ՀԱԿ-ը Ռոբերտ Քոչարյանի հետ վաղուց է համագործակցել. «Ժողովուրդ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար զարմանալի է, երբ ՀԱԿ անդամները հայտարարում են, թե «ՈՉ»-ի ճակատը չի համագործակցում ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հետ։ Ա. Սիմոնյանը վստահեցնում է, որ մի քանի ամիս առաջ ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանի հետ համագործակցությունն արդեն իսկ նշանակում Էր Ռ. Քոչարյանի համակիրը լինել։

– Պար՛ոն Սիմոնյան, արդեն նշանակված է հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6։ Ի՞նչ է անելու Ձեր կուսակցությունն այս ժամանակահատվածում, որո՞նք են Ձեր պլանները, քաղաքական ուժերը հիմնականում արդեն ձեւավորել են իրենց «ոչ»–ի եւ «այո»–ի ճակատները, որտե՞ղ եք լինելու դուք։

-Մենք զբաղվելու ենք մեր կուսակցության հզորացմամբ ու գնալու ենք գալիք ընտրություններին, մենք «ոչ»–ի, սահմանադրական բարեփոխումների, նման բաների հետ կապված որեւէ քաղաքական որոշում չունենք։ Մենք հայտարարել ենք, որ մենք ժողովրդին հիասթափության չենք տանելու, ես անձամբ՝ որպես ՀՀ քաղաքացի, դեմ եմ քվեարկելու, բայց որեւիցե գործողությունների ես չեմ մասնակցելու։ Մենք այդ ամենի մեջ չենք մտնելու, մենք մեր գործն ենք անում։

– Քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի վերադարձի հարցը։ Տեսակետ կա, որ նա նոր քաղաքական թիմով է վերադառնալու։ Երեկ խորհրդարանում Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Ջուրաբյանը այդ թեմայով ասաց. «Քոչարյանի հետ համագործակցության մասին հարցերն արհեստածին են եւ ներդրված են իշխանության քարոզչամեքենայի կողմից, որպեսզի պատասխանելով՝ սկսվեն խայթոցներ, ինչն էլ հնարավորություն կտա իշխանություններին ասել՝ «Ոչ»-ի ճակատում կռիվ է։ Քոչարյանը չկա քաղաքական դաշտում, կա իշխանությունը եւ «Ոչ»-ի ճակատը, ուրիշ խաղացող չկա դաշտում»։ Ո՞րն է այս հարցում Ձեր տեսակետը։

–Նախ, երբ նշվում է, թե Քոչարյանի հետ համագործակցություն չկա, ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու, որպես ժամանակին ՀԱԿ-ի համակիր, մի քիչ զարմանալի է, որովհետեւ եռյակի շրջանակներում այդպիսի համագործակցություն եղել է ինձ համար։ Չի կարելի ասել, որ Գ. Ծառուկյանը, Վ. Օսկանյանը, եռյակի ֆորմատը դա Ռ. Քոչարյանի հետ համագործակցություն չէր։ Ինձ համար զարմանալի էր, որ Լ Զուրաբյանը չի հիշում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ եթե Ռ. Քոչարյանը սկսի պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, իրենք շնորհակալ կլինեն, չգիտեմ՝ այդ շնորհակալությունն ինչ ձեւով պետք է լինի։ Ինձ համար համագործակցությունն արդեն եղել է, եւ ես այդտեղ որեւէ զարմանալի բան չեմ տեսնում։ Եթե հայտարարվում է, որ կա իշխանություն եւ «Ոչ»–ի ճակատ, ապա դա հերթական սխալն է, որովհետեւ ժամանակին շատ ուժեղ շարժումը, որը երկրում կարող էր բան փոխել, այսօր երկու ավտոբուսից ավել մարդ իր կողքը չի կարող հավաքել։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս