«Թիկնապահների պահանջարկը Հայաստանում մեծացել է». «Պահապան Արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն
Վերջին տարիներին թիկնապահների պահանջարկը Հայաստանում մեծացել է: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց «Պահապան Արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը:
«Խավերի վերադասավորման շնորհիվ առաջացել է թիկնապահների մեծ պահանջարկ։ 1999թ. արդեն ունեինք թիկնապահների պահանջարկ, երբ ստեղծեցինք մեր կազմակերպությունը, բայց վերջին տարիներին թիկնապահների պահանջարկն ավելի է շատացել: Հիմնականում բարձր խավերն են պահանջում թիկնապահներ, ու նրանք, ովքեր ունեն ինչ-որ խնդիրներ (պաշտոնատար անձինք, հարուստները, կիսահարուստները, պրոբլեմատիկներն ունեն թիկնապահի կարիք)։ Դրա համար վերադասավորում ենք թիկնապահներին՝ թե ում ինչ տիպի թիկնապահ է հարկավոր»:
Նա նկատեց՝ Հայաստանում նոր են կողմնորոշվում, որ վարորդ-թիկնապահներ են պետք, ովքեր նաև պետք է կրթված լինեն, որ կարողանան պաշտպանել ոչ միայն՝ ֆիզիկական առումով, այլև՝ մտավոր:
Ըստ նրա՝ Հայաստանում խնդիր է նաև այն, որ թիկնապահները չեն հասկանում՝ ում հետ ոնց աշխատեն. «Եթե մոտենում է այդ հարուստից ավելի հարուստ կամ ավելի պատվավոր մարդ, իրենք պետք է ձայն չհանեն, որ ձայն հանեն, կարող է պատժի ենթարկվեն: Մենք չենք կարողանում եվրոպական զարգացած երկրների նման աշխատել»:
Նա նշեց, որ Հայաստանում թիկնապահների աշխատավարձը շատ ցածր է՝ այն դեպքում, երբ նրանք օրը 24 ժամ աշխատում են, իսկ աշխարհում պրոֆեսիոնալ թիկնապահներն աշխատում են 8-12 ժամ. «Նախկինում թիկնապահները ստանում էին՝ 120-150, հիմա՝ 200-250 հազար դրամ աշխատավարձ։ Բայց կան մեծահարուստներ, ովքեր ավելի շատ են վճարում իրենց թիկնապահներին: Անվտանգության պետ կա, որ ամսական 10 հազար դոլար է ստանում»:
Արսեն Դավթյանն ընդգծեց, որ պետականորեն պաշտոնյայի համար նախատեսված է երեք թիկնապահ, որոնք պետք է տեղավորվեն տվյալ գործատուի ավտոմեքենայի մեջ, «բայց կախված դիրքից ու պաշտոնից՝ որոշ գործատուներ ունեն մեկից ավելի ավտոմեքենաներ, ու թիկնապահների քանակն էլ մեծ է»:
168.am-ի այն հարցին, թե Հայաստանում իրո՞ք այդքան մեծ է անվտանգության խնդիրը, որ թիկնազորով են շրջում պաշտոնյաները, թե՞, այսպես ասած՝ «պրեստիժի» խնդիր է, նա պատասխանեց. «Անվտանգության հետ մեկտեղ՝ նաև պրեստիժի խնդիր է, որ իրենց թիկնապահներն ավելի լավը լինեն: Ես միշտ ասում եմ, որ մկանները կարևոր չեն, թիկնապահը պետք է նախ՝ ուղեղ ունենա, եթե վտանգը գալիս է, թիկնապահը չի կարող իր մեծ մարմնով այն կանխել, պետք է ուղեղ ունենա: Արտասահմանում մեծ մարմնով թիկնապահներ ենք ունեցել ու իրենց որպես պատ ենք օգտագործել: Հայաստանի պարագայում ուզում եմ կոչ անել բոլոր թիկնապահներին՝ չկատարել գործատուների այն առաջադրանքը, որը կրիմինալի է վերածվելու (մարդ ծեծել, կատարել այն փոխադրումները, որ չի կարելի, և այլն), թող կատարեն օրենքով թիկնապահներին թույլատրված առաջադրանքները:



