Բաժիններ՝

«Սերմը գցում ենք հողն ու ամբողջ տարին նայում երկնքին»

asparez.am-ը գրում է. Լոռու մարզում առկա 42 հազար հա վարելահողից ընդամենը 9 հազար հեկտարն է ապահովված ոռոգման համակարգով: Տաշիրի տարածաշրջանում այս բացը համեմատաբար քիչ զգալի է, քանի որ այստեղ մարզի ընդհանուր վարելահողերի շատ քիչ տոկոսն է գտնվում՝ շուրջ 10 հա վարելահող: Բացի այս՝ գյուղատնտեսության համար բարենպաստ են նաեւ տարածաշրջանի բնակլիմայական պայմանները: Իսկ, այ, մարզի մնացած եւ հատկապես Սպիտակի տարածաշրջանում ոռոգման ցանցի բացակայությունը, կարելի է ասել, գերխնդիր է դարձել:

Մարզի Վարդաբլուր համայնքում, օրինակ, թեեւ գոհ են ստացված բերքի, մասնավորապես՝ կարտոֆիլի ծավալներից, բայց ոռոգման ցանցի բացակայության ու նաեւ սակավ անձրեւների հետեւանքով այս տարվա բերքի որակը անհամեմատ զիջում է շուկայի պահանջներին, եւ գյուղացիներիը կա՛մ ստիպված են եղել բերքը վաճառել շատ ցածր գնով, կա՛մ առհասարակ օգտագործել որպես անասնակեր՝ այդպես էլ չտեսնելով ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը:

-Սերմը գցում ենք հողն ու ամբողջ տարին նայում երկնքին՝ սպասումով, որ գոնե անձրեւ կգա,-ասում են վարդաբլուրցի հողագործները:

-Այս առումով, իհարկե, լուրջ անելիքներ ունենք, հատկապես Սպիտակի տարածաշրջանում: Վերջին տարիներին այնտեղ ներդրումային ծրագրեր եղել են, մի շարք համայնքներ արդեն ոռոգման ցանցից լիարժեք օգտվում են, բայց կան արդիականացման մի քանի կարեւոր առաջարկություններ մեր կողմից, եւ չի բացառվում, որ մյուս տարիներին արդեն լուրջ ծրագրեր իրականացնենք, բայց պետք է ասեմ, որ նախորդ տարիների հետ համեմատած, այս տարի մենք ոռոգման սեզոնին որեւէ խնդիր, պրոբլեմ չունեցանք, չնայած նրան, որ ջրի առումով մի փոքր սակավ տարի էր, բայց որեւէ խնդիր չունեցանք. ոչ միայն մեր մարզում, այլ ամբողջ հանրապետությունով մեկ դժգոհությունների ծավալն էլ չափից դուրս փոքր էր, եթե համեմատենք նախորդ տարիների հետ,-ասում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու հավելում, որ ֆինանսական միջոցների առկայության պարագայում այս ուղղությամբ լուրջ քայլեր կձեռնարկվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս