«Ես հոգնել եմ միշտ ճիշտ լինելուց, ուզում եմ սխալվեմ, անսպասելի ինչ-որ բաներ անեմ, բայց չի ստացվում»

Լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ իր արվեստանոցում՝ asekose.am խմբագրության գրասենյակում, հանդիպել էինք զրուցելու համար վերջին` «Դիմակ» ցուցահանդեսի թեմայով, որտեղ նա իր սեփական դիմակի հետ լուսանկարել էր վաղեմի ընկեր-ծանոթներին` մոտավորապես 140-ից ավելի հայտնի ու անհայտ մարդկանց, բայց ցուցահանդեսին ներառել էր դրանցից 51-ը։

Մեր զրույցի ընթացքում, սակայն, ինչպես և ակնկալվում էր` քննարկեցինք բազմաչարչար արվեստաբանական թեմաներ, խոսեցինք սրանից-նրանից, դեսից-դենից, իսկ թե ի՞նչ ստացվեց արդյունքում` թողնում ենք ընթերցողների ու հատկապես` Գերման Ավագյանի դատին։

Ինձ տպավորեց Գերմանի անկեղծ, շատ անկեղծ խոստովանությունն այն մասին, որ ինքն արդեն վաղուց հոգնել է միշտ ճիշտ լինելուց, ուզում է սխալվել, անել անսպասելի արարքներ, բայց չի հաջողվում։ Թեև միևնույն նախագծում ներառելով մոտ 150 հեռու-մոտիկ ընկերների, ինձ համար գոնե մեծ հաջողություն էր` գրանցած Գերմանի օգտին։

– Գերման, ի՜նչ լավ է, որ ակտիվ ստեղծագործական կյանքով ես ապրում։ Մի ամիս առաջ էր, որ լուսաբանեցի նախորդ ցուցահանդեսդ…

Կարդացեք նաև

– Ստեղծագործելը հիմա արդեն թանկ է նստում ինձ վրա, իրեն չի արդարացնում։

– Դա նորմալ է, որովհետև վաղուց նորություն չի, որ արվեստն ամբողջ աշխարհում բիզնես է։ Մնում է հասկանալ` ո՞նց անել, որ այդ բիզնեսն իրեն արդարացնի։

– Բայց ո՞վ է ասել, որ այն, ինչ ես եմ անում` արվեստ է։

– Ո՞նց թե արվեստ չէ, բա ի՞նչ է, որ արվեստ չէ։

– Չգիտեմ, դու ինձ բացատրի։

– Իհարկե` մաքուր արվեստ է, ավելի կոնկրետ` լուսանկարչական արվեստ է։

– Որտե՞ղ է դա գրված։

– Դա իմ կարծիքն է, Գերման, իսկ իմ անձնական կարծիքը պետք է ինչ-որ տեղ գրված լինի՞։ Ես հո Լենինը չե՞մ, որ իմ կարծիքներից հատորներ կազմվեն։

– Մինչև Մշակույթի նախարարը չհաստատի, որ արվեստ է, ո՞վ բանի տեղ կդնի։

– Բայց Մշակույթի նախարարը քո անունը գիտի՞։

– Դե հա, երևի։ Էն օրը Դավիթ Մաթևոսյանի հետ մի տեղ կանգնած էինք, եկավ-անցավ մեր կողքով, ասեց` Դավի՛թ, չե՞ս գալիս, ասեց` չէ, ես գնում եմ Գերմանի հետ ծխեմ, չնայած որ ինքը չի ծխում, չգիտեմ` ինչի՞ էդպես ասեց։ Ինքն էլ այդտեղ երևի լսեց իմ անունը…

– Հա՜, փաստորեն անունդ լսել է, իսկ չէ՞ր եկել վերջին ցուցահանդեսի բացմանը։

– Ես իրան չեմ կանչել, որ գա։

– Շատ իզուր… Պետք էր, որ մի կադր էլ ինքը քո դիմակով նկարվեր։ Օրինակ, ինչի՞ իրեն չես նկարել, ի՞նչ է` ինքը հետաքրքիր պերսոնաժ չէ՞ քեզ համար։

– Ես իրա հետ անձամբ ծանոթ չեմ։ Էս շարքում ում նկարել եմ` բոլորին ճանաչում եմ։

German (2) German (7)

– Լավ, Գերման, հիմա ինձ հետաքրքիր է` ուրեմն քո դեմքը քեզ հերիք չէ՞ր, որ մի հատ էլ դիմակ քանդակել տվեցիր։

– Չէ, Նվարդ, այդպես չի եղել այս պատմությունը… Ես էի ուզում կանգնեի իրենց կողքը նկարվեի, բայց էդպես ո՞նց կլիներ` պետք է մեկին էլ կանչեի, որ իմ տեսախցիկով նկարեր, բայց ես չէի վստահի իմ սարքը որևէ մեկին։ Ասեմ, որ ուրիշինն էլ ինքս չէի վստահի` վերցնեի, դրա համար միտք ծագեց` իմ դիմակով նկարել ընկերներիս ու ծանոթներիս։

– Իսկապես դա՞ է եղել այս ցուցահանդեսի նախապատմությունը։

– Ընդհանրապես դիմակը ծառայում է ինչ-որ բաներ թաքցնելու համար, բայց էս մի դիմակը` մարդկանց բացահայտել է։ Նայել ես, չէ՞, ցուցահանդեսը։ Բոլորին ճանաչում ես, չէ՞։ Չե՞ս տեսել, որ բոլորն էլ խաղում են։

German (10)  German (4)

– Հետաքրքիր բան ես ասում, Գերման։ Բոլորը և միշտ խաղում են, ի՞նչ է` դու այդ մասին չգիտեի՞ր։

– Ես այդ մասին գիտեմ, այստեղ ուրիշ բան կա` ավելի կարևոր` Սթինգը մի երգ ունի` «Shape of My Heart», լսե՞լ ես։

– Իհարկե, այն էլ մի քանի հարյուր անգամ…

– Այս երգում ասվում է, չէ՞. «I’m not a man of too many faces The mask I wear is one…». Ես չեմ խաղում, որովհետև ես մի դեմք ունեմ… Սա՛ է պատմությունը, ու ասեմ, որ այս դիմակը սարքելու համար տարիներ են պահանջվել։ Ես շատ երկար էի փնտրում մեկին, ով կպատրաստեր, բայց ոչ մեկը կա՛մ չէր կարողանում, կա՛մ պատասխանատվություն չէր վերցնում, որ կպատրաստի։ Վերջապես ես մեծ դժվարությամբ գտա ճիշտ մարդուն` հենց նրան, ով շատ լավ արեց դա` Սահակ Պողոսյանին։

German (3)

– Ասում ես, որ քո դիմակն այս նախագծի ընթացքում բացահայտում է մարդկանց… Դու արդյունքում ի՞նչ բացահայտեցիր նրանց մասին, որ մինչև հիմա չգիտեիր։

– Թող ամեն մեկը նայի իր նկարին, ու ինքն էդ հարցին պատասխանի։ Ես միայն կասեմ, որ այս պրոյեկտից հետո մարդիկ կան, որոնց ես իմ համար լրիվ նոր կողմերից բացահայտեցի, բայց մանրամասները չեմ բարձրաձայնի։

German (11) German (8) German (6)

– Այսինքն` քո համար, ամեն դեպքում, բացահայտումներ եղել են։

– Իհարկե։

– Իսկ քո դիմակը շա՞տ է տարբերվում քո դեմքից։

– Չէ, իմ դեմքը միշտ նույնն է, չի փոխվում, բայց ես կուզենայի, որ այս հարցին ուրիշները պատասխանեին, որովհետև ես չեմ ուզում ինքս ինձ գնահատեմ, ես հո մաքսայինի աշխատող չե՞մ, որ գնահատեմ։

– Ընդհանուր շարքը քանի՞ լուսանկարից է բաղկացած։

– Դիմակով շարքում մոտ 150 լուսանկար կա, բայց ցուցահանդեսին ընտրել եմ 51-ը։

– Ի՞նչ սկզբունքով ես ընտրել։

– Ընտրել եմ այն մարդկանց, ովքեր իմ կյանքում հետք են թողել։

German (1) German (9) German (5)

