«Կրկնվելը դերասանի համար ինքնասպանության պես մի երևույթ է». Մկրտիչ Արզումանյան
Դերասան Մկրտիչ Արզումանյանը մշտապես աչքի է ընկել իր համեստությամբ: Այն դեպքում, երբ այսօր շատ-շատերը, ովքեր «երկուսուկես անգամ» հայտնվում են հեռուստաէկրաններին, կարճ ժամանակ անց սկսում են տառապել աստղային հիվանդությամբ: Տարիներ շարունակ լինելով հանրության ուշադրության կենտրոնում՝ այդ «հիվանդությամբ» նա չվարակվեց և ոչ մի վայրկյան: Շատերիս կողմից սիրված դերասան Մկոյին մի տեսակ չես էլ կարողանում դիմել՝ Մկրտիչ, քանի որ նա վաղուց արդեն մեր բոլորիս սիրելի Մկոն է՝ մշտապես պատրաստ զարմացնելու, հիացնելու և ուրախացնելու՝ իր նոր կերպարներով:
– Մկո, սկսենք մեր զրույցը տարվա սկզբի անելիքների հետ առնչվող շաբլոն հարցից՝ ի՞նչ պլաններ կան աշխատանքային բնագավառում՝ նոր հաղորդումներ, սիտքոմներ, ֆիլմեր:
– Ասեմ միայն, որ գարնանն իմ մասնակցությամբ և նախաձեռնությամբ երկու խոշոր նախագիծ է հանձնվելու հանդիսատեսի դատին: Այդ նախագծերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդենք փետրվարի 10-ից հետո միայն: Խոստանում եմ անպայման տեղեկացնել Ձեզ այդ մասին:
– Եթե ռեժիսորներից ստանաք լուրջ, դրամատիկ դերերի առաջարկներ, արդյո՞ք Ձեր երգիծական դերասանի ամպլուան չի խանգարի Ձեզ նման դերերի ստեղծման հարցում:
– Ասեմ, որ արդեն ստացել եմ մի քանի լուրջ և դրամատիկ դերերի առաջարկներ, որոնցից մեկն է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Հաջողակները» ֆիլմում իմ դերակատարումը: Իսկ առհասարակ կարծում եմ, որ կապ չունի, թե ինչ նախագծում և ինչ կերպարով ես հանդես գալիս: Կարևոր է անկեղծ լինել հանդիսատեսի հետ և յուրաքանչյուր կերպար նորովի մատուցել: Միշտ պետք է հիշել, որ հանդիսատեսն ու հեռուստադիտողը սպասում են հաջորդ քայլիդ, նոր կերպարիդ: Պետք է անընդհատ փորձել կատարելագործվել: Կրկնվելը դերասանի և առհասարակ ստեղծագործող մարդու համար արհավիրքի, լճացման՝ ինքնասպանության պես մի երևույթ է:
– Գիտեմ, որ շատ-շատերը սիրում են Ձեզ առաջին հերթին՝ մարդկային որակների համար, հետո նոր՝ դերերի: Իսկ կա՞ն պատճառներ կամ բնավորության գծեր որոնց համար Մկոյին չի կարելի սիրել:
– Ավելի լավ կլիներ՝ իմ գործընկերները, հարազատները խոսեին այն մասին, թե իմ բնավորության որ գծերի հետ ուղղակի անկարելի է հաշտվել: Ես շատ համբերատար եմ, շատ ուշ եմ դուրս գալիս ափերից: Բայց, եթե դուրս եկա, վայն եկել-տարել է, քանի որ հետադարձ ճանապարհը դեպի այդ ափերը բարդ պրոցես է: Դա իմ բնավորության գծերից է: Լա՞վ է, թե՞ վատ, դա արդեն հարցի մյուս կողմն է: Երբ ես մեկին հարազատի պես եմ վերաբերվում և տեսնում եմ, որ նրա մոտ նույն վերաբերմունքը չկա, որ այդ մարդն ուղղակի շահագործում է վերաբերմունքս, պարզապես փակվում եմ այդ մարդուց: Բայց երբեք չեմ փակում հաշտության ճանապարհը: Ի վերջո, բոլորս էլ մարդ ենք և կարող ենք սխալվել: Պետք է կարողանալ մարդուն ճիշտ ժամանակին ներել:
– Արտաքնապես բավականին հավասարակշռված, հանգիստ մարդու տպավորություն եք թողնում: Ասում են, որ տղամարդկանց նման տեսակը բավականին խիստ, պահանջկոտ և երբեմն էլ՝ անհիմն նյարդային է հենց ընտանիքի անդամների հետ: Կա՞ նման բան:
– Չէ՜, ես նորմալ եմ՝ ճիշտն ասած (ծիծաղում է».- Ք.Մ.): Ընտանիքիս անդամները կարող են հաստատել, որ ես երբեք իմ դժվար աշխատանքային օրվա բացասական էներգիան տուն չեմ բերում: Ընտանիքիս անդամներն ինչո՞վ են մեղավոր, որ ես ինչ-որ բան, ինչ-որ տեղ թերացել եմ կամ պարզապես անհաջող օր եմ ունեցել:
Ասեմ ավելին՝ ընտանիքիս հետ եմ վերականգնում ծանր օրվա բացասական տրամադրությունս, հոգեվիճակս:
– Ասում են, որ ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերներն այն մարդիկ են, որոնց ներկայությամբ կարիք չունենք «զսպելու» մեր վատ տրամադրությունը, մեր «գլխացավերը»… Ի վերջո, ընտանիքն այն վայր է, որտեղ դու տանն ես և ազատ՝ հանրային ուշադրությունից:
– Այո՛, հարազատներդ պետք է հասկանան քեզ, բայց դա չի նշանակում, որ անհաջողություններիդ պատճառով պետք է հարձակվես հարազատներիդ վրա: Հարազատներդ հասկանում են, ինչ-որ ժամանակ թողնում քեզ մենակ՝ մտքերիդ հետ, որ ժամանակ ունենաս վերականգնվելու: Չպետք է ինքնահաստատվել ընտանիքի անդամների հաշվին:
– Որքան էլ փորձենք համբերատար լինել դիմացինի հանդեպ, հասկանալ նրա սխալները, սակայն բոլորիս մոտ էլ լինում են պոռթկումներ, երբ ուզում ես բացահայտ գրողի ծոցն ուղարկել նրան… Հատկապես Ձեր դեպքում, երբ Դուք հանրային մարդ եք և Ձեզ շարունակ «բզբզում» են: Հիշո՞ւմ եք Ձեր ամենավատ պահվածքը նման պահերին:
– Եղել է երկու դեպք, երբ համը հանել են, և ես կոպտել եմ, բայց կարծում եմ, որ անգամ դա սխալ էր իմ կողմից:
– Ինչո՞ւ Ձեր կողմից:
-Մարդն ամեն պարագայում պետք է իրեն թույլ չտա ավելորդություններ և մնա թույլատրելիի սահմաններում: Հատկապես, երբ հանրային մարդ ես, պետք է գիտակցես, որ քո կողմից արված յուրաքանչյուր քայլ ուշադրության կենտրոնում է:
– Դժվար չէ՞ հանրային մարդ լինելու պատճառով անընդհատ այդ զսպող շրջանակների մեջ ապրելը:
– Ցանկացած մարդ, կապ չունի՝ հանրայի՞ն է, թե՞ ոչ, պարտավոր է հավասարակշռված լինել: Եթե կան հանրային մարդիկ, որոնց իմիջը թույլ է տալիս իրենց փողոցում գոռալու, վեճերի բռնվելու, դա արդեն իրենց խնդիրն է:
– Վերջերս համացանցում տեսա Ձեր ընտանիքի լուսանկարը, Ձեր հայրը բավականին խիստ մարդու կեցվածք ուներ: Իհարկե, մի լուսանկարի հիման վրա սխալ է ենթադրություններ անելը: Այնուամենայնիվ, որքանո՞վ է խիստ եղել Ձեր հայրը՝ հատկապես մանկության տարիներին:
– Հայրս իմ ճանաչած ամենահումորով մարդն է այս աշխարհում: Կարելի է ասել, որ իմ հումորի զգացումը հենց նրանից եմ ժառանգել: Մեզ մոտ միշտ էլ եղել են շատ մտերմիկ և անկաշկանդ հարաբերություններ: Շատ անգամ հենց նրա հումորն էլ հիմք է հանդիսանում, որ ես որոշ դրվագներ օգտագործեմ իմ դերերի ստեղծման համար:
– Ձեր հարաբերությունները Ձեր որդու հետ, որին հայրական քնքշանքով համացանցում անվանել եք՝ որպես «Ալիկ-բալիկ, the sun @ сын», ընկերակա՞ն են, թե՞ «հայր ու որդի լրջության» մեջ:
– Երբեմն՝ հայր ու որդի, երբեմն՝ ընկերական: Լինում են պահեր, երբ պետք է լինել միայն որպես հայր, քանի որ նա դեռ երեխա է և, բնականաբար, շատ բաներ դեռ չի հասկանում: Միաժամանակ պետք է պահպանել ընկերական հարաբերությունների թեթևությունը: Պետք է կարողանալ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ երեխան կարողանա «բաց» լինել ծնողի հետ: