Ինչպես «վնասազերծման գործողությունների» ընթացքում դերակատարները զգեստափոխվեցին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունը շարունակում է քննարկել հանցավոր խմբավորման անդամների մասին լուրերը. ովքե՞ր են նրանք` ի վերջո, ահաբեկիչնե՞ր, թե՞ Հայաստանում հեղափոխություն անելու նպատակ ունեցողների մի խումբ: Թվում էր, թե այս հարցերի պատասխանները երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում պետք է տար ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, բայց, ընդհակառակը, նոր հարցականներ ի հայտ եկան:
Միքայել Համբարձումյանը հայտարարեց, որ հանցավոր խմբավորման անդամների թիվը 21 է: Այն, որ այս մարդիկ իրար հետ ընդհանրապես առնչություն չունեն եւ մեկ ընդհանուր խմբավորման մեջ տարբեր տեղերից հավաքագրված անհատներ են, անզեն աչքով կարելի է նկատել: Ու դժվար է պատկերացնել, թե ինչ կապ կարող են ունենալ միմյանց հետ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը եւ 21-ամյա Նելլի Մինասյանը: Կամ հետաքրքիր է՝ ինչ առնչություն կարող են ունենալ հանցավոր խմբավորման պարագլուխ համարվող, Քեսաբի ազատագրման համար պայքարող «Հայոց վահան» գնդի հիմնադիր Արթուր Վարդանյանը եւ Շիրակի մարզի Փանիկ համայքի բնակիչներ Տիգրանն ու Գեւորգ-Արեգ Ջնդոյանը:
Ուշագրավ է նաեւ այն, որ ԱԱԾ-ի բուռն եւ ջարդուփշուրով ուղեկցված գործողության ընթացքում «հանցախմբի անդամ» երիտասարդ աղջիկները հասցրեցին զգեստափոխվել: Իսկ գուցե շոուն երկու օրվա ընթացքո՞ւմ է նկարահանվել: Համաձայնեք` չարժեր մուսուլմանական ահաբեկիչներին հավասարեցնել հայտնաբերված խմբին` հատուկ կադրերով ցույց տալով երիտասարդ աղջիկներին: Ազգային ինքնությունն ու հայ կնոջ կերպարն աղավաղելու առավել վատ տարբերակ դժվար թե գտնվեր. նրանք դեռ պետք է ապրեն, բայց ԱԱԾ-ն խեղեց ճակատագրերը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: