Վ. Գասպարյանի հորդորները՝ «հանդուրժողականության, վերաբերմունքի և շնորհքի» վերաբերյալ, ավելի անիրատեսական են դառնում
2015 թվականի նոյեմբերի 13-ին իրավաբանական խորհրդատվություն ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից նոյեմբեր ամսվա մեջ ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ երկու անգամ տուգանվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1292 հոդվածով (Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելը) և նույն օրենսգրքի 1233 (Տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը) հոդվածով, համապատասխանաբար՝ հարյուր հազար և հինգ հազար դրամի չափով և որ ինքը հնարավորություն չունի վճարելու իր համար այդքան մեծ չափի տուգանքը:
Նշենք, որ քաղաքացու ապրուստի միակ միջոցը իր ավտոմեքենան է, որը բավականին հին է և բարոյապես մաշված վիճակում է գտնվում, և եթե համեմատելու լինենք նշանակված տուգանքի չափը տվյալ ավտոմեքենայի շուկայական արժեքի հետ, հնարավոր է առաջինը նույնիսկ գերազանցի մեքենայի գինը: Նրա կողմից վերոնշյալ խախտումներից առաջինը ևս կապված է սոցիալական ծանր դրության հետ, որի պատճառով չի կարողացել ժամանակին ապահովագրել ավտոմեքենան: Փաստորեն, օրենսդրական կարգավորումը անելանելի դրություն է ստեղծում և վարորդի, և ոստիկանի համար:
Եվ այս ֆոնին ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հորդորները՝ «հանդուրժողականության, վերաբերմունքի և շնորհքի» վերաբերյալ, ավելի անիրատեսական են դառնում:
Մնում է միայն արձանագրել, որ պարոն Գասպարյանի կողմից նշված «անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող, ոստիկանության հանդեպ հանրության հավատը խարխլող երևույթների» պատճառների մի մասը պայմանավոված է նաև օրենսդրական նորմերի ակնհայտ հակաիրավական բնույթով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