««Իսլամական պետությունը» Ռուսաստանի համար սպառնալիք է». Կոնստանտին Կազյոնին
«ՌԴ որոշ մուսուլմանաբնակ ռեգիոններում ԻՊ-ի հետևորդները պայքարում են ազդեցության ընդլայնման համար»,- «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած հայ լրագրողների մասնակցությամբ մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Գայդարի համալսարանի և Ազգային տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի գիտաշխատող, Հյուսիսային Կովկասի հարցերում մասնագիտացած վերլուծաբան Կոնստանտին Կազյոնինը` անդրադառնալով Հյուսիսային Կովկասի առջև ծառացած մարտահրավերներին:
Հարցին, թե հնարավո՞ր է, պայմանավորված Թուրքիայի «զբաղվածությամբ», ավանդաբար ռուսական ազդեցության գոտում` Հյուսիսային Կովկասում, իր ազդեցությունն ընդլայնի Իրանը պատժամիջոցների վերացումից հետո, արձագանքեց, ասելով, որ չի տեսնում այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց միջոցով այսօր Թուրքիան և Իրանը կկարողանային ընդլայնել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասում:
«Դեռևս 1990-ական թթ. Թուրքիան հետսովետական տարածքում իր գործողությունների աջակցությունը ստանում էր թյուրքական ժողովուրդների կողմից: Բայց այսօր Հյուսիսային Կովկասում նման բան անելն իր համար ծայրաստիճան դժվար կլինի: Հյուսիսային Կովկասի մի շարք թյուրքական էթնոսներ այսօր ունեն էթնիկ հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ: Առաջին հերթին դա վերաբերում է Դաղստանի կումիկներին և Կաբարդինո-Բալկարիայի բալկարներին: Բայց նրանք այսօր կենտրոնացած են հողային խնդիրների վրա, որոնցից «Մեծ Թուրանի» գաղափարներին միանգամից անցումը բավականին դժվար կլինի: Երկրորդ հերթին, լինելով ընդդիմադիր տարածաշրջանային իշխանություներին, այդ կազմակերպություններն ու ակտիվիստները իրենց նվիրվածությունն են ընդգծում դաշնային իշխանություններին, ուստի քիչ հավանական է, որ հետաքրքրված կլինեն ինչ որ կերպ քծնել Անկարային»,- ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա ռուսաստանցի վերլուծաբանը կարծում է՝ Հյուսիսային Կովկասում Իրանը դիտարկվում է, որպես շիիական կայսրություն, իսկ Իսլամի այն ուղղությունները, որոնք Հյուսիսային Կովկասում ազդեցություն են ընդլայնում, շիիզմից բավականին հեռու են:
«Եթե խոսենք Թուրքիայի և Իրանի տնտեսական ներկայության մասին, ապա Հյուսիսային Կովկասում այդ ներկայությունն ակնհայտորեն բավարար չէ, որպեսզի դա օգտագործեն քաղաքական գործընթացներում»,- ասաց Կազյոնինը:
Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ «Իսլամական պետության» սպառնալիքից, երբ շուրջ 2000 ռուս մուսուլմաններ միացել են ԻՊ շարքերին, ասաց, որ « ոչ ավանդական իսլամը», իսկ այդ տերմինի ներքո ընդունված է ընկալել իսլամական խմբերին, ՌԴ որոշ մուսուլմանական ռեգիոնների կյանքի վրա անդրադառնում է: « Խոսքը հատկապես Դաղստանի մասին է, թեև ԻՊ հետևորդները բնակչության փոքր տոկոսն են կազմում: ԻՊ-ի համակիրները, իհարկե, մեծամասնություն չեն կազմում նույնիսկ ոչ ավանդական իսլամ բնակչություն ունեցող ռեգիոններում, սակայն մի շարք անուղղակի նշաններով, պայքարում են նրանց շարքում ազդեցության համար: Հենց միայն այս պատճառով ԻՊ-ը սպառնալիք չհամարել անհնար է»,- նկատեց Կոնստանտին Կազյոնինը: