Բաժիններ՝

ԵՄ-ն ու Թուրքիան պայմանավորվել են ներգաղթյալների հոսքը սահմանափակելու վերաբերյալ

Եվրամիության ու Թուրքիայի ղեկավարները բրյուսելյան գագաթաժողովին համաձայնեցրել են գործողությունների նախնական պլանը, որը կոչված է սահմանափակել Եվրոպա ներգաղթյալների հոսքը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մամլո ասուլիսին հայտարարել է, թե զգում է «զգուշավոր լավատեսություն» ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ:

Այս տարի արդեն 600 հազար ներգաղթյալ է ժամանել ԵՄ ծովային ճանապարհով: Նրանց մեծ մասը, համաձայն Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Եվրոպա է հասնում Թուրքիայի միջոցով:

Համարվում է, որ Թուրքիայում կա մոտ 2 մլն սիրիացի ներգաղթյալ, հիմնականում՝ Սիրիայից:

Ավելի վաղ Թուրքիան դիմել էր ԵՄ-ին՝ 3 մլրդ եվրո օգնության խնդրանքով, որն առաջին հերթին հարկավոր է փախստականների ընդունման կենտրոններ կառուցելու համար, ինչպես նաև խնդրել էր մեղմացնել այցագրային ռեժիմը Եվրոպա այցելել ցանկացող Թուրքիայի քաղաքացիների համար:

Ինչպես հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, օգնությունը Անկարայի իշխանություններին կտրամադրվի մոտ օրերս, իսկ այցագրային ռեժիմի մեղմացումը կարագացվի:

Բրյուսելի գագաթաժողովի մասնակիցները խոստացել են չձգձգել նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հայտը:

Գագաթաժողովի արդյունքներով պարզվել է նաև, որ այս շաբաթվա վերջին Թուրքիա կայցելի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է BBC-ն:
«Մենք դեռ շատ բան պետք է անենք, սակայն մեր բանակցությունները անպտուղ չեն եղել»,- ասել է Մերկելը գագաթաժողովից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս