Դպրոցում չեն սովորեցնում կազմակերպված մտածել, հակառակը՝ սովորեցնում են «հառաչել». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը երեկ ԱԺ-ում արտահերթ ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով, մասնավորապես, առաջարկվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ սահմանափակել հարց տալու եւ պատասխանի տեւողությունը՝ 2-ական րոպե, իսկ արձագանքների համար՝ 1-ական րոպե: Նպատակն այն է, որ գործադիրին հնարավորինս շատ հարցեր ուղղվեն: Երկու րոպեն քիչ ժամանակ չէ, գրավոր տեքստի վերածած՝ համակարգչային մեկ էջից մի փոքր պակաս. այդ ընթացքում հնարավոր է բազմաթիվ ամփոփ մտքեր արտահայտել:

Բայց ես կասկածում եմ, որ այդ նախագիծը կընդունվի, որովհետեւ առաջարկն արտաքուստ «տեխնիկական» է, բայց ընդունվելու դեպքում այն փոքրիկ «մշակութային հեղափոխություն» է առաջացնելու՝ թեկուզ խորհրդարանական մակարդակով: Որովհետեւ այդպիսով կհաստատվի, որ մարդիկ հարց են տալիս՝ ինչ-որ բան իմանալու համար, եւ պատասխանում են՝ որոշակի տեղեկատվություն հաղորդելու նպատակով: Նման մոտեցումը սուր հակասության մեջ է մտնում հայ հասարակական մտքի ավանդույթների հետ: Պատգամավորները հարց են տալիս՝ իրենց ցույց տալու համար, նախարարները պատասխանում են՝ խնդիրը «ցրելու» ու «սվաղելու» նպատակով: Բայց ոչ միայն պատգամավորներն ու նախարարները չեն կարողանում «հարցնել ու պատասխանել» երկու րոպեում, այլեւ մեր մնացած հայրենակիցներից շատերն են զուրկ այդ կարեւոր ունակությունից:

… Դպրոցի տասը տարիների կարծրատիպը իր անջնջելի հետքն է թողնում մարդկանց մտածելակերպի վրա: Չէ՞ որ լեզուն մտածողության արտացոլումն է. եթե մարդը չի կարող իր մտքերն արտահայտել սեղմ, հակիրճ, ուրեմն նրա միտքն ի վիճակի չէ կենտրոնանալ որեւէ առարկայի վրա եւ անվերջ թռիչքներ է գործում թեմայից թեմա: Դպրոցում չեն սովորեցնում կազմակերպված մտածել: Հակառակը՝ սովորեցնում են «հառաչել»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս