Նոր հեռուստասերիալ՝ Հայաստանի էլիտայի մասնակցությամբ

Այսպիսով, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին, այսինքն՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավին մնացել է 2 ամսից պակաս ժամանակ: Այս ընթացքում Հայաստանի հասարակությունը լսելու է «այո»-ի կողմնակիցների խոստումները՝ սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դրախտային երկիր դարձնելու վերաբերյալ, և «ոչ»-ի քարոզիչների սպառնալիքները՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում Հայաստանի՝ դժոխքի վերածվելու մասին: Դրանցից ոչ մեկը, բնականաբար, չի համապատասխանելու իրականությանը:

Քաղաքացիների կյանքը ոչ սահմանադրական փոփոխություններով անմիջապես վերածվելու է վայելքի, ոչ էլ դրանից մարդկանց վիճակն ավելի վատն է դառնալու: Իրականությունն այս երկու ծայրահեղությունների մեջտեղում է ու հանգում է ավելի քան երկու տասնամյակ չարչրկված, սակայն օբյեկտիվ հիմքեր ունեցող այն երևույթին, որ Հայաստանում խնդիրը ոչ թե Սահմանադրության կամ օրենքների ձևն է, այլ դրանց իրագործման «բովանդակությունը»: Այսինքն՝ այն, թե ինչպես են Սահմանադրությունն ու օրենքներն իրացվում գործնական կյանքում: Իսկ դրանք որքան իդեալական են ձևի մեջ, նույնքան ոտնահարվում են բովանդակությամբ, ինչպես գրեթե ամեն ինչ Հայաստանում:

Ու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչությունն այս իրականությունը չի փոխելու, հակառակը՝ դարձնելու է ավելի ցցուն, քանի որ երկու ամիս շարունակ Սահմանադրությունն ու օրենքներն ամենաշատը խախտողները խոսելու են սահմանադրականության ու օրինապահության մասին, իսկ նրանք, ովքեր այսօր չունեն խախտելու հնարավորություն, համոզելու են, որ իշխանության գալու դեպքում իրենք սրբորեն հետևելու են դրանց: Համոզելու են՝ շատ լավ իմանալով, որ իշխանության գալու դեպքում իրենք առնվազն նույնքան անհագուրդ են գտնվելու հակասահմանադրականության ու հակաօրինականության հարցում:

Մի խոսքով, Հայաստանը մտնում է հակասությունների ու հակադրությունների խտացման փուլ, քարոզարշավ, որի ընթացքում քաղաքացին ստանալու է ընդամենը իրականությունից կտրվելու ևս մեկ հնարավորություն, քանի որ երկու ամիս ապրելու է սովորական, այսինքն՝ դաժան իրականության մեջ, բայց լսելու է պայծառ ապագայի մասին գեղեցիկ խոստումներ: Այսինքն՝ քաղաքացիները բացառիկ հնարավորություն են ստանալու՝ ամբողջ երկու ամիս հետևել հեռուստասերիալի ժանրի կանոններով ծավալվող քարոզարշավին…

Սահմանադրությունը Հայաստանում, ցավոք, չի դարձել կյանքի նորմ, այն այդպիսի նշանակություն չունի քաղաքացիների համար, քանի որ այդ Սահմանադրությամբ իշխանություն ստացածների, ավելի ճիշտ՝ այդ Սահմանադրությունը ոտնահարելու ճանապարհով իշխանության եկածների համար առաջին հերթին՝ Սահմանադրությունը գործելու նորմ չէ: Սահմանադրությունը կապ չունի քաղաքացու կյանքի հետ, ու քաղաքացու համար, լայն իմաստով, միևնույն է՝ կառավարման ինչպիսի կարգ է ունենալու երկիրն այդ Սահմանադրությամբ:

Ավելին՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում քաղաքացիների մեծամասնությունը զրկվելու է եկամտի հերթական աղբյուրից: Նախագահին այլևս ընտրելու է Ազգային ժողովը, այսինքն՝ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու ու այդ ընտրություններում այլևս ընտրակաշառք չի բաժանվելու: Իսկ դա քաղաքացիներից շատերի համար Սահմանադրությունից ունեցած միակ «քյարն էր»: Սա, ի դեպ, կարող է լուրջ փաստարկ դառնալ «ոչ»-ի ներկայացուցիչների համար: Շատ ավելի լուրջ փաստարկ, քան իշխանության վերարտադրման, կուսակցական մենիշխանության և այլ քաղաքագիտական տերմիններով համեմված սպառնալիքները:

 

Տեսանյութեր

Լրահոս