Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը
«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 20-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա, հայտնում է TASS-ը:
Ինչպես նշված է գերատեսչության ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովի հրամանում, արգելքը սահմանվում է՝ կապված Հայաստանում հայտնաբերված դաբաղ կոչվող հիվանդության իրավիճակի ու այդ հիվանդության՝ ՌԴ տարածք ներթափանցելու բարձր ռիսկի հետ:
Մասնավորապես, արգելք է սահմանվում այն կենդանատեսակների ներկրման վրա, որոնք առավել շատ են ընկալունակ այդ հիվանդության նկատմամբ, այդ թվում՝ խոզի, ցուլի, ոչխարի, լեռնային այծի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծման:
Բացի այդ՝ արգելվում է կաթնամթերքի ներկրումը Ռուսաստան, որը չի ենթարկվել ջերմային մշակման, ինչը կերաշխավորեր վիրուսի քայքայումը:
Ռուսաստանն արգելել է նաև Հայաստանից ներկրել մորթի, կաշի, բուրդ, խոզանակներ, որոնք չեն ենթարկվել դաբաղի վարակի քայքայումը երաշխավորող տեխնոլոգիական մշակման:
Ժամանակավոր սահմանափակումները տարածվում են նաև վերոնշյալ ապրանքատեսակների տարանցմանը Ռուսաստանի Դաշնության տարածքով:
Դաբաղը տավարի, խոզերի, այծերի, ոչխարների, ուղտերի, եղջերուների և այլ երկսմբակավոր կենդանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է։ Դաբաղի նկատմամբ զգայունակ են նաև մարդիկ։ Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ և վիրուսակիր կենդանիներն են, որոնք վարակվում են հիվանդների հետ անմիջական շփման, կերի, ջրի միջոցով։
Դաբաղով մարդիկ վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիների խնամելիս։