– Հե՞շտ է քո կյանքում հետք թողնել։

– Փորձիր ու կտեսնես։

– Չէ՛, չեմ ուզում, բայց կուզենայի իմանալ` ի՞նչը քեզ չի գոհացնում այս ամենում, որովհետև մի տեսակ տխուր ես թվում։

– Մեզ մոտ արվեստում դիալոգ տեղի չի ունենում, իսկ եթե արվեստում դիալոգ չկա, ստացվում է, որ բոլորը լավն են, իրենցից լավը չկա, կամ, որ ավելի վատ է` բոլորը հավասար են։ Իսկ ի՞նչ դիալոգի մասին է խոսքը, եթե մշակութաբանը, քննադատը, ում մասնագիտությունն է` գալ, նայել արածդ աշխատանքն ու կարծիք, քննադատություն գրել, արվեստաբանական իր տեքստը գրելու համար ամեն էջի դիմաց քեզանից ֆիքսված գումար է ուզում ու, բնականաբար, գրում է, որ ամեն ինչ շատ լավ էր, էս ի՜նչ զիլ ցուցահանդես էր, ու վերջ, էսքանով ամեն ինչ վերջանում է։ Ինչի՞ մասին է խոսքը։ Սա էլ մեր արվեստաբանության մակարդակը, էլ չասեմ, որ մեզ մոտ նոր-նոր սովորել են թերթերում էտյուդային լուսանկարներ չտպել։

Մի ժամանակ, երբ թերթերում լիքը ազատ տեղ էր մնում, ու չգիտեին` ինչո՞վ փակել, վերցնում` մի հատ նկար էին դնում, տակը գրում էին` «էտյուդային լուսանկար»` Գերման Ավագյան։ Խնդալու է, չէ՞։ Հիմա մարդ մտածում է` լա՛վ, ինչի՞ համար եմ ես ցուցահանդես անում, եթե, ասենք, նախորդ ցուցահանդեսին, օրինակ, ալբոմներիս կեսը նվիրեցի սրան-նրան։ Ով գալիս, խնդրում էր, ամաչում էի` մերժեմ, ու տալիս էի, իսկ, եթե դա իրենց համար արժեքավոր մի բան լիներ, անպայման կգնեին, չէին խնդրի…

– Լավ հռետորական հարց տվեցիր, Գերման, իսկապես, իսկ ինչի՞ համար ես ցուցահանդես անում։

– Էլ չեմ անի ուրեմն…

– Բայց դա հարցի լուծում չէ…

– Հասկանո՞ւմ ես` մթնոլորտ չկա, տրամադրող վիճակ չկա, որ անես…

– Բայց ինչ-որ բան ինձ այնուամենայնիվ հուշում է, որ դու արդեն պատրաստվում ես քո հաջորդ ցուցահանդեսին…

– Ճիշտ է հուշում քեզ։

– Ո՞ւ, այս անգամ ի՞նչ ենք սպասելու քեզնից։

– Չեմ ասի, որ գաղափարս չցրեն, կանեմ, կգաք` կտեսնեք, միայն կասեմ, որ հաջորդ պրոյեկտը ցույց է տալու, թե ո՞նց են մարդիկ իրենց սիրունացնում։ Գնալու եմ գյուղերում ու շրջաններում ֆոտոներ անեմ։

– Լավ, կսպասենք, բայց ամեն դեպքում ես այդպես էլ չհասկացա, թե դու ինչո՞ւ Մշակույթի նախարարին չներառեցիր քո դիմակով նախագծի մեջ։

– Ես ի՞նչ գործ ունեմ, գնամ-ասեմ` արի նկարվի, ֆռա, մի հատ թարս չափալախի, ամուսնացած կին է, կարող է սխալ հասկանա, որովհետև ինքը ինձ չի ճանաչում… ես գործ չունեմ իր կուլտուր-մուլտուրների հետ, ավելի լավ է հեռու մնամ։

Հ.Գ. Գերման Ավագյանի «Դիմակ» ցուցահանդեսը ներկայացված է «Նավավար» ձկնալի ըմպելարանում։ Այն կտևի այնքան, որքան հեղինակի սիրտը կցանկանա։

Գերման Ավագյանի լուսանկարը՝ Աննա Գրիգորյանի

Տեսանյութեր

Լրահոս