Որպես թարգմանիչ հրավիրված կինը եղել է ալկոհոլի ազդեցության տակ
2014 թվականի մայիսի 23-ին անհայտ անձի կողմից Գաբրիել Մ.-ի հողամասին հարակից բեռնատարի չօգտագործվող կցորդի տակ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի հասնող «մարիխուանա» տեսակի թմրամիջոց պահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և շուրջ 10 ամիս կատարվել նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործով անցնող Շիրակ Կ.-ն չի տիրապետել հայերեն գրավոր լեզվին: Շիրակ Կ.-ն հայտնել է, որ ոստիկանության բաժնում իրենից բացատրություն վերցնելու ժամանակ որպես թարգմանիչ հրավիրված կինը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց թարգմանություն կատարելու ստորագրել է կազմված արձանագրության տակ և հեռացել:
Արդյունքում օպերլիազորը ճիշտ չի արձանագրել իր հայտնած հանգամանքները, իսկ քրեական գործը քննող քննիչի կողմից կատարված բոլոր քննչական գործողություններին թարգմանիչ չի մասնակցել: Բացի այդ, լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու ժամանակ ընթերակաները չեն մասնակցել քննչական գործողությանը, այլ, ստորագրելով արձանագրության տակ, հեռացել են:
Հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն