Ի՞նչ կլինի, եթե հանրաքվեի օրը անձրև կամ ձյուն գա՝ ըստ Ադիբեկյանի

«Մենք ունենք ընտրողների մի քանի խումբ՝ «ոչ» ասողներ, «այո» ասողներ, որոնք կազմում են ակտիվ ընտրողների 40%-ը, իսկ 60%-ի մոտ 40%-ը դեռ չի որոշել, մնացածը կամ բովանդակության հետ ծանոթ չեն և ուզում են ծանոթանալ, կամ ընդհանրապես չգիտեն՝ հանրաքվե կա՞, թե՞ ոչ: «Այո»-ի կամ «ոչ»-ի հասնելու համար պետք է չկողմնորոշվածներին բերել ընտրատեղամաս և ասել՝ ինչ կլինի, ասա՝ ոչ կամ այո: Եղանակը նույնիսկ մեծ նշանակություն ունի: Հանրաքվեի օրը եթե անձրև կամ ձյուն գա, մարդիկ կլինեն, որ չեն մասնակցի դրան, քանի որ համապատասխան հագուստ չունեն և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա՝ կուսակցությունների ղեկավարները լրատվամիջոցներով խոսում են հանրաքվեի մասին, բայց շարքային ընտրողը դա նրանց խոսքից ոչինչ չի հասկանում. «Բոլոնյան գործընթաց, ռեժիմի փոփոխություն, արտոնություններ, շարքային ընտրողը դա չի հասկանում: Նրան պետք է շատ պարզ լեզվով մեկը բացատրի, թե խոսքն ինչի մասին է: Այտեղ մեծ դերակատարություն ունի քարոզարշավը: Ամենաչկողմնորոշվածը կանայք են (տնային տնտեսուհիները): Քարոզողը, որ գնա տներում աշխատելու, ո՞ւմ է հանդիպելու՝ տնային տնտեսուհիներին, և պետք է կարողանա նրանց համոզել կամ ցույց տալ, որ սա իրենց պետք է: Երիտասարդները ևս բավականին չկողմնորոշված են: Բայց նրանց գտնելը բավականին դժվար է. բուհերում աշխատելն անհնար է, նրանք տանը չեն լինում, ուրեմն՝ այստեղ կորցրած ռեսուրս կա»:

Նա ընդգծեց՝ չկողմնորոշվածների մի մասը չգիտի՝ ինչի մասին է խոսքը, ու մեկը նրան պետք է պատմի, թե Սահմանադրությունն ինչու է փոխվում. «Իսկ հանրաքվեից անտեղյակին եթե ասես՝ հանրաքվե կա, նա կմասնակցի դրան»:

«Ինչո՞ւ ինձ դուր չի գալիս առաջարկվող Սահմանադրությունը, որովհետև ոչնչացվում է մեծամասնական պատգամավորի ինստիտուտը: Անմիջական կապը՝ ընտրող-խորհրդարան, կտրվում է: Մեր հարցումներով, երբ մարդիկ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, դիմում եմ գյուղապետին, թաղապետին, մարզպետին, քաղաքապետին և մեծամասնական պատգամավորներին: Մեծամասնական պատգամավորներից օգնություն են ստանում բնակիչների մոտ 3-3.5%, մարզպետներից՝ մոտ 6%-ը, իսկ գյուղապետերից՝ մոտ 24-25%-ը: Հիմա եթե նրանք մտնեն բնակիչների տները, բավականին մեծ ձայներ կբերեն «այո»-ի կողմնակիցներին, քանի որ համայքների մեծ մասը գտնվում են նրանց ենթակայության տակ»:

Տեսանյութեր

Լրահոս