«Դովլաթովի հինգ անկյունները». պրեմիերա
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա նշանավոր գրող Սերգեյ Դովլաթովի մահվան 25-րդ տարելիցին նվիրված «Դովլաթովի հինգ անկյունները» նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում այս մասին խոսեցին ԱՄՆ-ից Հայաստան ժամանած գրողի այրին՝ Ելենա Դովլաթովան, աղջիկը՝ Եկատերինա Դովլաթովան, ինչպես նաև ֆիլմի հեղինակներ Ազա Բաբայանն ու Վադիմ Դուբնովը:
Հայտնի գրողի մասին պատմող «Դովլաթովի հինգ անկյունները» վավերագրական ֆիլմն ունի նաև գեղարվեստական տարրեր: Ֆիլմը բաղկացած է նախաբանից, վեց տարբեր մասերից և վերջաբանից: Յուրաքանչյուր մաս սկսվում է Դովլաթովի գործերի ընթերցումով, ֆիլմով ներկայացվում է գրողի անտիպ գրքերից մեկը: Ֆիլմում օգտագործվել են արխիվային նյութեր, մասնավորապես՝ Դովլաթովի հարցազրույցներն ու ելույթները, խորհրդային շրջանի կինոկադրեր, հեռուստաժամանակագրություն և այլն: Հանդիպմանը մասնակից ֆիլմի հեղինակ Ազա Բաբայանը պատմեց, որ նկարահանումները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում, Տալինում, Թբիլիսիում, Պսկովում և Նյու Յորքում: «Ֆիլմի գաղափարը ծնվել է մոտավորապես մեկ տարի առաջ: Թեև այն կենսագրական չէ, այնուամենայնիվ, մենք ջանքեր ենք գործադրել հավաքել և ներկայացնել նրա կյանքի բոլոր ժամանակաշրջանները, և այդ գործում մեզ օգնություն են ցուցաբերել ինչպես՝ գրողի այրին, նրա ընտանիքի անդամները, այնպես էլ՝ ընկերները: Այս ֆիլմի միջոցով մենք փորձ ենք արել ներկայացնելու էպոխան և մեծ գրողին՝ այդ էպոխայի մեջ»,- ասաց Ազա Բաբայանը:
Գրեթե 60 րոպե տևողությամբ ֆիլմը ներկայացնում է Դովլաթովի տեղն ու դերը ռուսական մշակույթի խճանկարում և փորձում է բացահայտել գրողի ստեղծագործական ժառանգության յուրահատկությունը: Լրագրողի հարցին, թե ինչքանո՞վ էր Դովլաթովը կապված Հայաստանին, կամ արդյոք նա խոսո՞ւմ էր այս երկրի մասին, գրողի այրին պատասխանեց. «Այո, նա երբեմն խոսում էր Հայաստանի մասին, և դա անխուսափելի էր: Ես հիշում եմ նրա երկար զրույցները մոր հետ՝ հայրենիքի մասին թեմաներով, և առհասարակ նրա մտքերում Հայաստանը հստակ տեղ ուներ»:
Ֆիլմը ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող այն ծրագրի մասն է, որը նպատակ ունի հանրությանը ներկայացնել հայազգի այն գործիչներին, ովքեր ապրել և ստեղծագործել են հայրենիքից հեռու: Ֆիլմի նկարահանմանը մասնակցել է նաև Ազգային կինոկենտրոնը:
Սերգեյ Դովլաթովը (Դովլաթյան) հայ-հրեական ծագումով ռուս գրող է, ծնվել է 1941 թ. սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի Ուֆա քաղաքում: Դովլաթովը մահացել է 1990թ. օգոստոսի 24-ին, Նյու Յորքում։ Դովլաթովի հայրն ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ 1944 թվականից Դովլաթովն ապրել է Լենինգրադում (Այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): 1959 թ. ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին, գրող Սերգեյ Վոլֆը, նկարիչ Ալեքսանդր Նեժդանովը և ուրիշները։ Համալսարանից հեռացվել է վատ սովորելու պատրվակով։ Հետո հաջորդել են բանակային ծառայության 3 տարիները Ներքին գործերի զորքերում, որտեղ նա Կոմիի Հանրապետության Չինյաորկ կոչվող ավանում տեղակայված ուղղիչ գաղութի պահակազորում էր։ Բրոդսկին իր հուշերում գրել է, որ Դովլաթովը բանակից վերադարձավ, ինչպես Հաստլիկը Ղրիմից՝ պատմությունների փաթեթով և փոքր-ինչ զարմացած հայացքով։ Դովլաթովն ընդունվեց ԼՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, աշխատում էր նաև Լենինգրադի Նավաշինական ինստիտուտի «За кадры верфям» պարբերականում, գրում էր պատմվածքներ։Աշխատել է՝ որպես խորհրդային շրջանի ռուս հայտնի գրող Վերա Պանովայի գրական քարտուղար: