Ինչի՞ մասին են Փարիզում խոսել Պուտինն ու Օբաման
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Փարիզի արվարձանում տեղի ունեցած կլիմայական գագաթաժողովի ժամանակ հանդիպել են ու անդրադարձել մի քանի թեմայի: Դրանց թվում են եղել Սիրիայում ստեղծված իրավիճակը, Ուկրաինայի վիճակն ու ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կատարվածը:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հայտնի է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը տևել է կես ժամ:
«Խոսել են նաև Ուկրաինայի մասին՝ նշելով մինսկյան համաձայնագրերի շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը:
Սիրիական հարցի քննարկման ժամանակ Օբաման ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա քաղաքական կարգավորման շրջանակում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
«Օբաման ափսոսանք է հայտնել ռուսական ինքնաթիռի հետ կատարվածի առնչությամբ»,- Պեսկովի խոսքերը մեջբերել է Interfax-ը: