Բաժիններ՝

Թուրք վերլուծաբան. «Միջազգային արենայում Թուրքիային ոչ ոք կարևորություն չի տալիս». ermenihaber.am

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Yeniçağ» թերթի սյունակագիր Սավաշ Սուզալը ընդարձակ վերլուծական հոդվածով անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունան իրարահաջորդ ձախողումներին և սպասվող հետևանքներին: Սուզալը հոդվածի սկզբում դիտարկման է առել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»` (ԱԶԿ-AKP) արտաքին քաղաքական դաշտում կատարած քայլերին:

«Հիշում եք` վերջին օրերին Էրդողանի արած պատասխան հայտարարությունները, որոնք հակասում էին Վաշինգտոնի հայտարարություններին: Դրանից անմիջապես հետո Էրդողանը հապշտապ կերպով մեկնեց Մոսկվա: Ի լրումն այս ամենի` Էրդողանը խոսափեց մասնակցել Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին` իր փոխարեն ուղարկելով վարչապետ Դավութօղլուին: Այս ամենը պետք է դիտարկել Սիրիայի խնդրի, Էրդողանի ու ԱԶԿ-ի ապագայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներսում Թուրքիայի ունեցած դիրքի լույսի ներքո»,-նշում է թուրք հոդվածագիրը:

Այնուհետև Սուզալը ընդգծում է, որ Թուրքիայի քաղաքական պատմության մեջ ԱՄՆ-ի աջակցությամբ իշխանության եկած լիդերները, երբ իշխանությունը կորցնելու վտանգ են զգացել, շրջանառության մեջ են դրել «ռուսական խաղաքարտը»` բերելով Ադնան Մենդերեսի, Սուլեյման Դեմիրելի օրինակները, որոնք «ռուսական խաղաքարտը» շահարկելու արդյունքում կորցրել են իշխանությունը: Ըստ Սուզալի` այժմ էլ եկել է Էրդողանի հերթը:

Հեղինակը, վերլուծելով դրդապատճառները, գրում է. «Իմ կարծիքով դրանցից երկուսը մոտեցող ընտրություններն են և այդ թեմայով անցկացված սոցհարցումների պատասխանները, որոնց արդյունքները մեզ հասանելի չեն: Ակնհայտ է, որ մեջլիսի այս արտահերթ ընտրություններն էլ ամենայն հավանականությամբ չեն փրկելու Էրդողանին»:

Սուզալը, նշելով, որ այլևս հնարավոր չէ թաքցնել ԱՄՆ-ի ու Էրդողանի ճանապարհների միմյանցից հեռանալու փաստը, նշում է, որ դրա կարևոր պատճառներից մեկն էլ Սիրիայի հարցում Անկարայի համառությունն է: Վերջինս նշում է, որ անձամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` սիրիական թեմայով հայտարարությունները կարծես արված լինեն հենց ի հակադրություն Անկարայի: Գերմանիան, Ավստրալիան ու Ֆրանսիան և մնացած դաշնակիցները նույնպես այդ հարցում իրենց դիրքորոշումները հեռացնում են Անկարայի մոտեցումներից: Հեղինակի դիտարկմամբ՝ այս պահին, երբ բոլորը պայմանավորվում են առաջիկա տարիներին Ասադի իշխանության ղեկին մնալու հարցում, իրավիճակը բոլորովին այլ է Անկարայի համար:

«Լավ, դարի առաջնորդը (Էրդողան) արդյո՞ք Մոսկվայում հասավ իր նպատակին: Չեմ կարծում: Այն պարագայում, երբ Ռուսաստանը ողջ Արևմուտքին ստիպել է փոխել քաղաքականությունը Սիրիայի հարցում, մի՞թե հնարավոր է, որ դարի առաջնորդն այդ զարգացումներից դուրս մնա, երբ որևէ մեկը նրա կարծիքը չի հարցնում»,- փիլիսոփայական հարց է բարձրացնում հեղինակը:

Ըստ Սուզալի՝ մեկ այլ պատուհաս էին Դավութօղլուի նյույորքյան հանդիպումները, որտեղ Եվրոպայի առաջնորդները նրան հասկացրեցին, որ իրենք պատրաստ են վճարել, որպեսզի Թուրքիան իր տարածքում պահի սիրիացի փախստականներին, սակայն իրենց երկրներում չեն ընդունի վերջիններին: Սուզալի կարծիքով այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիան միջազգային ասպարեզում կորցրել է իր հեղինակությունը ու ոչ ոք Թուրքիային կարևորություն չի տալիս:

«Այս ամենի հետ մեկտեղ ԱՄՆ-ի կենտրոնական բանկը հիմնավոր պատճառ չներկայացրեց տոկոսները բարձրացնելու համար, ինչի արդյունքում թուրքական լիրան արժեզրկվեց դոլարի նկատմամբ: Չնայած թուրքական տնտեսության տեմպերի դանդաղացմանը` նախագահականի ծախսերը չեն նվազում: Եվրոպա, ԱՄՆ և Հարավային ամերիկա տանող ճանապարհները փակ են: Միակ ճանապարհը կամ մարտահրավեր նետելն է, կամ էլ հաշտության եզրեր գտնելը: Ըստ իս` եթե արտառոց բաներ չլինեն, Էրդողանի ժամանակշրջանը չի ձգվի մինչև 2016-ի առաջին եռամսյակ»,- եզրափակում է վերլուծաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս