«Որևէ տեղ նշված չէ, որ դատարանն անարդար դատական ակտ պետք է կայացնի». փաստաբան

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ

– Դուք այն փաստաբաններից եք, ովքեր «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին: Ինչո՞ւ եք դեմ այս փոփոխություններին, և որո՞նք են Ձեզ ամենաշատն անհանգստացնող կարգավորումները:

– Սկսեմ նրանից, որ ես ընդհանրապես դեմ եմ այս փոփոխություններին: Ոչ թե կոնկրետ հոդվածների կամ երևույթների հետ կապված, այլ ընդհանրապես դեմ եմ այս փոփոխությանը, որովհետև դրա կարիքը չեմ տեսնում: Նախ՝ գտնում եմ, որ մեզ մոտ ոչ թե օրենքները կամ, տվյալ դեպքում, Մայր օրենքը՝ Սահմանադրությունն է փոփոխման ենթակա, քանի որ թե՛ մեր դատական համակարգի, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իրավիճակի վատ լինելը պայմանավորված չէ Սահմանադրությամբ կամ օրենքներով, այլ պայմանավորված է կոնկրետ աշխատանքով, չասեմ՝ անձանցով, այլ անձանց աշխատանքով: Որևէ տեղ նշված չէ, որ դատարանն անարդար դատական ակտ պետք է կայացնի: Հակառակը՝ բոլոր օրենքներում, ինչպես նաև` Սահմանադրությունում նշված է, որ դատարանը պարտավոր է կայացնել օբյեկտիվ, արդար դատական ակտ:

Այսինքն՝ դրա համար օրենք կամ Սահմանադրություն փոխելու կարիքը չկա: Սա` առաջինը:

Կարդացեք նաև

Երկրորդը՝ մենք չունենք այդ ճգնաժամը: Բացի այդ, քանի որ բոլոր օրենքները բխում են Սահմանադրությունից, Սահմանադրությունը փոփոխելու արդյունքում ստիպված ենք լինելու փոփոխել նաև բոլոր օրենքները, որոնք կհակասեն Սահմանադրությանը: Այդ պայմաններում կազմալուծվելու է, ըստ էության, այն բնականոն աշխատանքը, որը նախկինում ինչ-որ չափով ընկել էր հունի մեջ: Այսինքն՝ մենք ջնջում ենք այս 20 տարվա պատմությունը (լավն է թե վատը, այլ հարց է), և այդ ամենը սկսում զրոյից, ինչը բոլոր դեպքերում չի կարող դրական անդրադառնալ մեր իրավիճակի վրա: Հաջորդ խնդիրը՝ ինձ համար շատ խնդրահարույց են նաև Ազգային ժողովի ընտրությունների, դատական համակարգի, մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: Այդ ամենը նորից ազդելու է, այսպես ասեմ, մեր ընդհանուր կյանքի վրա:

– Մարդու իրավունքների վերաբերյալ խոսեցիք: Այդ ոլորտում ո՞ր կարգավորումներն են խնդրահարույց:

– Դիտարկենք մեկ հանգամանք: Այսօր գործող Սահմանադրությունում, որից բխում է նաև Քրեական դատավարության օրենսգիրքը, նշված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ցուցմունք չտալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, որն այս պահին շատ կարևոր է: Անձը գիտի, որ գնում է հարցաքննության և կարող է իր եղբոր կամ ինքն իր վերաբերյալ ցուցմունք չտալ՝ անկախ նրանից՝ դա սկսվում է իր անուն-ազգանունից և ավարտվում այն ամենով, ինչի շուրջ իրեն պետք է կանչեն, հարցաքննեն: Իսկ այս փոփոխված տարբերակով ինքը ստիպված է լինելու ցուցմունք տալ: (Սահմանադրության փոփոխությունների նախագծում հոդվածը շարադրված է հետևյալ կերպ՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.- Օ.Հ.)

Գիտեք՝ սովորական քաղաքացին նախապես չի կարող որոշել` դա նրա դե՞մ է, թե՞ դեմ չէ: Այսինքն՝ ցուցմունքը կտա, կվերջացնի, հետո իրավապահները դա կգնահատեն` որպես մեղադրական ցուցմո՞ւնք, թե՞ որպես ոչ մեղադրական: Երբ կգնահատեն՝ որպես մեղադրական ցուցմունք, դա կդառնա ինչ-որ մեկի դեմ, այդ թվում` նաև իր դեմ: Անձը չի կարողանա դա նախապես որոշել: Հետևապես, ես գտնում եմ, որ այսօրվա գործող Սահմանադրության մեջ նշված «վերաբերյալ» արտահայտությունը շատ ճիշտ է:

– Փաստորեն, գտնում եք, որ գործնականում դա իրավունքների խախտո՞ւմ է առաջացնելու:

– Իմ կարծիքով՝ միանշանակ:

– Պարոն Սիմոնյան, նվազեցվել են նաև անմեղության կանխավարկածի բաղադրիչները:

– Միանշանակ, գործող օրենսդրությամբ դա հստակ է սահմանված, իսկ նախատեսվող տարբերակում այնպիսի ձևակերպում ունի (ես այդ թեմայի շուրջ շատ եմ մտածել), որ կարող է տարբեր մեկնաբանությունների առիթ տալ:

– Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի նախագծում խոսվում էր նաև երդվյալ ատենակալների մասնակցությամբ նիստեր անցկացնելու հնարավորության և եռաստիճան դատական համակարգից եռաստիճանի անցնելու հնարավորության մասին:

– Միակ բանը, որը ես կցանկանայի այդ փոփոխությունների մեջ ավելի ռեալ տեսնել, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է, որը, ինչպես տեսնում ենք, չկա: Գուցեև համաձայն լինեի փոփոխություններին` միայն թեկուզ այդ պատճառով:

Ինչ վերաբերում է եռաստիճան կամ երկաստիճան դատական համակարգին, մենք այսօր եռաստիճան դատական համակարգ ունենք, բայց ամբողջ խնդիրն այն է, որ վերաքննիչ դատարանը գործերի մեծամասնությունը քննում է վճռաբեկության կանոններով: Այսինքն՝ դուրս է գալիս՝ մեզ մոտ 90 տոկոս դեպքերում երկաստիճան դատարան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս