Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի զինվորական օդաչուներին կոչել է «նյարդային»
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Twitter-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցման դեպքին. «Բարեբախտաբար, մեր օդաչուները ռուսների նկատմամբ նույնքան «նյարդային» չեն, որքան թուրք օդաչուները»,- գրել է Ցիպրասը, ըստ էության, իր գրառումն ուղղելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Ի պատասխան Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի այդ հայտարարության՝ Ա. Դավութօղլուն Twitter-ի իր էջում գրել է. «Օդաչուների վերաբերյալ Ցիպրասի մեկնաբանությունները բնավ չեն համապատասխանում այսօրվա ոգուն: Ալեքսիս, եկեք կենտրոնանանք դրական օրակարգի վրա»:
Ըստ ՏԱՍՍ-ի ՝ Եվրամիությունը և Թուրքիան նոյեմբերի 29-ին Բրյուսելում վերջին 11 տարվա ընթացքում կայացած առաջին երկկողմ գագաթաժողովի ընթացքում համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի գործողությունների հերթական ծրագիրը և 3 մլրդ եվրոյի չափով այն «պարգևավճարը», որը Թուրքիան կստանա դրա կատարման դեպքում:
Հանդիպման մասնակիցները նաև պայմանավորվել են «ակտիվացնել փոխհարաբերությունները»: Բրյուսելն ու Անկարան որոշել են գործարկել հանրակցությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը: