Վայրկյաններ անց հենակետի զինանոցը դատարկվեց. բոլորը զենքով շտապեց դեպի սահմանված կետը
hayzinvor.am-ը գրում է. «Սահմանին հնարավոր է ցանկացած զարգացում: Կռիվ է. մեկը հրադադար է կոչում, որը հաճախ խախտվում է, մյուսը մի այլ անուն է տալիս իրավիճակին: Սակայն սահմանին կանգնած զինվորին այդ բնորոշումները չեն հետաքրքրում, նրանք իրենց պարտականություններն են կատարում: Սահման են պահում: Իսկ մեր սահմանագծի մեծ մասի հարևանությամբ մեր գյուղերն են, ավելին՝ անչափ մոտ թշնամու կրակակետերին: Այդպես է նաև Տավուշի տարածաշրջանի զորամասերից մեկի պատասխանատվության տեղամասում: Հենակետում ծառայություն է իրականացնում պայմանագրային սերժանտ, դիրքի ավագ Արման Նալբանդյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը: Նրանց սուրբ պարտականությունն է նաև հայ գյուղացու անվտանգության ապահովումը: Ուստի հողի աշխատավորի հետ շփումները ամենօրյա են. հետևում են, որ մերոնք սահմանված տեղանքից այն կողմ չանցնեն, պարբերաբար անվտանգության խնդիրների հետ կապված բացատրական աշխատանքներ են տանում: Եվ ամենակարևորը՝ ամեն սահմանապահ զինվոր մշտապես ջանում է ավելի կատարելագործել իր պատրաստվածության աստիճանը՝ դիմակայելու համար ամեն անակնկալ ոտնձգության:
…Զորամասի հրամանատարի տեղակալի հրամանով դիրքի ավագը հենակետը բերեց մարտական վիճակի: Վայրկյաններ անց հենակետի զինանոցը դատարկվեց. յուրաքանչյուրն իրեն ամրակցված զենքով շտապեց դեպի սահմանված կետը, զբաղեցրեց համապատասխան խրամաբջիջը: Շատ ժամանակ չէր անցել, երբ դիրքի ավագը զեկուցեց, որ անձնակազմն անցել է հենակետի շրջանաձև պաշտպանության և պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրը: Արդյունքը գոհացուցիչ էր, բայց միայն այդքանը բավարար չէր. հրամանատարի տեղակալը շրջեց խրամատում, զրուցեց կրակակետերում կանգնած զինվորների հետ, ստուգեց նրանց մասնագիտական իմացության աստիճանը: «Հարցախեղդ» անելը այսպես բացատրեց.
Դիտորդը պարտավոր է իմանալ իր մարտական խնդիրը, տեղանքի ուրվագիծը, դրանցով պետք է առաջնորդվի հրաման կատարելիս: Զենքին տիրապետելու, հեռահարության, մարտավարատեխնիկական տվյալների իմացության մասին էլ չեմ խոսում: Բազում այլ գիտելիքներ են հարկավոր, որոնք իրական մարտի ժամանակ շատ են պետք գալիս: Այդ ամենին մեր զինվորը պետք է տիրապետի և տիրապետում է: Հենց այդ պատճառով ենք մենք գերիշխող դիրքում, դրա շնորհիվ է մեր գյուղացին վստահ գնում իր հողակտորում աշխատանքներ կատարելու:
Ստուգայցն ավարտված է, ազատ հերթափոխի զինվորները վերադառնում են կացարան: Հանգիստ են, ինքնավստահ, զենքերը լիցքաթափում են, հանձնում զինանոց: Ոչ մեկը չի խոսում ուսումնական տագնապի մասին. դա իրենց համար սովորական բան է:
Հենակետում հայտարարված «տագնապին» անտեղյակ, գյուղացին զբաղված է իր աշնանային հոգսերով՝ բերք է հավաքում, նախապատրաստվում է ձմռանը:
Եվ այսպես, իրար կողքի ապրում են ու ծառայում սահմանապահ գյուղացին ու սահմանապահ զինվորականը:
Նրանք խաղաղություն են արարում»:
Արսեն ԱՂԵԿՅԱՆ