«Երբ իմացա Արթուրի մասին, շոկ ապրեցի». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  զրուցել է «Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն» կազմակերպության ղեկավար Արամ Մկրտչյանի հետ, որը ներկայում բնակվում է Գերմանիայում եւ մի բանի հանդիպում է ունեցել Արթուր Վարդանյանի հետ։ Նա չգիտի՝ արդյոք Արթուրը ձեռք է բերել Արեւմտյան Հայաստանի անձնագրերը, որոնք բաժանվում են սփյուռքահայերին, բայց բնութագրեց Արթուր Վարդանյանին:

–   Ձեր կազմակերպությունն աջակցել է Քեսաբի հայերին, Արթուրն էլ է եղել Քեսաբում։ Ի՞նչ էր նա այնտեղ անում։

–   Երբ որ Սիրիայում դեպքերը զարգանում էին, մենք Քեսաբում որոշակի քաղաքական գործունեություն ծավալեցինք, որ կարողանանք սիրիահայությանը պաշտպանել։ ԱՄՆ-ից զանգ եկավ ինձ, որ կան տղաներ, որոնք ցանկանում են զինյալ պայքարի մեջ մտնել։ Փոխանցեցին հեռախոսի համարները։ Ես կապվեցի իրենց հետ, Արթուրն էր, խոսեցինք։ Ես ասեցի՝ մի գնացեք զինված որեւէ բանի, չի կարելի, որովհետեւ ավանդական կուսակցությունները Քեսաբում են։ Եթե դրանք չեն ցանկանում խառնվել, եթե Հայաստանի Հանրապետությունը չի ցանկանում մասնակցել, ուրեմն խնդիրներ կան։ Ինքն ասեց՝ չէ, մենք շատ ենք տուժել որպես ազգ, շատ ենք տառապել, պետք է մասնակցենք, որպեսզի ոգին վերականգնվի։ Մենք խոսում ենք բացառապես Քեսաբի մասին։ Դրանից հետո մի քանի անգամ զանգեց։ Հետո Իսպանիայից զանգեց, ասեց, որ կապվենք իրար հետ, աշխատանքային հարցեր ունի։ Հանդիպեցինք, նա ասաց, որ մասնագիտությամբ իրավաբան է, ցանկություն ունի Իսպանիայում դատական հայց ներկայացնել Թուրքիայի դեմ։ Ես էլ ասեցի՝ շատ սիրով, քանի որ մենք աշխատում ենք ՄԱԿ-ի ձեւաչափում, կհամագործակցենք, եթե առաջարկություն լինի։ Շատ կոնկրետ թեմաներ էին, Թուրքիայի դեմ պահանջներ։ Ինչ-որ տեղ էր գնում տրանզիտ, եվրոպական մի երկիր, հիմա չեմ հիշում, թե ուր, մենք հանդիպեցինք օդանավակայանում, զրուցեցինք, տպավորությունս լավն էր՝ կիրթ կեցվածք ուներ։

– Ձեզ համար զարմանալի՝ էր հայ իրավապահների կողմից Արթուրի խմբի վնասազերծումը։

–  Քաղաքական հարթության վրա դիտարկելու նյութ չկա։ Ինքն այնքան կայուն, պինդ տղա էր մտածողությամբ՝ հայրենիք, երկիր, անվտանգություն, ազատություն, իր ընտանիքը, իր սերը երեխաների, ընտանիքի նկատմամբ։ Այս ամեն ինչով հանդերձ՝ հանկարծ այս իրավիճակը։ Մարդկային առումով ես շոկ ապրեցի։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս