Բաժիններ՝

«Բավականին լավ կեղծում են տուփն էլ, դեղն էլ». Մանվել Բադեյան

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավոր Մանվել Բադեյանը նշեց, թե ԱՆ-ին հատկացված բյուջեի 2.8%-ն էր ուղղված բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ ձեռք բերելուն, մինչդեռ, ըստ նրա, ակնհայտ է, որ ՀՀ-ի ետ մնալը միջազգային ստանդարտներից ամենից առաջ այդ ոլորտում է, որտեղ չունենք համապատասխան սարքավորումներ:

«Ուղղակի ծախսերը առողջապահության ոլորտում այդքան կապված չեն հիմնական ցուցանիշների հետ: Օրինակ՝ հիմնական ցուցանիշներից կյանքի տևողությունը մենք մեկ շնչին ծախսում ենք 150 դոլար և ապրում ենք 74.5 տարի, ԱՄՆ-ն ծախսում  9000 դոլար ու ապրում են 79 տարի, Ճապոնիայում, որը կեսն է ծախսում՝ 4.5 հազար դոլար, ապրում են 84 տարի»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Մարդու ապրելը բժշկության հետ կապ չունի, մենք դա գիտենք»,- նկատեց Մ.Բադեյանը:

Նախարարը տարանջատեց պարագաների ու դեղորայքների հարցը և նշեց, որ բժշկական տարբեր կենտրոնների կառուցման արդյունքում կարելի է համեմատվել ստանդարտների հետ: Դեղորայքի ու դրա որակի մասին Ա.Մուրադյանը նշեց, որ անցած տարվա աշխատանքները բերել են դրական արդյունքների:

Ըստ նրա՝ հոգեմետ դեղերի 13 անուն գնվում է 150 մլն դոլարով, ընդվզում կար և որակական նոր հաջողություն էր պետք, և փոփոխությունների հասան, առանց գին բարձրացնելու այժմ որակի անհրաժեշտ մակարդակ կա: Նրա խոսքով՝ 908 մլն դրամ է ծախսվում ինսուլինի համար, 3-4 ամսվա պաշար կա երկրում:

«Դեղորայքային որակի հետ կապված հաջողություններ ենք արձանագրել անցած տարի»,- հավաստիացրեց Ա.Մուրադյանը:

Նա նշեց, որ դեղորայք ներմուծելիս շատ խիստ լաբորատոր քննություն է իրականացվում, հատկապես եթե եվրոպական երկրներում գրանցված չի դեղը, զննվում է տուփն ու դեղը:

Մ.Բադեյանը նկատեց, որ բավականին լավ կեղծում են տուփն էլ, դեղն էլ:

Նախարարի խոսքով՝ ֆիզիկական ու քիմիական հատկությունների մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարվում, մի քանի հիմնական մոդուլով է կատարվում ստուգումը՝ կենսահամարժեքության, վարչական, անվտանգության և այլն. «Ամենախիստ և ամնաբարձր սկուզբունքներով է աշխատում դեղգործակալությունը: Շուկայում կեղծ դեղորայքի առկայությունը ստուգում է ԱՆ նոր վարչությունը, դեղերի մասին նոր օերնքով ավելի շատ հարցեր  են կանոնակարգվել և խիստ կլինի անվտանգության տեսակետից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս