Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հայտարարություն են տարածել
Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդության սկզբունքներին: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին ասվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների (ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի, Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Հարլեմ Դեսիր) տարածած համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր Բելգրադում՝ ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում:
«Մենք աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների միջև հանդիպման անցկացմանը, որը կազմակերպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջին շրջանում տեղի ունեցող սրացումների ֆոնին մենք կոչ ենք անում կողմերին՝ դարձյալ ցուցաբերել հավատարմություն հակամարտության խաղաղ կարգավորմանը ու բանակցությունների ճանապարհով ցրել ամեն տեսակի անլուրջ ու ոչ հավաստի պատկերացումները:
Կողմերը պետք է 2016 թվականին շարունակեն ինտենսիվ երկխոսություն վարել հակամարտության բազմակողմանի կարգավորման շուրջ, որը 2014թ. անցկացվել էր Սոչիի, Ուելսի ու Փարիզի հանդիպումների ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ կապված Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ու շփման գծին տեղի ունեցող բռնության դեպքերի աճի հետ, այս տարի ստատուս-քվոն եղել է անկայուն:
«Մենք հատկապես դատապարտում ենք ականանետերի ու այլ ծանր սպառազինությունների օգտագործումը ու ափսոսանք ենք հայտնում, որ այդ զենքի կիրառումից տառապում է խաղաղ բնակչությունը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում: Արդարացում չկա մահվանն ու անմեղ մարդկանց տառապանքին: Մենք ամենակոշտ լեզվով կոչ ենք անում կողմերին՝ նվազեցնել լարվածությունը ու խնայել մարդկանց կյանքը:
Համանախագահները ներկայացրել են առաջարկություններ՝ կապված ռիսկերի նվազեցման հետ: Հուսով ենք՝ կողմերը կընդունեն այդ որոշումը՝ ներառելով ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ վերադարձնել զինծառայողին ու խաղաղ բնակչին, ովքեր հատել էին շփման գիծը, մարդասիրական քայլ է:
Նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության հաստատման համար պետք է երկխոսություն ընթանա: Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարներն իրենց տարածած հայտարարության մեջ կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ աշխատել այն ծրագրերի վրա, որոնք կմեկտեղեն հակամարտությունից տուժած մարդկանց:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ անցնող տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ մեղադրանքներ են հնչում, սակայն ևս մեկ անգամ ընդգծվում է, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որը ընդունվել է կողմերի կողմից, արժանացել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների վստահությանը: