Ադրբեջանի ՊՆ-ն զինվորների մահերը թաքցնում է. Ուզեիր Ջաֆարով
Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը պնդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Բաքվի Եվրոպական խաղերի ու գեներալիտետի հեղինակության պատճառով թաքցնում է 1 շաբաթում միանգամից 3 ադրբեջանցի զինվորի կորուստը:
«Ազադլըգ» թերթը վրդովմունք է հայտնում, թե ինչու է Ադրբեջանի ՊՆ-ն լռություն պահպանում ու չի արձագանքում մամուլի հրապարակումներին:
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ Ուզեիր Ջաֆարովը նշում է, որ դա երկրի պաշտպանական գերատեսչության գիտակցված դիրքորոշումն է:
«Աշխատում են մինչև հունիսի 26-ը չփչացնել մթնոլորտը բանակից ստացված վատ նորություններով, քանի որ նախատեսվում է գեներալի կոչում շնորհել ավելի քան 10 զինվորականի: Նրանց թվում կան նաև այնպիսիք, ում անունը շրջանառվում է կոռուպցիոն սկանդալներում: Այդ պատճառով էլ պաշտպանության նախարարությունը նման կեցվածք է որդեգրել»,-հայտարարել է Ջաֆարովը:
Ռազմական փորձագետը չի բացառել, որ ադրբեջանական բանակում զոհերի առկայությունը թաքցնելու պատճառը կարող են լինել ներկայում Բաքվում ընթացող Եվրոպական խաղերը:
«Ազադլըգ» թերթը հիշեցնում է, որ օրերս Թովուզի Գարալար գյուղում գտնվող զորամասում Թափդըգով ազգանունով զինվոր էր ինքնասպան եղել: Եվս մեկ զինվոր, որը ծառայում էր Գեդաբեկի շրջանում տեղակայված զորամասում, կախվել էր: Ավելի վաղ 18-ամյա Էլվին Էթիբար օղլու Դերվիշևը մահացել էր ու թաղվել հայրենի Կատեխ գյուղում: