Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների սրման հիմնական պատճառները երկուսն են. Հայկ Ա. Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Ա.Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների սրման հիմնական պատճառները երկուսն են՝ Սաուդյան Արաբիայում իշխանության եկած նոր թագավորական ընտանիքի ճյուղի հավակնությունները՝ տրանզիցիան թագավոր Սալմանից իր որդուն փոխանցելու, իսկ երկրորդը մղումն է՝ թույլ չտալ ԱՄՆ-Իրան մերձեցում։

«Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամադ բին Սալմանը այդ երկրի թագավորի որդին է և երկրորդ թագաժառանգը: Այստեղ խնդիր կա գահի հետ կապված, թե ով պետք է այն ժառանգի: Առաջին անգամ պետության հիմնադրի որդիների մեջ չի լինելու ժառանգությունը, այլ երրորդ սերնդի միջև: Սա այն արկածախնդրական մոտեցումներից է, որը, ըստ Մուհամադ բին Սալմանի, պետք է իրեն լեգիտիմություն տա իրենց ներքին դաշտում և հնարավորություն ստեղծի հանդես գալու՝ որպես ուժեղ ռազմական լիդեր:

Մենք այս քաղաքականության առաջին փուլը տեսնում ենք Եմենում: Արքայազնն այսքան լիազորություններ ունի, որովհետև թագավորն ըստ չհաստատված, բայց հավաստի լուրերի՝ տառապում է թուլամտությամբ։ Օրվա մեջ մի քանի ժամ է կարողանում կենտրոնանալ: Այսինքն՝ երկրում փաստացի կառավարումը պատկանում է նրա որդուն:

Սա արկածախնդրական մի քայլ է, որով հաշվարկ են արել, թե լարում մտցնելով իրենց ու Իրանի միջև՝ ԱՄՆ-ին կստիպեն իրենց կողմից լինել՝ որպես երկարաժամկետ առևտրային և ռազմական արդյունաբերության առումով դաշնակից»:

Այս ամենի հետևանքները, ըստ նրա՝ դժվար է կանխորոշել.

«Մենք դեռևս առավել էսկալացիա կտեսնենք, թեև այս քաղաքականությունը վնասում է նաև Սաուդյան Արաբիայի շահերին, բայց այնուամենայնիվ դասեր քաղելու ու կուրսը փոխելու որևէ նշան չկա»:

Այս համատեքստում Իրան-Թուրքիա հարաբերությունները, քաղաքագետի կարծիքով՝ ավելի կսրվեն. «Թուրքիան շարունակելու է առավել մերձենալ սաուդցիների հետ»։ Իսկ Հայաստանի առումով նշեց, որ մենք չենք կարող զերծ մնալ տարածաշրջանային լարվածությունից։ Թե մեզ վրա ինչպես կազդի այս լարվածությունը, նա ասաց, որ ժամանակը ցույց կտա:

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Բահրեյնի քաղաքացու դեպքին, նշեց, որ Ծոցի երկրների մեծ մասում ընդունվել են օրենքներ, որոնցով՝ յուրաքանչյուր քաղաքացիական բողոք կամ անգամ մի քանի հոգու հավաք որակվում է՝ որպես ահաբեկչություն, և մարդիկ մեղադրվում են ահաբեկչության մեջ: Հետևաբար, ըստ նրա՝ պետք է բոլոր փաստերը հստակեցվեն` շիա ակտիվի՞ստ էր ձերբակալվածը, թե՞ ոչ.

«Եթե հաստատվի, որ դա այդպես է, ապա միանշանակորեն պետք է նրան տրամադրվի քաղաքական ապաստան, որովհետև, եթե դու վերադարձնում ես մարդուն, որին սպասվում են կտտանքներ, ընդ որում՝ կեղծ մեղադրանքների հիման վրա, ապա դառնում ես հանցակից»:

Տեսանյութեր

Լրահոս