություն առաջարկել: Արդյո՞ք պետք է նաև ժամանակակիցփոփ երաժշտությունը նրանց ունկնդրման առարկա դարձնել:

– Տիգրան Մանսուրյան. Այս գեղեցիկ կտորը մասնագետ նկարիչ է նկարել: Պատին կախված նկարը նույնպես նկարիչ վարպետ է նկարել: Առաջինը՝ կտորը, կիրառական, կենցաղային իր է, երկրորդն արվեստի գործ է: Առաջինն ամեն տեղ պիտի արտադրվի: Խանութի ցուցափեղկի գեղեցիկ ձևավորումը ևս նկարչի աշխատանք է: Հետևաբար, դրանք նույն նկարչության տարրատեսակներն են: Ամեն մի բնագավառ պահանջում է հմտություն, կարողություն, փորձ: Բայց երբ խոսում ենք Մարտիրոս Սարյանի կտավի մասին, բոլորովին այլ արժեքի հետ ենք հարաբերվում: Երեխան, անշուշտ, կարող է ճանաչել թե այս և թե այն գեղեցկությունը՝ հասկանալով հանդերձ, թե ինչպիսի արժեք է Սարյանը: Պետք է հասկանա, որ դրանք նույնը չեն: Երբ նա նույնացնում է մասայական երաժշտությունը բարձրարժեք ստեղծագործության հետ, արդեն շփոթ է տեղի ունենում:

Mansuryan

– Արաքս Մանսուրյան. Այսինքն, եթե երեխան, ճանաչում է Սարյանին, Մինասին, Կոմիտասին, թող երբեմն էլ այլ երաժշտություն լսի:

– Տիգրան Մանսուրյան. Պարելու ժամանակ պարային երաժշտություն պիտի լսել: Ուղղակի եթե երեխան չգիտի, թե ինչ է դասական, հոգևոր երաժշտությունը, խղճում եմ նրան: Նա զրկված է մեծ հարստությունից և անգամ չգիտի այդ մասին: Եթե նա չի լսել Բեթհովենի կվարտետը կամ Շուբերտի երգերը, ապա չգիտի, որ աղքատ է մի ամբողջ բեթհովենյան կամ շուբերտյան աշխարհով: Շուբերտը մեծ արժեք է եղել թե Կոմիտասի և թե Չուխաջյանի համար: Մեր տանն էլ միշտ Շուբերտ էինք լսում: Բարձրագույն վայելք է դա: Չեմ ասի, որ դրա համար անպայման պետք է երաժշտական կրթություն ունենալ:

Մի օր, մեքենայով պիտի սարի վրայով անցնեինք: Վերևից արտը նայելու հնարավորություն կար: Շատ այգիներ կային: Գարուն էր: Վերևից հիանալի երևում էր, թե ինչքան լավ են մշակված այգիները: Այնտեղ ապրող, աշխատող գյուղացու համար այդ գեղեցկությունն առօրյա է: Ինքն այդ ծառի թե ծաղիկներն է տեսնում, թե մաքուր և ուղիղ մարգերը: Ինձ համար այդ պատկերն իր գեղեցկությամբ ապշեցուցիչ էր: Ի՛նչ հարստություն ունի գյուղացին: Նա այդ ամենի հետ գործնականորեն է կապված: Բայց միևնույն ժամանակ նա չի կարող չկրել այդ գեղեցիկն իր մեջ, քանի որ դա իր ձեռքի աշխատանքն է: Այդ գեղեցիկ, մշակված, խնամված բնության վկայությունն են թե գյուղացու հյուսած երգերը, թե երեխաներին դաստիարակելու, տուն պահելու նրա ավանդույթները:

Այնպես չէ, որ Բեթհովեն լսելու համար հատուկ նոտաներ պետք է իմանալ: Դու կարող ես իրեն «Այո» ասել, ինքը քեզ միանգամից «Այո» չի ասի: Կնայի քեզ ժպտալով: Դու վաղն էլ կասես՝ «Այո»: Մեկ ամիս շարունակ կասես՝ «Այո»: Մեկ ամիս անց դասական երաժշտությունն ինքը քեզ կասի՝ «Արի՛»: Եվ հետո՝ գործից՝ գործ, արի-ից՝արի, շփումից՝ շփում: Կտեսնես, թե ինչ հարուստ աշխարհ է բացվում քո առջև: Կարևորն այն է, որ գիտես, թե ինչ է գեղեցիկը:

– Ձեր իմաստուն պատգամը հայ մանուկին, հայ երիտասարդին և առհասարակ՝ աշխարհասփյուռ հայությանը:

– Տիգրան Մանսուրյան. Խոնարհություն, երկյուղածություն, հավատարմություն մեր եկեղեցուն, սրբություններին:

Զրուցեց Էլիզա Մանուկյանը

Տեսանյութեր

Լրահոս