Բաժիններ՝

«Հո պասիվ չենք նայելո՞ւ, աճացրեք տնտեսությունը». Հրանտ Բագրատյան

«Չորրորդ տարին է 4-րդ բյուջեն ենք քննարկում, անընդհատ այս արտահայտությունը կա՝ աճի նման տեմպերը պայմանավորված են համաշխարհային տնտեսության վատացմամբ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ 7%-ից սկսած միգրացիան վատանում է: Այսինքն՝ ՀՀ-ին օդի նման անհրաժեշտ է 7% աճ»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ արտագաղթի լավագույն թիվը -3000 է եղել, անցած տարի 50 հազար մարդ է գնացել, այս տարի կարող է 100 հազար գնալ, ինչն աղետ է և նույնիսկ պատերազմի տարիներին նման թվեր չեն եղել: Հ. Բագրատյանի խոսքով՝ մեզ պետք է աճ, որ հակառակ պատկերն ունենանք: Պատգամավորը նշեց, որ աշխարհը մյուս տարի սպասում է 3.8% աճ, որը չտեսնված ցուցանիշ է, Միացյալ Նահանգները կունենա 3.2%, Իրանը` 4.4%, Թուրքիան` 3.5%, Ադրբեջանն ու Վրաստանը՝ 3-ական տոկոս, ԵՄ-ն առաջին անգամ՝ 2.1% աճ, իսկ Ռուսաստանում կա երեք թիվ՝ կապված նավթի գնից՝ 0-3 %. «Ինչո՞ւ հիման վրա ենք մենք ասում, որ թիվը կիջնի: Հո պասիվ չենք նայելո՞ւ, աճացրեք տնտեսությունը: Ինչո՞ւ ենք էսպիսի պարտվողական թիվ դնում: Եթե 2% է, կրկին կարտագաղթեն»:

Հ. Բագրատյանը նշեց, որ էժան փողը «թափած» է աշխարհով մեկ, նման բան նախկինում չէր եղել և հիմա Եվրոպան էլ, Ամերիկան էլ փող են տպում. «1%, 2%-ով փող կա, գնացեք պարտք վերցրեք, 20 տարի առաջ կերազեինք»:

«Հայաստանի համար է վատանում»,- արձագանքեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ նկատելով, որ ԱՄՀ-ն այն գործիքակազմով, ինչ գնահատել է աշխարհի տարբեր երկրների տնտեսական աճերը, նույն գործիքակազմով գնահատել է ՀՀ տնտեսական աճը: Նա ՀՀ համար կարևորեց ԵՄ-ն ու Ռուսաստանը և նշեց, որ եթե այնտեղ վիճակը վատ է, մեզ մոտ չի կարող լավ լինել:

Կարդացեք նաև

Պ.Սաֆարյանը կարևորեց ֆինանսական հոսքերի արդյունավետ կառավարումը, քան թե հարկերի ավելացումը, իսկ բարձր տնտեսական աճը, ըստ նրա, հարկերի ավելացում է նշանակում. «Շատ եկամուտներ դնելը ռիսկային է: Այսօրվա դրությամբ շատ փխրուն է ֆինանսական հոսքերի կառավարումը: Պետք է փորձենք եղածը ձեռքներից բաց չթողնենք»:

«Ես չասացի հարկերի ավելացում,- ուղղեց Հ. Բագրատյանն ու շարունակեց,- Կարելի էր դեֆիցիտն ավելացնել, սա արել եք, լավ է»:

Ըստ պատգամավորի՝ ՌԴ նավթի գնի իջեցումից մենք ավելի շատ եկամուտ պետք է ստանայինք, քան տրանսֆերտներ կորցնեինք: Խնդիրը, Հ.Բագրատյանի կարծիքով, ներդրումներն են և պետք է գնալ ժողովրդական ներդրումների ճանապարհով, ինքնազբաղվածությունը 45% պետք է լիներ, իսկ ՀՀ-ում 10 հոգի է ներդրում անում. «Իշխող վարչախումբը գլոբալ պարտվել է: Փիլիսոփայական մեծ պրոբլեմի առաջ ենք: Չեք կարող օլիգարխներին բերեք, ասեք՝ էսքան ներդրում արեք»:

Հ.Բագրատյանը պարսավեց ԱՄՀ-ի գործունեությունը, որ այդ կառույցը չի ցանկանում ՀՀ-ի լավը, հիմա էլ ներկայացուցիչը շատ կասկածելի տնտեսագիտական գիտելիքներ ունի:

Պ.Սաֆարյանը նկատեց, որ 2.2% աճի թիվը հնարավոր ներդրումների հիման վրա տնտեսության աճի գնահատականն է: Նա համաձայնեց, որ պետք է մտածել նրդրումների ավեացման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս