Վարկատուների հետ համաձայնություն դեռ չկա. Հունաստանի վարչապետ
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/150606001231_tsipras_624x351_epa.jpg)
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը «երկրի խեղդում» է անվանել միջազգային վարկատուների այն պայմանները, որ վերաբերում են հունական պարտքի վճարման կարգին ու Աթենքին հետագա ֆինանսական օգնության տրամադրման փաստին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երեկ նա երկրի խորհրդարանում հանդես է եկել 30 րոպեանոց ելույթով` հաշվետվություն ներկայացնելով Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի ու եվրոգոտու ֆինանսների նախարարների կոմիտեի նախագահ Ջերոյն Դյուսելբլոմի հետ իր բանակցությունների արդյունքի մասին:
Ցիպրասը իր դիրքորոշումն անվանել է «ռեալիստական», իսկ պարտքերը վերադարձնելն ու ծախսերի վրա խնայողություններ կատարելը` «երկրի խեղդում» ու «ժողովրդի ստորացում», ինչը, նրա խոսքով, հակասում է «Եվրոպայի հիմնարար սկզբունքներին»:
Իշխող «Սիրիզա» կուսակցության խմբակցության մի մասը դեմ է հանդես գալիս ցանկացած փոխզիջման, ինչով Ցիպրասին դնում է քաղաքական ծանր վիճակի մեջ: