«Կարծում եմ՝ ամենալուրջ ֆիլմն անգամ պետք է մի քիչ «պոպկորն» պարունակի». ռեժիսոր Սարիկ Անդրեասյան

Օրերս «Սինեմա սթար» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի՝ ֆանտաստիկ մարտաֆիլմ ժանրում նկարահանած «Մաֆիա. Գոյատևման խաղ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի գլխավոր դերակատարներ Անդրեյ Չադովը, Նատալյա Ռուդովան, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանն ու «Կարոպրոկատ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ռյազանցևը:

Կինոթատրոնի տնօրեն Հրաչյա Արշակյանը նշեց, որ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2016թ. հունվարի 1-ից, իսկ դեկտեմբերի 16-ի ցուցադրումը բացառիկ նախադիտում է «Սինեմա սթարում», որտեղ ֆիլմն առաջին անգամ են դիտելու նույնիսկ իրենք՝ դերասանները:

««Սինեմա սթարն» ուրախ է իր հանդիսատեսին միշտ ավելի մոտ պահելու սիրելի դերասաններին, հայտնի աստղերին, որոնց հետ շփվելու, լուսանկարվելու բացառիկ հնարավորություն կա այսօր: Մենք փորձում ենք հնարավորինս շատ ստեղծել նմանատիպ առիթներ և այդ նպատակով համագործակցում ենք կինոարտադրող համաշխարհային մի շարք ընկերությունների հետ: Ստացած յուրաքանչյուր հնարավորության դեպքում փորձում ենք տվյալ ֆիլմն առաջինը Հայաստանում ցուցադրել, ինչպես այսօր արեցինք»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Սինեմա սթար» կինոթատրոնի տնօրեն Հրաչյա Արշակյանը:

Mafia9

Կարդացեք նաև

Mafia6

«168 Ժամը» զրուցեց ֆիլմի գլխավոր դերակատար Անդրեյ Չադովի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ սկզբում վարանում էր մարմնավորել ծանր հիվանդություն ունեցող մարդու կերպար:

«Իմ մարմնավորած կերպարն ընդհանրապես նման չէ ինձ: Սկզբնական փուլում երկար ժամանակ կասկածում էի՝ խաղա՞լ այս ֆիլմում, թե՞ ոչ: Փոքր-ինչ բարդ է խաղալ ծանր հիվանդի կերպար: Սակայն, ի վերջո, համաձայնեցի՝ պայմանով, որ կխաղամ և կմոռանամ»,- պարզաբանեց Ա. Չադովը:

Mafia23

Մեր դիտարկմանը՝ արդյոք դերասանական սնահավատություն չէ՞ հիվանդների, մահացածների մարմնավորելու վախը, Չադովը խոստովանեց, որ ունի նման վախ:

«Թեև ֆիլմը ֆանտաստիկա է՝ իր ժանրով, և «թեթև» դիտվողների շարքին է դասվում, սակայն բավականին հետաքրքիր հոգեբանական անցումներ ունի: Ֆիլմի հերոսները, որոնք «Մաֆիա» են խաղում, պարտվելով՝ հայտնվում են իրենց վախերի գրկում: Այս ֆիլմը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կարելի է անել դիտվող և թեթև ֆիլմ՝ միևնույն ժամանակ՝ կարևոր ասելիքով: Կոնկրետ իմ հերոսի ասելիքն այս ֆիլմում շատ հստակ է՝ չհանձնվել երբեք և ոչ մի իրավիճակում»,- ասում է Ա. Չադովը:

Թե որքանո՞վ է այդ ասելիքը «հասկանալի»՝ հատուկ էֆեկտների առատության և գրաֆիկական աշխատանքի «ճոխության» ներքո, դա արդեն կինոդիտողը կորոշի: Մինչ այդ, Ձեզ ենք ներկայացնում «168 Ժամի» հարցազրույցը ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ:

Mafia1  Mafia11

Mafia

««Մաֆիան» ռուսական խաղ է, և աշխարհն անծանոթ է այդ խաղին: Այն ստեղծվել է ռուսների կողմից՝ 1986-ին: Մենք պաշտոնապես գնել ենք այդ խաղի հեղինակային իրավունքները և հանգիստ խղճով էկրանավորել մեր ֆիլմը՝ հիմք ընդունելով «Մաֆիա» խաղը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք ուզում էինք նկարահանել լայնամասշտաբ ֆանտաստիկ ժանրում արված ֆիլմ և սյուժե էինք փնտրում դրա համար: Ուզում էինք, որ այդ սյուժեն հիմնված լիներ ռուսական մենթալիտետի վրա և կրեր զուտ մեր՝ ռուսական շունչը: Չէինք ուզում տպավորություն ստեղծել, թե Հոլիվուդից ենք կրկնօրինակել: Մարդկանց մոտ արդեն մտածելակերպ է դարձել, որ, եթե ֆանտաստիկա է, ապա Հոլիվուդից «թռցրած» սցենար է: Մեր նպատակներից կարևորագույնն էր՝ ստեղծել մերը՝ ռուսականը»,- նշեց Սարիկ Անդրեասյանը:

Մեր հարցին, թե որքա՞ն ժամանակ է, ինչ ռուսականը համարվում է «մերը», Սարիկը պատասխանեց.

«Կարծում եմ, որ հետխորհրդային տարածաշրջանը կարող եմ իմը համարել: Ես շատ լավ հասկանում եմ թե՛ ռուսների, թե՛ հայերի մենթալիտետը: Երկար տարիներ ապրել եմ նաև Ղազախստանում, և նրանց էլ եմ լավ հասկանում: Ես աշխարհի քաղաքացի եմ, բայց առաջնահերթ՝ հայ եմ: Ի վերջո, հայերն էլ են սիրում խաղալ «Մաֆիա» խաղը»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է ստեղծել «պոպկորնով ուտվող» ֆիլմ՝ ներառելով այնտեղ լուրջ հոգեբանական մարդկային ասելիք, Սարիկ Անդրեասյանը պատասխանեց.

«Ինձ համար այս ֆիլմն առաջին հերթին՝ «պոպկորն» է, որն իր մեջ խոր իմաստ է ներառում: Կարծում եմ՝ ամենալուրջ ֆիլմն անգամ պետք է մի քիչ «պոպկորն» պարունակի: Այդպես պետք է լինի, որ հանդիսատեսը գա կինոթատրոն: Ես նկարահանում են հենց այդ տեսակ ֆիլմեր»:

Mafia2

Մեր դիտարկմանը, որ Սարիկ Անդրեասյանն ինքն իրեն հակասում է, քանի որ վերջերս է ավարտել 1988-ի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի նկարահանումները, և հարցին՝ արդյո՞ք այդ ֆիլմում ևս լինելու է «պոպկորն», ռեժիսորը պատասխանեց.

«Երկրաշարժի մասին իմ ֆիլմը՝ ֆիլմ-աղետ է լինելու: Թե ինչպես է ցուցադրվելու այդ ամենը, կտեսնենք միայն, երբ ֆիլմը հայտնվի էկրաններին: Մենք նոր ենք վերջացրել նկարահանումները, և ևս մեկ տարի կպահանջվի մոնտաժային աշխատանքների համար: Ձեր ուղղած հարցի շուրջ կարելի է անվերջ վիճել: Ես էլ ձեզ եմ ուզում հարցնել՝ «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմը «պոպկո՞րն» է, թե՞ ոչ»:

Մեր դիտարկմանը, որ այս հարցի շուրջ, եթե անգամ ժամերով վիճենք, միևնույն է, յուրաքանչյուրս կմնանք մեր կարծիքին: Եվ ոչ՝ այն պատճառով, որ վիճողները «հաստակող» են, այլ՝ թեմայի շուրջ տարբեր պատկերացումներ ունենք: «Կարծում եմ՝ պետք է պարզապես փոխել հարցադրումը: Կա լավ և վատ կինո: Իսկ ընդհանրապես պոպկորնն ինքնին բացասական երևույթ չէ և բավականին համեղ է»,- ավելացրեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում հեղինակային, արտ-հաուսային ֆիլմերին, Սարիկ Անդրեասյանը պատասխանեց.

«Ես չեմ սիրում հեղինակային, արտ-հաուսային ֆիլմեր: Նախընտրում եմ դիտել և նկարահանել հանդիսատեսի համար արված, պարզ և հասկանալի ֆիլմեր: Երբ էկրաններ կբարձրանա երկրաշարժին նվիրված իմ ֆիլմը՝ շատ հավանական է, որ կարծիքները տարաբնույթ լինեն՝ մեկն ասի՝ հեղինակային ֆիլմ է, մյուսը՝ «պոպկորն»:

Ի դեպ, երկրաշարժին նվիրված ֆիլմն էկրաններին կցուցադրվի 2016թ. դեկտեմբերին: Մեր դիտարկմանը՝ կա՞ արդյոք մտավախություն, որ կինոքննադատները կմեղադրեն, որ ողբերգությունն օգտագործվել է ֆիլմ ստեղծելու համար, Սարիկ Անդրեասյանը պատասխանեց.

«Իհա՛րկե ոչ: Իսկ ինչո՞ւ Սփիլբերգին կարելի է իր ազգի՝ հրեաների ողբերգության հիման վրա նկարահանել «Շինդլերի ցուցակը», ինձ՝ ոչ: Հակառակը՝ պետք է պատմել սեփական պատմության մասին, և որքան հնարավոր է՝ շատ: Ես սիրում եմ իմ բոլոր ֆիլմերը: Ցանկացած ժանրում արված ֆիլմ գումարներ է պահանջում: Յուրաքանչյուր ֆիլմ անելիս՝ ֆիլմի ստեղծմանը մոտենում եմ՝ և՛ իբրև ռեժիսոր, և՛ իբրև պրոդյուսեր: Գալիք ֆիլմը ողբերգություն է՝ հիմնված իրականության վրա, իսկ այս մեկը՝ «Մաֆիան», ֆանտաստիկա է. ամեն ինչ հորինված է: Այստեղ ամբողջությամբ ֆիլմարտադրողների երևակայության խաղն է գործի դրված: Բայց թե՛ մեկը, թե՛ մյուսը մեծամասշտաբ ֆիլմեր են»:

Ֆիլմի դիտումից առաջ պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը նախ ներողություն խնդրեց, որ ստիպված է ռուսերեն խոսել՝ արդարանալով. «Վոբշմ, գրական հայերեն չեմ կարող խոսալ, կներեք էլի»: Այնուհետև ներկաներին հիշեցրեց, որ «Մաֆիան» Անդրեասյան եղբայրների երկրորդ ֆիլմի պրեմիերան է Հայաստանում: Առաջին անգամ Անդրեասյանները Հայաստան էին բերել «С новым годом мамы» ֆիլմը, որին ներկա էր նաև աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը:

«Մեզ համար մեծ պատիվ էր ներկայանալ հայրենի հողում՝ նման ֆիլմով: Եվ այսօր արդեն Հայաստան ենք բերել մեր երկրորդ՝ «Մաֆիա» ֆիլմը: Հուսանք, որ այն դուր կգա ձեզ: Այսօր մենք ևս մենակ չենք եկել Հայաստան՝ հյուրեր ունենք մեզ հետ: Ձեզ եմ ներկայացնում այս ֆիլմի գլխավոր դերակատարներին՝ դերասան Անդրեյ Չադով, դերասանուհի Նատալյա Ռուդովա և Անդրեասյան եղբայրների լավագույն ընկեր «Կարոպրոկատ» ընկերության տնօրեն, «Worner Brothers» ընկերության ներկայացուցիչը Ռուսաստանում՝ Ալեքսեյ Ռյազանցև, ում և ուզում եմ տրամադրել առաջին խոսքի «իրավունքը»»,- ասաց նա:

Mafia5

«Հարգելիներս, ես հայ չեմ, բայց կփորձեմ խոսել հայերեն: Բարև Ձեզ, ես Ձեր ցավը տանեմ»,- հայերեն խոսելու փորձով և սկսվեց պրոդյուսեր Ա. Ռյազանցևի ելույթը: Եվ, բնականաբար, շարունակվեց Արարատ լեռան հուզիչ գեղեցկության, «սխալ» երկրի սահմաններում գտնվելու վերաբերյալ՝ հայերիս ականջները «շոյող» պսևդոպատրիոտիկ արտահայտություններով: Ոգևորված ներկաների ծափերից և գոչյուններից հասկանալի էր, որ Ռյազանցևին հաջողվեց դիպչել «հայրենասերների» սրտի լարերին: Իր ելույթի՝ ֆիլմին վերաբերող հատվածում, նա նշեց, որ Անդրեասյանների այս ֆիլմը պատասխան է հոլիվուդյան բլոկբաստերներին՝ «Աստղային պատերազմներին», «Սոված խաղերին» և այլ հոլիվուդյան, իր իսկ մեկնաբանությամբ՝ «հիմարություններին»:

«Մեր ֆիլմն այն մասին է, որ եկել է մի ժամանակաշրջան, երբ «Մաֆիա» խաղը դարձել է հեղինակավոր հեռուստաշոու, որի ժամանակ մարդիկ իսկապես մահանում են խաղից դուրս մնալու դեպքում: Այսինքն՝ մարդը, մասնակցելով շոուին, իմանում է նախապես՝ կա՛մ հաղթելու է և վերականգնելու կյանքի իմաստը, որը յուրաքանչյուրի դեպքում տարբեր է, կա՛մ մահանալու է: Այսինքն՝ խաղին մասնակցում են մարդիկ, որոնք, ըստ էության, այլևս կորցնելու ոչինչ չունեն և խաղում են ինչ-որ բան գտնելու հույսով. մեկը շատ աղքատ է, մյուսը՝ մահացու հիվանդ, և այլն… Մենք ևս դեռ չենք տեսել, թե ինչպես է ֆիլմը նայվում 3D ձևաչափով, եկել ենք միասին դիտելու»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Ի դեպ, ֆիլմի նկարահանումներն իրականացվել են երկու տարի առաջ: Ամբողջ ֆիլմը նկարահանված է կանաչ ֆոնի վրա, այսինքն՝ ֆիլմում իրական են միայն դերասաններն ու այն աթոռները, որոնց վրա նրանք նստած են, իսկ մնացած ամեն ինչն արված է համակարգչային գրաֆիկայով: Ֆիլմի համար ծախսվել է 200 միլիոն ռուբլի: Ֆիլմը վաճառվել է աշխարհի 10-20 երկրներում, սկսած Ֆրանսիայից՝ վերջացրած Չինաստանով, այսինքն՝ այն միջազգային մասշտաբի ֆիլմ է, բայց առաջին բացառիկ նախադիտումը Հայաստանում է՝ «Սինեմա սթար» կինոթատրոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս