Հասարականությունը մարդու մեջ տեսնում է այն ամենը, ինչը նա չունի և շատ հազվադեպ գնահատում նրա իրական ունեցած արժանիքները. Օռնելա Մուտի
«Ոսկե Ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր դերասանուհի Օռնելա Մուտին (Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլին) Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում հանդիպեց մամուլի ներկայացուցիչների ու երկրպագուների հետ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում և լեփ-լեցուն դահլիճում: Հանդիման ընթացքում դերասանուհին կիսվեց Հայաստանից ստացած տպավորություններով, նրան առավել տպավորել է Վարդավառի տոնը, մարդկանց ուրախ դեմքերն ու իր նկատմամբ երկրպագուների չափազանց ջերմ վերաբերմունքը: Ի դեպ, դերասանուհին նշեց, որ ինքը նույնպես չի խուսափել Վարդավառի ջրային շիթերից, որն, ըստ նրա, բավականին զվարճալի էր:
Օռնելա Մուտին ծնվել է 1955 թ. մարտի 9-ին Հռոմում: Հանդիպման ընթացքում դերասանուհին պատմեց, որ հայրը նեապոլիտանացի էրմայրը՝ Էստոնիայից: Մորական կողմից դերասանուհու մեծ ծնողները ազգությամբ ռուս են եղել: Ասուլիսի ընթացքում դերասանուհին պատմեց իր առաջին լուրջ՝ ռեժիսոր Դամիանո Դամիանիի «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի մասին, որտեղ իր մարմնավորած կերպարը` պարզ մի աղջիկ, իր մեջ քաջություն է գտել և դեմ է դուրս եկել հին սիցիլիական բիրտ սովորույթին, ըստ որի` առևանգված աղջիկը անպայման պետք է ամուսնանա իրեն առևանգողի հետ, եթե նույնիսկ նրան չի սիրում:
Տարբեր տարիներին դերասանուհին նկարահանվել է ռեժիսոր Մարիո Մոնիչելլիի «Ժողովրդական սիրավեպ», Ֆրանչեսկո Ռոզիի «Հայտարարված մահվան քրոնիկոնը», ռեժիսոր Մարկ Հոջեսի և պրոդյուսեր Դինո դե Լաուրենտիսի «Ֆլեշ Կորդոն», ռեժիսոր, հեղինակային կինոյի վարպետ Ֆոլքներ Շլյոնդորֆի «Սվանի սեր» և այլ ֆիլմերում:
Դերասանուհին նշեց, որ իր համար առանձնահատուկ կարևոր ու հիշարժան են այն ֆիլմերը, որոնցում ինքը հանդես է եկել երգիչ, դերասան Ադրիանո Չելենտանոյի հետ: Այդ կինոնկարները Մուտիի խոսքով՝ առանձին էջ են իր ստեղծագործական կենսագրության մեջ: Հանդիպման ընթացքում դերասանուհին խոսել է երջանկության գաղափարի իր ընկալման, հասարակական կարծիքի մասին, որտեղ, ըստ դերասանուհու, հաճախ մարդու մեջ տեսնում են այն ամենը, ինչը նա չունի, և շատ հազվադեպ գնահատում նրա իրական ունեցած արժանիքները:
Հանդիպման ավարտին Օռնելա Մուտին հյուրասիրվեց հայկական օրհնված ծիրանով:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողության ընթացքում Օռնելա Մուտին պարգևատրվել է «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակով: