«ԵԽԽՎ որոշ անդամներ համառորեն առաջ են մղում Ադրբեջանի ժառանգական ռեժիմի օրակարգը». Հ. Նաղդալյան
Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել քննարկում ԵԽԽՎ բյուրոյի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ով իր ելույթը գրավոր ներկայացրել է ԵԽԽՎ-ին՝ կոչ անելով Վեհաժողովին իր ընդունած որոշումներով պահել գործընկերության ոգին , ինչպես նաև, չսրել իրավիճակը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.
«Հարգելի գործընկերներ,
Հաշվի առնելով Եվրոպայի մարդու իրավունքների Դատարանի կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության հարցերում, հարկ եմ համարում արձագանքել դատավորների ընտրության վերաբերյալ Հայաստանին առնչվող գործընթացին և անհիմն տեղեկատվության և մեղադրանքների տարածմանը: Խորհրդատվական խմբի և դատավորների ընտրության համար պատասխանատու ԵԽԽՎ հանձնաժողովի իմաստությանը և ազնվությանը կասկածելը անպատշաճ է և հարցականի տակ է դնում ընտրության ողջ գործընթացը: Վերոհիշյալի լույսի ներքո` ընդունել ցանկացած մեղադրանք հայ թեկնածությունների ազնվության դեմ՝ առանց պնդումների պատշաճ քննության, սահմանված կանոնների եւ ընթացակարգերի համապատասխանության, նշանակում է կասկածի տակ դնել և ստվերել արդարության և արժանիքների վրա հիմնված որոշումների կայացման գործընթացը:
Մեկ այլ խնդիր, որն ուզում եմ բարձրացնել այսօր՝ Վեհաժողովում անցանկալի իրավիճակն է, երբ այն վերածվում է առճակատման և փոխադարձ մեղադրանքների հարթակի: Այս վարքագիծը չի համապատասխանում մեր կազմակերպության բնույթին և գաղափարախոսությանը: Վեհաժողովը կոչված է կամուրջներ կառուցելու պատվիրակությունների, հասարակությունների և ժողովուրդների միջև, փոխվստահության մթնոլորտ ստեղծելու: Մինչդեռ որոշ անդամներ համառորեն առաջ են մղում Ադրբեջանի ժառանգական վարչակարգի օրակարգը:
Ավելի քան 20 տարի է արդեն, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշել է իր ճակատագիրը խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական հանրաքվեով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և օրենսդրությանը համապատասխան :
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 2015 թ. մայիսի 3-ին անցկացրել է իր թվով վեցերորդ խորհրդարանական ընտրությունները՝ անկախացումից ի վեր: Ընտրություններին մասնակցել են օրենսդիր մարմինը ներկայացնող միջազգային դիտորդներ բազմաթիվ երկրներից: Նրանց վերջնական գնահատականը հայտարարում էր , որ ընտրությունները թափանցիկ էին, մրցակցային և արդար:
Ինչ վերաբերում է խաղաղ կարգավորմանը, տեղին կլինի Վեհաժողովին հիշեցնելը, որ միանալով Եվրոպայի խորհրդին, Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը՝ միայն խաղաղ ճանապարհով: Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության ոգուն, որը նաև արտացոլվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունած մի շարք հայտարարություններում, այն է՝ կարգավորել հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Վեհաժողովի ներդրումը կարող է լինել՝ հետագա աջակցությունը Մինսկի խմբին: Վեհաժողովը կարող է նախաձեռնել անմիջական շփումներ Լեռնային Ղարաբաղի հետ՝ անկախ իր կարգավիճակից, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների եւ օրենքի գերակայության խթանմանը: Եվրոպայի խորհուրդը նմանատիպ փորձ ունի այլ հակամարտող գոտիներում: Եվրոպայում յուրաքանչյուր ոք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանության տակ պետք է լինի»: