«Մենք կոչ ենք անում ամենավճռական կերպով խուսափել զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում». ԵԱՀԿ համանախագահներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը լուրջ անհանգստություն են հայտնել քաղաքացիական բնակավայրերի մոտ ականանետների ու ծանր հրետանու օգտագործման կապակցությամբ: Այս մասին ասված է համանախագահների հայտարարության մեջ: «Նման զինատեսակների օգտագործումը հակամարտության անընդունելի էսկալացիա է: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ ընդունում միջազգային սահմանի եւ շփման գծի երկու կողմերի կորուստները: Մենք կոչ ենք անում ամենավճռական կերպով խուսափել զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում»,-հայտարարել են համանախագահները՝ հիշեցնելով, որ Ժնեւի կոնվենցիայի համապատասխան կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքացիական անձանց անվտանգությունը:
Միջնորդները ափսոսանք են հայտնել, որ այդ միջադեպերը տեղի են ունեցել Նյու յորքում հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների համաձայնեցված հանդիպման նախօրեին: «Մենք ակնկալում ենք, որ նախարարները լուրջ երկխոսություն կունենան բռնության ծավալման եւ այն հարցերի շուրջ, որոնք կապված են բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հետ:
Այս պահին մենք չենք կարող վստահաբար որոշել՝ ինչպես է առաջացել բռնությունը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ կողմից հետաքննության մեխանիզմների ուղղությամբ, ինչպես արդեն քննարկել են նախագահները: Մենք կշարունակենք մեր աշխատանքը կողմերի հետ ամենաբարձր մակարդակով՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը եւ կայուն ու խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի հասնել»,-ասված է հայտարարությունում: